ՀՅԴ-ն «Այո»-ի առանձին շտաբ է ձևավորելու

ՀՅԴ-ն «Այո»-ի առանձին շտաբ է ձևավորելու

ՀՅԴ-ն ամեն ինչ անելու է, որպեսզի սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն լինի թափանցիկ, արդար և անցնի վստահության մթնոլորտում: Այս մասին Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

«Մենք նաև կողմնակից ենք, որպեսզի քարոզարշավը երկու կողմերի՝ «այո»-ի և «ոչ»-ի կողմնակիցների համար լինի հավասար: Հանրաքվեի մասին օրենքը տալիս է այդ հնարավորությունը, և մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի պայմանները լինեն հավասար, իսկ հանրաքվեն լինի թափանցիկ և արդար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Վարդանյանը:

Նա համոզվածություն հայտնեց, որ միշտ կլինեն մարդիկ, ովքեր կասեն, որ հանրաքվեն արդար չի եղել, սակայն հավելեց, որ իրենք իշխանություններից և քաղաքական մեծամասնությունից պահանջելու են, որպեսզի հանրաքվեն կազմակերպվի և անցկացվի պատշաճ մակարդակով՝ միջազգային չափանիշներին համապատասխան: Աղվան Վարդանյանն ընդգծեց, որ ինքը այս հանրաքվեի ընթացքում խախտումներ թույլ տալու պատճառներ չի տեսնում:

«Ես կարծում եմ, որ իշխանության մեջ կան մարդիկ, որ գիտակցում են սրա կարևորությունը և գիտակցում են նաև, որ ընտրակեղծիքների դիմելու պատճառներ չունեն»,- հավելեց ՀՅԴ խմբակցության քարտուղարը:

Աղվան Վարդանյանը լրագրողներին հայտնեց, որ ՀՅԴ-ն ակտիվորեն մասնակցելու է քարոզարշավին:

«Մենք ձևավորելու ենք առանձին շտաբ, չենք միանալու որևէ այլ ուժի և մեր քարոզարշավն իրականացնելու ենք առանձին: Մենք ունենք մեր հիմնավորումները, թե ինչու ենք կողմ սահմանադրական բարեփոխումներին և փորձելու ենք այդ ամենը հասցնել մեր հանրությանը: Ունենք քարոզչական խումբ, որում ներգրավված են ձեզ ծանոթ դաշնակցականներ: Մենք քարոզարշավի ընթացքում լինելու ենք հանրապետության բոլոր բնակավայրերում և իրականացնելու ենք «այո»-ի քարոզարշավը: Մենք հետևողակ անորեն առաջ ենք տանելու մեր ճշմարտությունը, ինչպես արել ենք մինչև հիմա: Մենք կարծում ենք, որ մեր հիմնավորումները տարբերվում են մնացած բոլոր «այո» ասողների հիմնավորումներից և ավելի համոզիչ են»,- եզրափակեց պատգամավորը` կարծիք հայտնելով, որ Հայաստանի բնակչության մեծ մասն, ի վերջո, հարելու է «այո» տարբերակին:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն կանցկացվի 2015թ. դեկտեմբերի 6-ին: Մինչ այդ ազգային ժողովը ձայների բացարձակ մեծամասնությամբ սահմանադրական բարեփոխումների նախագիծը հանրաքվեի դնելու որոշում էր ընդունել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում