Ռուս-թուրքական հակասությունները սրվելու միտումներ ունեն

Ռուս-թուրքական  հակասությունները սրվելու միտումներ ունեն

Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունները` մասնավորապես արմատական ահաբեկչական կազմակերպության էքսպանսիան տարածաշրջանում, ռուսական ռազմական միջամտությունը Սիրիայում, Թուրքիայի և Քրդական բանվորական կուսակցության միջև տեղի ունեցող բախումները, Իրաքյան Քրդստանի քաղաքական ճգնաժամը իսկական քաոս են ստեղծել այս տարածաշրջանում: Մերձավոր Արևելքն այժմ նման է «Պանդորայի արկղի», որը բացվել է և աշխարհում ավելացրել անվտանգության սպառնալիքների քանակը:

Այս ֆոնին հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում ռուս-թուրքական հարաբերություններում: Չնայած կողմերը բարձրաստիճան պաշտոնյանների կամ նրանց խոսնակների մակարդակով նշում են, որ հարաբերությունները ճգնաժամային չեն, սակայն փաստերն այլ բանի մասին են վկայում: Մասնավորապես`Թուրքիայի ԱԳՆ-ն բավականին կոշտ հայտարարություն էր տարածել` նշելով, որ ռուսական ինքնաթիռը խախտել է սահմանը Հաթայի շրջանում և միայն թուրքական F-16 ռազմական ինքնաթիռների միջամտությամբ այն անցել է Սիրիա: «Այս կապակցությամբ Անկարայում Ռուսաստանի դեսպանը կանչվել է նախարարություն, որտեղ նրան հայտնել ենք մեր կտրուկ բողոքը և պահանջել այսուհետև նման դեպք թույլ չտալ, հակառակ դեպքում հնարավոր ոչ ցանկալի հետևանքների պատասխանատվությունը կկրի Ռուսաստանի Դաշնությունը»:

Նույն օրը Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Չանքայայի պալատում ուժային կառույցների ղեկավարների հետ անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել:

Շուրջ 3 ժամ տևած նիստի ժամանակ քննարկվել են թուրք-սիրիական սահմանին օդային խախտումներն, Իրաքից և Սիրիայից Թուրքիային սպառնացող ահաբեկչությանը, ինչպես նաև երկրի ներսում տարվող հակաահաբեկչական պայքարին առնչվող հարցեր:

Ի պատասխան` ռուսական կողմն այսօր պարզաբանել է հիշյալ միջադեպը: ՌԴ-ի պաշտպանության նախարարության պատասխան հայտարարության մեջ նշվել է, որ ռուսական Су-30 կործանիչը, որը Սիրիայում մասնակցում է «Իսլամական պետության» դեմ գործողություններին, Թուրքիայի օդային տարածքը խախտել է սխալմամբ` ոչ բարվոք եղանակային պայմանների պատճառով:

Եվ սա նմանատիպ միջադեպերի մեկնարկը կարող ենք համարել: Թուրքական կողմին ամենևին էլ դուր չի գալիս Սիրիայի նախագահ Ասսադին ՌԴ-ի կողմից ցուցաբերվող աջակցությունը, որն այժմ նաև ռազմական ուղղակի միջամտության տեսք է ստացել:Թուրքիայի նախագահ Էրդողանը մեկ անգամ չէ, որ շեշտել է Ռուսաստանի գործողությունները Սիրիայում Թուրքիայի կողմից որևէ կերպ ընդունելի չեն:

«Ցավոք, Ռուսաստանը այս պահին շատ լուրջ սխալ է գործում: Ըստ իս՝ դա ժամանակի ընթացքում տարածաշրջանում Ռուսաստանին կտանի դեպի մեկուսացում: Թուրքիային հակառակ կատարվող նմանատիպ քայլերը մեզ լուրջ մտահոգություն ու անհանգստություն է պատճառում: Այդ մենք ենք, որ Սիրիայի հետ 911 կմ սահման ունենք»,- նկատել է Էրդողանը:

Սակայն թուրքական կողմն անհանգսատցած է, ոչ միայն ռուսական կողմի միջամտությամբ, այլև այնպիսի գործոններով, որոնց մասին գրեթե չի բարձրաձայնվում: Խոսքը Մերձավոր Արևելքում Ռուսաստանի ազդեցության հնարավոր ուժեղացման, ռուս-քրդական հարաբերությունների մերձեցման, ածխաջրածնային ռեսուրսների նկատմամբ գերիշխանություն հաստատելու մասին է:

Թուրքիան, որ ցանկանում էր օգտագործել Արաբական գարնան հարմար պատրվակը և իրականացնել իր վաղեմի ցանկությունը, Ռուսաստանի միջամտության պատճառով կարող է վերջնականապես հուսահատվել:

Թուրքիան ցանկանում էր Մերձավոր Արևելքի համար մոդել ծառայել, որը կարողանում է հաջողությամբ համադրել իսլամական գաղափարախոսությունն ու դեմոկրատական սկզբունքները, իսլամական աշխարհի հետ համերաշխությունն ու Արևմուտքի հետ բարեկամությունը: Սակայն Թուրքիան սեփական օրինակով ցույց տվեց, որ իր ստեղծած մոդելը կենսունակ չէ և տապալված: Որքան Թուրքիան ցանկանում է մեծացնել իր ազդեցությունը Մերձավոր Արևելքում, այնքան շատ է բախվում խնդիրների հետ և անիրականանալի դարձնում վաղեմի ցանկությունը: Ռուսական գործոնի առկայությունը Մերձավոր Արևելքում հերթական և մեծ խոչընդոտներից մեկն է: Եթե ԱՄՆ-ի ստեղծած կոալիցիան ուներ Թուրքիայի համար համեմատաբար ցանկալի դիրքորոշում, ապա Ռուսաստանի հետ միանգամայն հակոտնյա են շահերը: Եթե ռուս-թուրքական հարաբերությունները վերջին տարիներին նման բարձր մակարդակի վրա չգտնվեին, ապա հակասություններն անխուսափելի կդարձնեին բախումը: Ռուս-թուրքական հարաբերություններում կարևոր զսպիչ գործոն է տնտեսական սերտ կապերը, որոնք չնայած 2015թ-ի առաջին կիսամյակում որոշակիորեն թուլացել են, սակայն մեծ կարևորություն ունեն երկու երկրների համար: Այնուամենայնիվ, բացառված չէ, որ հարաբերություննեի սրացումը հանգեցնի նաև բախման, ինչը կնշանակի նաև բախում ՌԴ-ի և ՆԱՏՕ-ի միջև` դրանից բխող բոլոր հետևանքներով: Կողմերից յուրաքանչյուրն էլ հասկանում է իրավիճակի լրջությունը, սակայն զիջումների գնալու պատրաստակամություն, կարծես թե, չի ցուցաբերվում: Գորդյան այս հանգույցի լուծումը մոտ չէ, սակայն հապաղելու դեպքում աշխարհը կարող է կանգնել համաշխարհային նոր պատերազմի առջև:

 

Աննա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

 

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում