Մոսկվան ՀՀ-ից չի պահանջում ազատագրված տարածքների վերադարձ՝ հանուն Ադրբեջանում ռուսական բազայի առկայության

Մոսկվան ՀՀ-ից չի պահանջում ազատագրված տարածքների վերադարձ՝ հանուն Ադրբեջանում ռուսական բազայի առկայության

Ռուսաստանը շահագրգռված է Ադրբեջանի հետ պահպանել  կայուն հարաբերություններ,  բայց  ոչ  ՀՀ-ի հետ դաշնակցային հարաբերությունների հաշվին կամ դրանք վտանգելու  գնով: Այս մասին Times.am-ի հետ  զրույցում  վստահեցրեց  ՌԴ Գիտությունների  ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական  Ասիայի և Կովկասի ուսումնասիրության  կենտրոնի փորձագետ Անդրեյ Արեշևը:

-Վերջին շրջանում  իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական  հակամարտության  գոտում դարձյալ  սրվել էր: Ըստ Ձեզ՝ որո՞նք էին այս անգամ Ադրբեջանի կողմից  լարվածության սրացման պատճառները: Կա տեսակետ, որ սահմանային լարվածությունը քննություն է ՀԱՊԿ-ի համար՝ հանձնե՞ց, թե՞…Ի դեպ, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Յուրի Խաչատուրովը վերջերս հստակ հայտարարեց, որ ՀԱՊԿ-ից գործնական օգնություն չենք խնդրում, քանի որ հայկական բանակն ունակ է պատասխանել  Ադրբեջանի սադրանքներին, բայց զուտ մարդկային, բարոյական  աջակցություն  կցանկանայինք  տեսնել:

-Իսկապես, լարվածության սրացումը կրում էր պերմանենտ բնույթ, ինչն ըստ իս, պայմանավորված է նրանով, որ Ադրբեջանն անընդհատ փորձում է  բարձրացնել իր «գինը»՝ գրավելով  ԵԱՀԿ Մինսկի խմբի ուշադրությունն իրենց խոսքերով՝ անարդյունավետ  բանակցային  գործընթացի   վրա, ինչի  մասին է վկայում ԵԱՀԿ-ում Ադրբեջանի պատվիրակության հայտարարությունը: Այստեղ պակաս նշանակություն չունեն  Ադրբեջանում ներքին քաղաքական զարգացումները,  առաջիկա խորհրդարանական ընտրությունների փաստը, ներքաղաքական փոփոխությունների հնարավորությունը, սոցիալ-տնտեսական դժվարին  իրավիճակը՝ կապված էներգակիրների գնի անկման հետ,  ինչպես նաև արևմտյան կամ միջազգային կառույցների քննադատության ուժեղացումը (չնայած որ այն դիվանագիտական նուրբ խաղի մաս է կազմում): Այս ամենը ստիպում է Ադրբեջանի իշխանություններին ուժեղացնել հռետորաբանությունը և դիմել գործողությունների, որոնք կարող են տորպեդահարել հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացը:

Իհարկե, այս ամենը  չեն վախեցնում ոչ  Երևանին, ոչ Ստեփանակերտին, ինչի վկայությունը ԼՂՀ ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանի հայտարարությունն է. «Մեր կողմից դեռևս շարունակվում են համապատասխան գործողությունները, և հակառակորդի կողմից իրականացվող ոչ մի գործողություն անպատասխան չի մնալու: Մենք դա ապացուցեցինք վերջին օրերին և կշարունակենք նաև առաջիկայում, որպեսզի իրենք գիտակցեն , որ եթե կրակում են հեռահար միջոցներով, ապա մենք նույնպես ոչ մի բանի առջև կանգ չենք առնելու՝ կիրառո՞ւմ են Դ-30 հաուբից հրանոթ, անհրաժեշտության դեպքում մենք էլ ենք նույնն անելու»: 

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի պահվածքին, ապա պետք է հաշվի առնել  այն, որ կազմակերպության ներսում  գոյություն ունեն տարբեր «ստորգետնյա հոսանքներ», այն դեպքում,  երբ ցանկացած փաստաթուղթ յուրաքանչյուր միջազգային կազմակերպության կողմից ընդունվում է կոնսենսուսի հիման վրա: Ամեն դեպքում ՀԱՊԿ-ն մնում է  ռուս-հայկական համագործակցության կարևոր էլեմենտ, այդ թվում՝ ռազմատեխնիկական ոլորտում:

-ՀՀ նախագահ  սեպտեմբերի 29-ին Նյու Յորքում մասնակցել է ՄԱԿ-ի  Գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանին, որտեղ հանդես է եկել ելույթով, որում ասվում է.

 «Մեզ համար արդեն ակնհայտ է՝ Ադրբեջանի ղեկավարությունը անդառնալիորեն կորցրել է ոչ միայն իրականության զգացողությունը, այլև մարդկային բոլոր նորմերը: ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների համատեղ 5 հայտարարություններն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը լիովին արհամարhող Ադրբեջանի՝ նման ագրեսիվ քաղաքականության շարունակվելու դեպքում Հայաստանին այլ ընտրություն չի մնում. մենք կիրականացնեք անհրաժեշտ իրավական և ռազմաքաղաքական քայլերը՝ ապահովելու Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգությունն ու խաղաղ զարգացումը»:

Իսկ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն իր հերթին հայտարարել է.

«Իմ խորին համոզմամբ, նման ռազմավարությունը հանգեցնելու է նրան, որ ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության առջև բանակցային սեղանին դրված են լինելու ոչ թե հրադադարի պահպանման և վստահության ամրապնդման միջոցների հետ կապված օրակարգային հարցերը, այլ նոր պայմաններով զինադադարի կնքման պարտադրանքը»:

Կարո՞ղ ենք ասել, որ բանակցային  գործընթացում իրավիճակ է փոխվելու,  այդ դեպքում ի՞նչ արձագանք պետք է սպասել ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահող երկրներից՝ ԱՄՆ, ՌԴ, Ֆրանսիա:

-ՀՀ-ի ղեկավարության կողմից  նման դիրքորոշում մեկ անգամ չէ, որ  հնչել է, ինչը  միանգամայն տրամաբանական է. քանի դեռ վարվում են քաղաքական բանակցություններ,  պաշտոնական  Երևանը  զերծ է մնում  ԼՂ-ին որպես ինքնուրույն պետություն  ճանաչելուց, սակայն,  լայնամասշտաբ  ռազմական գործողությունները կարող են ամեն ինչ փոխել:  Հարկավոր է օգտագործել բոլոր հնարավորությունները՝ պահպանելու  խաղաղ  բանակցությունները, բայց դա դժվար հնարավոր լինի սահմանին հրադադարի  մշտական խախտումների, հնչող  կրակոցների և դիվերսիոն-ահաբեկչական գործողությունների պայմաններում: Ինձ թվում է, որ ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահների դիրքորոշումն  ընդհանուր առմամբ  համահունչ է հայկական կողմի կառուցողական մոտեցմանը,  սակայն հարցն այն է, թե ինչ ռեսուրսների են նրանք տիրապետում, որ կարողանան տեղ հասցնել  իրենց դիրքորոշումը  նրան, ով մտածված գնում է հակամարտության   էսկալացիայի:  Ըստ էության, միայն դիվանագիտական ջանքերը կամ թվիթերյան հայտարարությունները  բավարար  չեն այստեղ:

Կարնեգի հիմնադրամի վերլուծաբան Թոմաս Դե Վաալն այն կարծիքին է, որ «այս պահին Արևմուտքը պատրաստ չէ վերցնել պատասխանատվություն Ղարաբաղի անվտանգության համար, իսկ  Ռուսաստանին էլ  չի վստահում»:

-ԼՂ հակամարտության գոտում  խաղաղապահ ուժերի հնարավոր տեղակայման  հարցը ժամանակ առ ժամանակ անբարեխիղճ սպեկուլացիայի առարկա է դառնում  ինչպես Արևմուտքում, այնպես էլ, ցավոք,  հայկական և ռուսական  լրատվամիջոցներում:

Միևնույն ժամանակ այստեղ «բաց դուռը» կոտրելու կամ դրա վրա ուժ գործադրելու կարիք չկա. մադրիդյան սկզբունքները ենթադրում են որոշակի փուլում խաղաղապահ ուժերի տեղակայում, բայց սա հնարավոր է միայն առավել կարևոր խնդիրների լուծումից հետո, այդ թվում՝ համաձայնություն կարգավորման մասին և ԼՂ կարգավիճակի  հստակեցում:

