Սահմանադրական նախագծի վերջնական տարբերակում կարևոր փոփոխություններ են կատարվել

Սահմանադրական նախագծի վերջնական տարբերակում կարևոր փոփոխություններ են կատարվել

Սահմանադրական բարեփոխումների նախագծի վերջնական տարբերակը արտացոլում է Ազգային ժողովում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի առաջարկությունները: Այս մասին լրագրողների հետ  հանդիպմանը հայտնեց Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը՝  հավելելով, որ Ազգային ժողովում Սահմանադրական բարեփոխումների նախագծի քվեարկության արդյունքները ապացուցեցին այս հարցի վերաբերյալ քաղաքական կոնսոլիդացիայի առկայությունը: Մասնավորապես՝  Սահմանադրական բարեփոխումների վերջնական տարբերակում փոփոխվել է բոլոր քաղաքական ուժերի կողմից քննարկումների առարկա դարձած 89-րդ հոդվածը:

«Նախկին ձևակերպմամբ, եթե խորհրդարանական ընտրությունների առաջին փուլի արդյունքներով որևէ քաղաքական ուժ չէր հավաքում կայուն մեծամասնության համար անհրաժեշտ ձայները, ապա պետք է անցկացվեր երկրորդ փուլը, որին պետք է մասնակցեին առաջին փուլում առավելագույն ձայներ ստացած երկու կուսակցությունները: Սակայն վերջնական ձևակերպմամբ հստակեցվել է այն իրողությունը. կայուն մեծամասնության համար անհրաժեշտ քանակությամբ քվեներ չստացված կուսակցությունը պետք է ձևավորի քաղաքական կոալիցիա, իսկ երկրորդ փուլի առկայությունը դառնում է բացառություն, այլ ոչ թե օրինաչափություն»,- պարզաբանեց Գագիկ Մինասյանը` հավելելով, որ ընտրական օրենսգիրքը նախատեսում է, որ ընտրությունների երկրորդ փուլին քաղաքական ուժերը կարող են մասնակցել դաշինքներով:

Երկրորդ փոփոխությունը վերաբերում է նրան, որ Նախագահին պետք է ընտրի խորհրդարանը, այլ ոչ թե ընտրիչների ժողովը. «Ազգային ժողովի նախագահի ընտրության հետ կապված դրույթը նույնպես փոփոխվեց, և այժմ Ազգային ժողովի նախագահը չի ընտրվում խորհրդարանի գործունեության ողջ ժամկետի համար, և եթե փոխվի խորհրդարանական մեծամասնությունը, ապա կփոխվի նաև խորհրդարանի նախագահը: Բացի այդ` ՀՀ վարչապետին առաջադրում են խորհրդարանական ուժերը, այլ ոչ թե միայն ԱԺ նախագահը»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում