«Շանթ 2015». «Լեռնային Հայաստան»-ում խաղարկվեց Տավուշի և Լոռու մարզերից տարհանվածների ընդունման սցենարը

«Շանթ 2015». «Լեռնային Հայաստան»-ում խաղարկվեց Տավուշի և Լոռու մարզերից տարհանվածների ընդունման սցենարը

Հայաստանի Հանրապետությունում շարունակվում են «Շանթ 2015» հրամանատարաշտաբային զորավարժությունները, որի շրջանակներում Դիլիջանի «Լեռնային Հայաստան» առողջարանում խաղարկվեց ռազմական իրադրության և աղետների ժամանակ տարհանվածների ընդունման սցենարը:

ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի տեղակալ, մայոր Սամվել Հովսեփյանը զորակոչը լուսաբանող լրագրողներին հայտնեց, որ «Լեռնային Հայաստան» առողջարանը գործում է շուրջ տարին, այն ցանկացած րոպե պատրաստ է պատերազմի կամ աղետների ժամանակ ընդունել Տավուշի և Լոռու մարզերի տարհանված բնակչությանը:

«Առողջարանը կծառայի որպես կացարան և հոսպիտալ: Այն հագեցած է բոլոր անհրաժեշտ բուժական պարագաներով, դեղորայքով և բուժանձնակազմով: Առողջարանի հոսպիտալն առաջին օգնություն է ցուցաբերելու տարհանվածներին` նրանց ուղղորդելով հարակից մասնագիտացված հոսպիտալներ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց մայոր Սամվել Հովսեփյանը: Մայորն ընդգծեց, որ իրենք արտակարգ իրավիճակների համար ունեն նախապես մշակված սցենարներ, որոնցով առաջնորդվելու են իրադրությունից ելնելով:Ֆիզիոթեապևտիկ բաժնի պետ Արթուր Մխիթարյանը տեղեկացրեց, որ առողջարանում կան բոլոր ֆիզիոթերապևտիկ սարքավորումները:

«Առողջարանը հագեցած է ֆիզիոթերապևտիկ, սարքավորումներով, լազերային ապարատով, առողջարանային բուժման համար նախատեսված սարքավորումներով, ինչպես նաև անձեռնմխելի դեղորայքի պաշարով, որը պարբերաբար թարմացվում է»,- հայտնեց Մխիթարյանը:

Հայաստանում մեկնարկել են «Շանթ 2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները: Համապետական նշանակության «Շանթ 2015» զորավարժությունը պլանային բնույթի է և նպատակաուղղված է պաշտպանությանը պետության անմիջական նախապատրաստության և ագրեսիայի հետմղման ընթացքում պետական և ռազմական կառավարման մարմինների զորահավաքային նախապատրաստության, պատրաստականության բարձր աստիճանների բերման ունակության վերստուգմանը, փոխգործակցության և գործողությունների ներդաշնակության մակարդակի բարձրացմանը:

Հաշվի առնելով Հայաստանի շուրջ և մերձատարածքում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը` զորավարժության սցենարում առկա մտացածին հակառակորդը և իրավիճակն առավելապես համապատասխանեցված են իրականությանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում