Դավութօղլուն ուղղորդում է թուրք լոբբիստներին` չդադարեցնելու հակահայկական գործունեությունը

Դավութօղլուն ուղղորդում է թուրք լոբբիստներին` չդադարեցնելու հակահայկական գործունեությունը

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, ով այս օրերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայի 70-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Նյու Յորքում է, հանդիպում է ունեցել տեղի թուրքական համայնքի ներկայացուցիչների հետ: Waldorf Astoria հյուրանոց ունեցած ելույթի ժամանակ Դավութօղլուն շնորհակալություն է հայտնել բոլոր այն թուրքերին, ովքեր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը` ապրիլի 24-ին «ցեղասպանությունը ժխտող հանրահավաքներ են անցկացրել»: Վերջինս կոչ է արել նաև պայքարել հայկական սփյուռքի և լոբբիստական կառույցների դեմ:

Հատկանշական է` Դավութօղլուն մեկ անգամ չէ, որ ԱՄՆ-ի հայկական սփյուռքն անվանել է Թուրքիայի սփյուռք` նկատի ունենալով այն հանգամանքը, որ ժամանակին ԱՄՆ-ը տեղափոխվածները հիմնականում նախկին Օսմանյան կայսրության քաղաքացիներ են: Սակայն ներթուրքական լսարանի համար հայկակական սփյուռքն, անշուշտ, հիմնական թշնամիներից է:

Այսօր ԱՄՆ-ի հայկական լոբբիստական կառույցները համարվում են ուժեղագույններից, որոնց գործունեությանը հակազդելու համար Թուրքիան բավարար չափով կազմակերպված ու համախմբված մարմիններ չունի ԱՄՆ-ում: Թուրքական սփյուռքը հիմնականում գործում է հրեական լոբբիստական կառույցների աջակցությամբ, իսկ հաճախ վարձվում են նաև ամերիկյան կազմակերպություններ:

Ներկա պահին Թուրքիայի համար այս տեսանկյունից բավականին մեծ դժվարություններ են առաջացել: Մի կողմից Թուրքիայի նախագահի հակահրեական կոչերը, որոնք բացասական են ազդում թուրք-հրեական լոբբիսների հետ համագործակցության վրա, իսկ մյուս կողմից Էրդողանի գործունեության հետևանքով թուրքական կառավարությունը զրկվել է նաև Ֆեթուլլահ Գյուլենի աջակցությունից:

Հաշվի առնենք, որ թուրքական լոբբիստական կազմակերպությունները ևս միմյանց հետ հաճախ հակասություններ են ունենում, որը հանգեցնում է պառակտվածության: Շաղկապված լինելով Թուրքիայի քաղաքական ուժերի հետ` թուրքական սփյուռքի միությունները շատ զգայուն են այդ նույն քաղաքական կազմակերպությունների միջև հակասությունների նկատմամբ, և բուն Թուրքիայում քաղաքական անհամաձայնությունները հայելային կերպով անդրադառնում են թուրքական սփյուռքի միությունների հարաբերությունների վրա: Սա նաև վկայում է թուրքական սփյուռքի` Անկարայից հեռակառավարվելու մասին:

Ըստ առկա տվյալների, ներկայում ԱՄՆ-ում բնակվող մոտ 300 հազար թուրքերից 50-80 հազարն է, որ ԱՄՆ քաղաքացի է կամ ԱՄՆ և Թուրքիայի երկքաղաքացի: Դա որոշակիորեն նվազեցնում է համայնքի դերը, քանի որ ընտրաքվեների առումով փաստացի նրանք լուրջ կշիռ չունեն:

Թուրքական կազմակերպություններն ԱՄՆ-ում վաղուց են գործում` դեռևս հեռավոր 1930-ական թթ-ից: Սակայն առաջին թուրքական կազմակերպությունն ընդունված է համարել «ԱՄՆ թուրքական համայնք»` ATS (American Turkish Society) կազմակերպությունը, որն իր գործունեությունը սկսել է 1949թ. հունիսի 29-ին Նյու Յորքում:

Չնայած ԱՄՆ-ում գործող թուրքական կազմակերպությունների տվյալներն իրարամերժ են, սակայն միջինացված կարող են նշել, որ ԱՄՆ- ում առկա է մոտ 180 թուրքական հասարակական կազմակերպություն առնվազն 27 նահանգում: Առավելագույն թվով թուրքական կառույցներ գործում են Նյու Յորքում` 27, Վաշինգտոնում` 18, Նյու Ջերսիում` 17 և Կալիֆոռնիայում` 15: Փաստացի թուրքական միություններ կան նաև ԱՄՆ հայաշատ նահանգներում:

ԱՄՆ-ում գործող թուրքական կառույցների առանձահատկություններից է, որ նրանք գործում են հիմնականում համադաշնությունների տեսքով: Նման համադաշնություններից առավել կայացած են երկուսը` ATAA (Assembly of Turkish-American Associations) Թուրք- ամերիկյան միությունների համագումար կազմակերպությունը, որն առավել ծավալված և կայացած է: Նրա կենտրոնական գրասենյակը Վաշինգտոնում է և միավորում է 65 հասարակական, մշակութային, գիտակրթական թուրքական կառույց: Իսկ մյուս կազմակերպությունը` FTAA-ն, (Federation of Turkish American Associations) թուրք-ամերիկյան կազմակերպությունների համադաշնություն է, որի կենտրոնակայանը Նյու Յորքում է:

Անշուշտ, այս կազմակերպությունների հիմնական նպատակներից է հայկական լոբբիստական խմբերի գործունեությանը հակազդելը: Չնայած այն հանգամանքին, որ թուրքական համայնքն ու կազմակերպությունները նույնքան հզոր չեն, որքան հայկականները, այնուամենայնիվ, նրանք միջոցների պակաս չունեն այլ կազմակերպությունների միջոցով լոբբիստական գործունեություն ծավալելու համար: Օրինակ` Google որոնման ցանցում տեղադրում են վճարովի լինքեր, Հայաստանի, Հայոց պատմության և Հայոց ցեղասպանության վերաբերյալ և որոնում կատարելիս, որպես առաջին հասցե, ներկայանում էին թուրքական մերժողական կայքերը:

Դավութօղլուի կոչը միտված էր ուղղորդելու թուրք-ամերիկյան լոբբիստական կառույցներ գործունեությունը, որպեսզի նրանք Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցից հետո գործն ավարտված չհամարեն: Իսկ մեր կառույցներին, թերևս, մնում է կրկնապատկել ջանքերը, էլ ավելի համախմբվել և հարյուրամյակից հետո թևակոխել խնդրի ճանաչելիության մեծացման հարթություն: 

Աննա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում