Թուրքիան միջազգային համաձայնագրի շրջանակում տեսչական խումբ կուղարկի Հայաստան

Թուրքիան միջազգային համաձայնագրի շրջանակում տեսչական խումբ կուղարկի Հայաստան

Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի շրջանակում Թուրքիան տեսչական այց կանցկացնի Հայաստանում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկություն է տարածել Թուրքիայի Զինված ուժերի գլխավոր շտաբը:

Թուրքական դիտորդական խմբի կողմից իրականացվող այցին խմբի կազմում կլինի նաև մեկ զինծառայող Սլովակիայից: Թուրք զինվորները Հայաստանում կլինեն հոկտեմբերի 11-14-ը: Թուրքական «Հուրիեթ» պարբերականը, հրապարակելով ԶՈՒ գլխավոր շտաբի հայտարարությունը, նշել է, որ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չունեցող և փակ սահման ունեցող Թուրքիան Հայաստան զինվոր է ուղարկելու:

Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագիրը սպառազինությունների վերահսկման իրավաբանորեն պարտադիր միջազգային փաստաթուղթ է, որի նպատակը եվրոպական տարածաշրջանում սովորական սպառազինությունների հետ կապված մարտահրավերները ու մտահոգություն առաջացնող խնդիրները նվազագույնի հասցնելն է, անդամ պետությունների անվտանգության, վստահության ամրապնդումը եւ սպառազինությունների վերահսկման ոլորտում թափանցիկության ապահովումը: Հայաստանը ԵՍԶՈՒ-ն դիտարկում է, որպես Եվրոպական կայունության եւ անվտանգության կարեւորագույն բաղադրիչներից մեկը:

Հայաստանն իր հերթին տեսչական այցեր է իրականացնում ԵՍԶՈՒ պայմանագրի անդամ պետություններում, այդ թվում`Թուրքիայում: Ընդհանուր առմամբ, 1993 թվականից սկսած Հայաստանը տեսչական այցեր է իրականացրել Հունաստանում, Թուրքիայում եւ այլ երկրներում, ինչպես նաեւ մասնակցել է Բուլղարիայում, Ուկրաինա յում, Մեծ Բրիտանիայում, Մոլդովայում եւ այլ երկրներում իրականացված բազմազգ տեսչական ստուգումներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում