Հայ Առաքելական եկեղեցու թեմերի առաջնորդները օրհնված Մյոռոնի սրվակներ տարան իրենց թեմեր

Հայ Առաքելական եկեղեցու թեմերի առաջնորդները օրհնված Մյոռոնի սրվակներ տարան իրենց թեմեր

Ամենայն Հայոց կաթողիկոսի ձեռամբ` Հայ Առաքելական եկեղեցու նվիրապետական աթոռների և թեմական առաջնորդներին հանձնվեցին օրհնված Մյուռոնի սրվակներ: «Ալեք և Մարի Մանուկյան» Գանձատանը տեղի ունեցած արարողությամբ ազդարարվեց Մյուռոնօրհնեքի միջոցառումների ավարտը: Ստանալով Սրբալույս Մյուռոնը թեմական առաջնոդները կուղևորվեն իրենց թեմեր, իսկ առաջիկա կիրակի օրերին կկատարեն ջրօրհնեքի արարողություն` հավատավոր ժողովրդին հասու դարձնելով Մյուռոնի շնորհներին:

Ինչպես լրագրողների հետ զրույցում հայտնեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Տեր Արշակ եպիոսկոպոս Խաչատրյանը եկեղեցին ունի 37 թեմ և 3 նվիրապետական աթոռ, որոնց բաշխվեց օրհնված Մյուռոնը: «Առաջիկա կիրակիներին նախատեսված է առաջնորդանիստ եկեղեցիներում ջրօրհնեքի արարողություն կատարել, որպեսզի հավատացյալները հնարավորություն ստանան օրհնված ջրի միջոցով հաղորդակից լինել Մյուռոնին»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Արշակ եպիոսկոպոս Խաչատրյանը:

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարգեին Երկրորդն էլ փառք ու գոհություն բարձրացրեց առ Աստված, ում կամոք կատարվեց Մյուռոնօրհնեքի սրբազան արարողությունը: «Այս տարին հատկանշական է կարևոր իրադարձություններով:

Մենք կատարեցիք Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասումը, և մեր սուրբ նահատակների բարեխոսության հայցով կատարեցինք Սրբալույս Մյուռոնի օրհնությունը, որ տեղի է ունենում ամեն 7 տարին մեկ անգամ: Այն հոգևոր նորոգության, վերածնության խորհուրդ է պարունակում և մթնոլորտը: Մեր հավատացյալների խանդավառ մասնակցությունը, որ աշխարհի տարբեր կող մերից ժամանել էին իրենց աղոթքով միանալու հոգևորական դասին, վկայությունն են այդ հոգևոր վերածննդի, այդ զարթոնքի»,-շեշտեց կաթողիկոսը:

Նա վստահաբար նշեց, որ աշխարհասփյուռ հայերն անհամբերությամբ սպասում են, թե երբ են իրենց թեմերի առաջնորդները Սրբալույս Մյուռոնը տանելու թեմեր ու այնտեղ կազմակերպելու ջրօրհնեքի արարողություն, որպեսզի հավատացյալները կարողանան արժանանալ Մյուռոնի շնորհներին: «Ես վստահ եմ, որ նաև մեր եկեղեցականները նորոգված հոգով պիտի վերադառնան իրենց թեմեր` շարունակելով իրենց առաքելությունը Հայ Առաքելական մեր Սուրբ եկեղեցու կյանքում: Մենք մեր աղոթքն ենք առ Աստված բարձրացնում` հայցելով, որ Տերը զորացնի մեզ, որպեսզի հավատավոր մեր զավակների սպասումներն իրագործենք ու հոգեևոր մխիթարություն բերենք յուրաքանչյուրին»,-ասաց Գարեգին Երկրորդը:

Վեհափառը կարևորեց սեպտեմբերի 29-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մուտքի մոտ Ապարանից վանքի երկու խաչքարերի կանգնեցումն ու օծումը որպես ուխտի խաչքարեր: «Յուրաքանչյուր այցելու, հաղորդ դառնալով այդ խաչքարերի խորհրդին, ծանոթանալով դրանց պատմությանը, իր մեջ ոչ միայն պետք է զգա այդ ոճրի ահավորությունը, այլ ուխտ կատարի, որ իր կարելիության սահմաններում ձեռնարկի ամեն ինչ, իր ներդրումը բերի, որ աշխարհում կանխվեն նմանատիպ ոճիները: Ահա այս մտածումը, այս խորհուրդը ունեինք մեր մտքում, երբ կանգնեցրեցինք ուխտի խաչքարերը»,-ավելացրեց Վեհափառը:

Նա շնորհակալություն հայտնեց բոլորին, ովքեր իրենց լուման բերեցին, որ Մյուռոնօրհնեքի արարողություններն անցնեն լավագույնս կազմակերպված:

Հետևեք մեզ նաև Telegram-ում