Պետք է նշեմ, որ պակաս աբսուրդային չեն այն խոսակցությունները, թե Մոսկվան ՀՀ-ից պահանջում է ազատագրված որոշ տարածքների վերադարձ՝  ռուսական ռազմաբազայի տեղակայման շուրջ Ադրբեջանի համաձայնությունը ստանալու դիմաց: Սա Երևանը  շատ լավ գիտի, մնում է կռահել, թե ով և ինչու է տարածում նման խոսակցություններ:

Ինչ վերաբերում է առանձին փորձագետներին, ապա յուրաքանչյուրն իրավունք ունի ունենալ սեփական տեսակետը: Անկեղծ ասած, դժվարանում եմ հիշել որևէ տարածաշրջան՝ նախկին խորհրդային միության տարածքում  կամ Մերձավոր Արևելքում, որի  համար  Արևմուտքը  պատասխանատվություն է ստանձնել: Սա այն դեպքում, երբ արևմտյան գերտերությունները, այդ թվում՝  Հարավային  Կովկասում,  շատ  հստակ  ձևակերպել  են  իրենց հետաքրքրությունները: Ինչ վերաբերում է վստահությանը, ապա փորձագետների մեծն մասն  ավանդաբար համակարծիք են եղել:

Ի տարբերություն Ուկրաինայի կամ Սիրիայի Մինսկի  խումբը ավանդաբար եղել է  կողմերի ինչ-որ չափով կառուցողական փոխգործակցության հարթակ՝  ի դեմս Ռուսաստանի: ԱՄՆ-ն և Ֆրանսիան, ինչը պայմանավորված է մի շարք հետաքրքրություններով, որոնցից մեկը կարելի է ասել կոնֆլիկտի «թեժ» կետի  չվերաթարմացումն է  և դրա կարգավորման անհրաժեշտությունը բացառապես դիվանագիտա-քաղաքական  միջոցներով:  Բայց եթե պարոն Վաալն այլ կերպ է մտածում,  գուցե մի բան գիտի: Կարծում եմ, որ Ռուսաստանում այս տեսակետին կմոտենան հետաքրքրությամբ  և   համապատասխան հետևություններ կան:

-Ի՞նչ կարող եք ասել ռուս-թուրքական և ռուս-ադրբեջանական հարաբերությունների մասին: Վերջին դեպքում ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների  ֆոնին:

-Ռուսաստանի հարաբերությունները,  ինչպես  Թուրքիայի, այնպես էլ Ադրբեջանի հետ զարգանում են տարբեր մակարդակներում, բայց դրանք բավականին բարդ են: Օրինակ՝ ռուս-թուրքական տնտեսական հավակնոտ նախագծերը որոշակի փուլում  կարող են հակասության մեջ մտնել Անկարայի եվրաատլանտյան ինտեգրացման հետ: Չնայած Մոսկվայի և  Անկարայի  միանգամայն  հասկանալի ձգտմանը «բաժանել»  փոխշահավետ առևտրատնտեսական համագործակցությունը  սիրիական հարցում արմատական տարաձայնություններից,  սակայն  չկա  որևէ  փաստարկ,  որ դա կհաջողվի  անել: Որոշ  փորձագետների կարծիքով, Թուրքիան ունենալով Սիրիայի հետ բավականին երկար սահման, ԻՊ-ի դեմ պայքարի համատեքստում կարող է հանդիսանալ  գրեթե   հիմնական խնդիրը: Եվ նույն Էրդողանի «կռվարար» հայտարարությունները Մոսկվայի հասցեին որքան հեռու, այնքան դժվար է լինելու վերագրել այն պոպուլիստական նախընտրական հռետորաբանությանը:

 Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա  Ռուսաստանը շահագրգռված է այս երկրի  հետ կայուն հարաբերություններ պահպանել,  բայց ոչ ՀՀ-ի հետ դաշնակցային  հարաբերությունների  հաշվին  կամ դրանք վտանգելու  գնով:

Մարիամ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում