Հայաստանը կարևորում է աֆրիկյան երկրների հետ հարաբերությունների զարգացումը

Հայաստանը կարևորում է աֆրիկյան երկրների հետ հարաբերությունների զարգացումը

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հոկտեմբերի 9-ին հանդիպել է Սենեգալի արտգործնախարար Մանքյոր Նդայեին, ով Հայաստան է ժամանել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների 31-րդ համաժողովին մասնակցելու նպատակով։ Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշել է, որ դեռ թարմ են անցյալ տարի Սենեգալի մայրաքաղաք Դակարում բարձր մակարդակով անցկացված Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական համաժողովի հետ կապված դրական հիշողությունները: Նախարարը հավելել է, որ Հայաստանը կարևորում է աֆրիկյան երկրների հետ հարաբերությունների զարգացումը և այդ համատեքստում Սենեգալը կարող է յուրատեսակ կամրջի դեր կատարել:

Շնորհակալություն հայտնելով ՖՄԿ նախարարական համաժողովի կազմակերպման և ջերմ ընդունելության համար` Սենեգալի արտգործնախարարը նշել է, որ ուրախ է կատարել Սենագալից առաջին այցելությունը Հայաստան։

Երկկողմ հարաբերությունների զարգացման շուրջ քննարկումների ժամանակ նախարարները կարևորել են իրավապայմանագրային դաշտի ձևավորումը, արտգործնախարարությունների միջև խորհրդատվությունների անցկացումը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությունը, ապակենտրոնացված փոխգործակցությունը։

Զրուցակիցները անդրադարձել են մշակութային և կրթական բնագավառներում համագործակցությունը խթանելու ուղիներին։ Նախարարները քննարկել են Դակարի գագաթաժողովի որոշումների իրականացման ընթացքը։

Էդվարդ Նալբանդյանը հյուրին է ներկայացրել Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները և առաջնահերթությունները, ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում