Հայկական կողմը ՀԱՊԿ-ին դիմելու կարիք չի զգում. Շավարշ Քոչարյան

Հայկական կողմը ՀԱՊԿ-ին դիմելու կարիք չի զգում. Շավարշ Քոչարյան

Հայկական կողմը Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերին համապատասխան պատասխան տալու գործում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը դիմելու կարիք չի զգում: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

«ՀԱՊԿ-ին դիմելու կարիք չկա: Ընդհանուր առմամբ, շատ կարևոր է ունենալ պայմանագրային տարբեր պարտավորություններ՝ պետությունների միջև, միջազգային տարբեր կազմակերպությունների հետ, որոնք որոշակի իրավիճակներում կարող են քեզ օժանդակել, բայց հայկական երկու կողմերն իրենց հույսն առաջին հերթին դնում են իրենց վրա: Ավելին՝ եթե որևէ պետություն իր ամենակենսական խնդիրը՝ անվտանգությունը, փորձի դնել այլ պետությունների վրա, դա կլինի աններելի սխալ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց փոխարտգործնախարարը:

Անդրադառնալով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի մասին հարցին՝ Քոչարյանը շեշտեց, որ հայկական կողմը մշտապես մտահոգիչ է համարել այդ փաստը ու բարձրաձայնել է դրա մասին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում