Տեր Կիրակոս աբեղա Դավթյանը նշանակվել է Գեղարքունիքի թեմի առաջնորդական տեղապահ

Տեր Կիրակոս աբեղա Դավթյանը նշանակվել է Գեղարքունիքի թեմի առաջնորդական տեղապահ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Կիրակոս աբեղա Դավթյանը, ազատվելով Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում ստանձնած պարտականություններից, նշանակվել է Գեղարքունիքի թեմի առաջնորդական տեղապահ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

Տ. Կիրակոս աբեղա Դավթյանը (ավազանի անունը` Գևորգ) ծնվել է 1982թ. մայիսի 20-ին, Թբիլիսիում: 1989-1999թթ. սովորել է տեղի թիվ 104 միջնակարգ դպրոցում: 1999-2004թթ. սովորել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում: 2005թ. նոյեմբերին պաշտպանել է ավարտաճառ` «Հայ-վրացական եկեղեցական բաժանման վավերագրերը» թեմայով: 2005-2006թթ. աշխատել է Մայր Աթոռի «Գարեգին Ա» աստվածաբանական-հայագիտական կենտրոնում: 2005թ. փետրվարի 5-ին, ձեռամբ Գերաշնորհ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանի, ձեռնադրվել է կուսակրոն քահանա` վերակոչվելով Կիրակոս աբեղա:

2005-2008թթ. ծառայության է կոչվել Վիրահայոց թեմում` որպես Բաթումիի Ս. Փրկիչ եկեղեցու հոգևոր հովիվ: 2008-2012թթ. սպասավորել է Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմում` որպես Մելբուռնի Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ: 2013-2015թթ., որպես փոխառաջնորդ, ծառայել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում