«Ամերիկայի Ձայն». Ջ. Ուորլիք. Եկել է խաղաղության ժամանակը. ողջունում ենք ՌԴ-ի ներգրավումը (տեսանյութ)

«Ամերիկայի Ձայն». Ջ. Ուորլիք. Եկել է խաղաղության ժամանակը. ողջունում ենք ՌԴ-ի ներգրավումը  (տեսանյութ)

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի Միացյալ Նահանգների համանախագահ դեսպան Ջեյմս Ուորլիքի հարցազրույցը «Ամերիկայի Ձայնին»:

– Դուք վերջերս սոցիալական ցանցերում հարց եք բարձրացրել, թե արդյոք Հայաստանում եւ Ադրբեջանում կգտնվեն նոր Աբրահամ Լինքոլններ, որոնք խաղաղություն կբերեն: Արդյո՞ք դա նշանակում է, թե ժողովուրդները պատրաստ չեն խաղաղությանը եւ այն պետք է հարկադրվի նրանց:

– Ուրախ եմ կրկին անգամ ձեզ հանդիպել Պետքարտուղարությունում: Շնորհակալություն ինձ Թվիթերով հետեւելու համար եւ հույս ունեմ, որ դուք ինձ կհետեւեք նաեւ Ինստագրամում, որտեղ ես սկսել եմ լուսանկարներ տեղադրել: Ես նախատեսում եմ այնտեղ տարածաշրջան կատարած այցերի լուսանկարները տեղադրել:

Հավատում եմ, տարածաշրջանի ժողովուրդները պատրաստ են խաղաղությանը, սակայն արդյոք առկա՞ է քաղաքական կամք՝ բանակցությունների միջոցով կարգավորմանը հասնելու համար:

Ես չեմ ցանկացել համեմատություններ անել Աբրահամ Լինքոլնի եւ տարածաշրջանում որեւէ մեկի միջեւ, սակայն, առաջնորդների կողմից քաղաքական կամք կպահանջվի, որպեսզի որոշեն, որ ժամանակն է եկել խաղաղության եւ մենք՝ համանախագահներս, Միացյալ Նահանգները, ցանկանում ենք օգնել բանակցությունների միջոցով հասնելու կարգավորմանը եւ տեւական խաղաղության հաստատմանը: Ժամանակը  եկե՛լ է, եւ ես հավատում եմ, որ մարդիկ կողջունեն բարգավաճումը, որն այն տարածաշրջան կբերի խաղաղությունը: Տարածաշրջանն՝ ինքը կփոխվի, եթե մեզ հաջողվի խաղաղ կարգավորման հասնել:

 – Ավելի վաղ առաջնորդները պարտավորվել էին շարունակել բանակցային գործընթացը: Արդյո՞ք այն շարունակվում է եւ արդյո՞ք երկու նախագահների հանդիպում տեղի կունենա:

– Երկու նախագահներն էլ մեզ ասել են, որ իրենք ցանկանում են արագացնել բանակցությունները, եւ մենք դա ողջունում ենք: ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի շրջանակներում մենք երկու արտգործնախարարներին կհանդիպենք, եւ կնախապատրաստենք այս տարվա վերջում նախագահների հանդիպումը: Այնպես որ, մենք պատրաստվում ենք արտգործնախարարների հետ մանրամասներ քննարկել եւ աշխատել նախագահների սպասվող հանդիպման օրակարգի շուրջ:

– Այս տարի շփման գծում գրանցված բռնությունների աստիճանը հատկապես էր սրվել: Դա ինչի՞ հետ է կապված:

– Մենք շատ մտահոգված ենք  վերջին դեպքերի կապակցությամբ, որոնք իրոք սաստկացան տարվա սկզբին: Փաստորեն, հունվարը հրադադարի հաստատումից ի վեր ամենամահացու ամիսն էր: Բարեբախտաբար դրան հաջորդեց որոշակի խաղաղ ժամանակաշրջան, սակայն այժմ մենք տեսնում ենք, որ լարվածությունը վերադառնում է:

Երբ ես ստանձնեցի համանախագահի պաշտոնը, վտանգը բխում էր դիպուկահարների կողմից, որոնք, շփման գծի երկու կողմերում տեղակայված, միմյանց էին կրակում: Մարտավարությունը, սակայն, փոխվել է. այժմ հարձակումներ են տեղի ունենում, ականանետեր եւ այլ ծանր հրետանի է օգտագործվում, եւ ցավոք մենք ականատեսն ենք լինում քաղաքացիական անձանց կորուստների: Դա անընդունելի է, եւ մենք պնդում ենք, որ  կողմերն անեն ամեն ինչ՝ այս կորուստներից խուսափելու համար:

Այս կապակցությամբ, կարեւոր է խաղաղ կարգավորմանը հասնել, որպեսզի մենք վերջապես տարածաշրջանում խաղաղություն հաստատենք:

– Կա՞ն արդյոք հավելյալ միջոցներ, որոնք կարող են ձեռնարկվել հրադադարի խախտումից խուսափելու համար:

– Մենք աջակցում ենք վստահության ամրապնդմանն ուղղված բոլոր միջոցները  եւ ցանկանում ենք աշխատել կողմերի հետ այդ ուղղությամբ: Մենք երկար ժամանակ աջակցել ենք ԵԱՀԿ-ի շրջանակներում հետաքննության մեխանիզմների ներդրմանը, եւ հույս ունենք, որ Ադրբեջանն այդ հետաքննության մեխանիզմը ճանաչելու միջոց կգտնի։ Սակայն մենք, որպես համանախագահներ, եւ Միացյալ Նահանգները՝ մասնավորապես,  պատրաստ ենք աշխատել կողմերի հետ մարդկանց միջեւ համագործակցության ծրագրերի ուղղությամբ եւ վստահության ամրապնդման ծրագրերի շուրջ:

– Հաշվի առնելով Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ հակասությունները՝ արդյո՞ք դեռեւս կարո՞ղ է համագործակցություն տեղի ունենալ Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջեւ Մինսկի խմբի շրջանակներում:

– Ինչպես տեղյակ եք, մեր եւ Մոսկվայի միջեւ բազմաթիվ լարվածություններ կան, սակայն, Լեռնային Ղարաբաղը դրանցից մեկը չէ: Մենք պատրաստակամ ենք Ռուսաստանի հետ համագործակցել՝ Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման հայթայթման ուղղությամբ: Ես սերտ համագործակցում եմ Ռուսաստանի իմ գործընկերոջ եւ  Ֆրանսիայի իմ գործընկերոջ հետ։  Եվ մենք հանդիպում ենք երես առ երես: Մենք ողջունում ենք Ռուսաստանի ակտիվ ներգրավումը կարգավորման հայթայթման գործընթացում:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքի  տեսանյութում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում