Հայաստանն առանձին տաղավարով կմասնակցի Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսին

Հայաստանն առանձին տաղավարով կմասնակցի Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսին

Հայաստանն իր առանձին տաղավարով հոկտեմբերի 14-18-ը կմասնակցի Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդես–տոնավաճառին: Մասնակցությունն այդ կարևոր միջոցառմանն իրականանում է ՀՀ մշակույթի նախարարության և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի աջակցությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ցուցահանդեսում կներկայացվեն վերջին տարիներին Հայաստանում և արտերկրում, մասնավորապես, Գերմանիայում հրատարակված գրքեր, որոնց թվում կլինեն ինչպես պետական պատվերով ու աջակցությամբ, այնպես էլ մասնավոր հրատարակչությունների նախաձեռնությամբ հրատարակված շուրջ 300 անուն գրքեր: Տաղավարի առանձին հատվածում կներկայացվի Հայոց ցեղասպանությանը նվիրված գրականություն:

Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսի շրջանակում հոկտեմբերի 16-ին տեղի կունենա Հայոց ցեղասպանության թեմայով հրատարակված գերմանալեզու գրքերի շնորհանդես, որոնց թվում են Միհրան Դաբաղի, Քրիստին Փլաթի «Կորուստ և կտակ. հիշում են ցեղասպանության վերապրածները», Ռոլֆ Հոսֆելդի «Մահ անապատում. Հայոց ցեղասպանություն», Միխայել Հեզեմանի «Հայոց ցեղասպանությունը. Առաջին համաշխարհային պատերազմի մեծագույն հանցագործության մասին Պապական գաղտնի արխիվի չհրապարակված փաստաթղթերով», Յուրգեն Գոթշլիխի «Աջակցություն ցեղասպանությանը. Գերմանիայի դերը հայերի ոչնչացման մեջ», Թոմաս Հարթվիգի «Հայուհին» ստեղծագործությունները:

Ցուցահանդեսին հայաստանյան պատվիրակության կազմում կմասնակցեն մի շարք հրատարակիչներ և գրական կազմակերպություններ, այդ թվում` «Անտարես», «Զանգակ», «ԵՊՀ» հրատարակչությունները, «Բուկինիստ» գրախանութը, «Առաջին գրական գործակալությունը» և ուրիշներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում