Գյուղատնտեսության նախարարությունը հորդորում է խաղողագործներին չցուցաբերել ավելորդ շտապողականություն

Գյուղատնտեսության նախարարությունը հորդորում է խաղողագործներին չցուցաբերել ավելորդ շտապողականություն

Հանրապետությունում խաղողի մթերման հետ կապված դժվարությունների հետևանքով խուճապի մատնվելու կարիք չկա: Լրագրողների հետ հոկտեմբերի 9-ին կայացած հանդիպմանը հայտնեց ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը: «ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը վերահսկում է իրավիճակը: Հոկտեմբերի 8-ի դրությամբ հանրապետությունում մթերվել է շուրջ 185 հազար տոննա խաղող, առաջիկայում մթերվելու է ևս 15 հազար տոննա (անցած տարի մթերվել է 184 հազար տոննա): Տարեսկզբին արդեն ակնհայտ էր, որ գինու և կոնյակի իրացման շուկայում առկա են խնդիրներ. գինու ու կոնյակի վաճառքի ծավալները կրճատվել են համապատասխանաբար 42 և 50 տոկոսներով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց նա:

Նա նկատեց, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը իր առանձին աշխատակիցներին կցեց Արարատի և Արմավիրի մարզպետարաններին` խաղողագործների և մթերող կազմակերպությունների միջև ստեղծված լարվածությունը թուլացնելու նպատակով: «Ներկա դրությամբ` մենք հորդորում ենք խաղողագործներին չցուցաբերել ավելորդ շտապողականություն, քանի որ նախորդ տարիներին եղել են դեպքեր, որ խաղողի բերքը մթերվել է ընդհուպ հոկտեմբերի վերջը»,- ընդգծեց Պետրոսյանը:

Անդրադառնալով խաղողի մթերման գնին` բանախոսը շեշտեց, որ խելամիտ շահույթ ունենալու պայմաններում գյուղացուն առաջարկվել է խաղողի բերքը հանձնել մեկ կիլոգրամի դիմաց միջինը 150 դրամով: «Որոշ մթերող կազմակերպություններ խաղողը մթերել են 140-145 դրամով: Ճիշտ ասած` մեզ հայտնի չեն 30 կամ 50 դրամով մթերման դեպքեր: Որոշ ձեռնարկություններում խաղողը մթերվել է նվազագույնը 90 դրամով: Ես կարծում եմ, որ խաղողի մթերման խնդիրները բացառելու լավագույն ճանապարհներից մեկը կոոպերացիաների զարգացումն է: Ակնհայտ է, որ փոքր տնտեսությունները զարգացման լուրջ հեռանկարներ չեն կարող ունենալ և ապագան կոոպերացիաների կողմն է: Բացի այդ, շատ կարևոր է նաև իրացման նոր շուկաների հայտնաբերումը, ինչի ուղղությամբ լուրջ աշխատանքներ պետք է տանեն մեր դեսպանությունների տնտեսական կցորդները»,- հայտնեց Գառնիկ Պետրոսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում