Վարդան ջան, մասնագիտական տեքստը հրաշալի կարող է լինել, բայց քաղաքական նպատակը ստոր և իշխանապաշտ. Րաֆֆի Հովհաննիսյան

Վարդան ջան, մասնագիտական տեքստը հրաշալի կարող է լինել, բայց քաղաքական նպատակը ստոր և իշխանապաշտ. Րաֆֆի Հովհաննիսյան

Այսօր «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, 2013թ. նախագահական ընտրություններում փաստացի եւ՝ իրավամբ նախագահ ընտրված Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը պաշտոնական իր ձայնն ավելացրեց չընտրված թեկնածուի առաջարկած նոր Սահմանադրության դեմ արտահայտվող միլիոնավոր հայաստանցիների և հայերի համաժողովրդական վերաբերմունքին: Այս մասին ասված է «Ժառանգություն» կուսակցության տարածած հայտարարության մեջ. «Դատապարտելով մեր ժողովրդին եւ նրա արժանապատվությանն ուղղված` Մայր օրենքի այս մարտնչող հեգնանքն ու կամայականությունը, ինչպես նաեւ հավատ տածելով «Միացյալ օրակարգ-միացյալ հրապարակ» հրամայական բանաձեւի հանդեպ, Հովհաննիսյանն իր հիմնադրած բոլոր հանրակարգերի միջոցները դրեց ազատ, ինքնիշխան եւ սահմանադրական Հայաստանի կերտմանը նվիրված ուժերի, առաջին հերթին` «Նոր Հայաստան» փրկության ճակատի, ապաեւ «Չեք անցկացնի» երիտասարդական նախաձեռնության տրամադրության տակ»:

«Միմիայն միավորված ուժերով եւ անշահախնդիր, հետեւողական պայքարով կարելի է ըստ էության մերժել Հայաստանի Հանրապետության դեմ գուբերնիա-կուսակցապետություն սարքելու սույն ապօրինի, ինքնահավան եւ փակ-բաժնետիրական բնույթի ձեռնարկը: Դեկտեմբերի 6-ը պետք է դառնա Նոր Հայաստանի կերտման վճռորոշ հանգրվան», –հայտարարության մեջ ասել է Հովհաննիսյանը:

Րաֆֆի Հովհաննիսյանը նաև թողել է հետգրություն.

«Վարդան ջան, մասնագիտական տեքստը հրաշալի կարող է լինել, բայց խիստ ցավոք, քաղաքական նպատակը ստոր է ու իշխանապաշտ եւ ոչ ամենևին՝ քո բարձր պարկեշտությանը հարիր: Կներեք» :

Հետևեք մեզ նաև Telegram-ում