Վրաստանը ձգտում է թուլացնել Ադրբեջանից գազային կախվածությունը

Վրաստանը ձգտում է թուլացնել Ադրբեջանից գազային կախվածությունը

Հոկտեմբերի 10-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պաշտոնական այցով մեկնեց Բաքու: Լրատվամիջոցներն այցը չպլանավորված ու անակնկալ որակեցին, քանի որ նույնիսկ վրացական լրատվամիջոցներն այդ մասին պաշտոնական հաղորդագրություն ստացան այն ժամանակ, երբ Ղարիբաշվիլին արդեն վայէրջք էր կատարել Բաքվում:
Այցի շրջանակներում վերջինս հանդիպում ունեցավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Վրաց-ադրբեջանական հարաբերությունները վերջին ժամանակներս անխռով զարգացում են ապրում: Համենայնդեպս, երկու երկրների պաշտոնական շրջանակներն այդպես են ներկայացնում` փորձելով ցույց չտալ հակասություններն ու երկրորդական պլան մղել խնդրահարույց հարցերի բարձրաձայնումը: Սակայն դա ամենևին էլ չի նշանակում, որ խորքային տարաձայնություններ չկան: Դրանցից մեկն էլ Վրաստանի գազային կախվածությունն է Ադրբեջանից:

Հենց այս թեման էլ դարձել է մեր հարևան երկու երկրների առաջնորդների քննարկման հիմնական հարցը: Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ շուրջ երեք ժամ տևած հանդիպման ժամանակ Ալիևն ու Ղարիբաշվիլին քննարկել են քաղաքա-տնտեսական հարցեր, տարածաշրջանային անվտանգության խդնիրները: Ընգծվել է նաև ենթակառուցվածքների, էներգետիկայի և տրանսպորտի ոլորտում համագործակցությունն ու դրա խորացման անհրաժեշտությունը: Նշվել է, որ մոտ ժամանակներս Ադրբեջանի նախագահը պաշտոնական այցով կմեկնի Վրաաստան: Քաղաքական շփումների նման ինտենսիվացման պատճառը վերջերս շրջառանվող լուրերն են, որոնց համաձայն Վրաստանը պատրաստվում է նվազեցնել Ադրբեջանից գազային կախվածությունը:

Վրացական ընդդիմությունը մեծ աղմուկ է բարձրացրել` հայտարարելով, որ կառավարությունը գաղտնի բանակցություններ է վարում «Գազպրոմի» հետ: Թբիլիսիում նույնիսկ ցույցեր են անցկացվել` «Զավթիչը մեզ չի ջերմացնի» կարգախոսով: Նման իրարանցման պատճառը սեպտեմբերի 25-ին Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Քալաձեի և և «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերի Բրյուսելում կայացած հանդիպումն է: Հարկ է նշել, որ վերջին անգամ «Գազպրոմի» ու Վրաստանի էներգետիկ գերատեսչության ղեկավարը հանդիպել են 2005թ-ի սկզբին, երբ նկատվում էր ռուս- վրացական հարաբերությունների վատացման նախանշանները: Վրացական ընդդիմությունը շահարկում է այս թեման` մատնանշելով հատկապես այն հանգամանքը, որ հանդիպման վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություն չի տարածվել, իսկ «Գազպրոմ»-ը հպանցիկ տեղեկատավություն է տրամադրել:

Սակայն օրեր առաջ Վրաստանի փոխվարչապետ-էներգետիկայի նախարար Կախա Քալաձեն հայտարարել է, որ Վրաստանը մտադիր է սկսել Ռուսաստանից գազի գնումը: Վերջինս պարզաբանել է, որ ձմեռային շրջանում հնարավոր չէ Ադրբեջանից լրացուցիչ գազի ձեռքբերումը, որն էլ դարձել է կառավարության նման որոշման պատճառը:

Այս հայտարարությունը սվիններով ընդունվեց. մարդկանց հիշողություններում դեռ թարմ է 2006թ-ը, երբ Հյուսիսային Օսիայում ռազմավարական նշանակություն ունեցող գազատարի պայթյունի հետևանքով ցուրտ ձմռանը Վրաստանն առանց ջեռուցման մնաց: Մինչ 2008թ-ը Ռուսաստանը վրացական գազի մենաշնորհային մատակարարն էր, որն էլ ազդեցության մեծ լծակներ էր տալիս հյուսիսային հարևանին:
Սաակաշվիլու իշխանությունը ծանր կորուստների գնով ազատվեց ռուսական ազդեցությունից` էներգետիկ վեկտորն ուղղելով Ադրբեջանին: Այժմ Ադրբեջանն է վրացական գազի հիմնական մատակարը: Փոխվում են մատակարարները, սակայն դա ամենևին էլ չի նշանակում, որ մենաշնորհային դիրքը չի հանգեցնում ազդեցության լծակների չկիրառման: Այժմ Վրաստանը գտնվում է թուրք-վրացական աքցանի մեջ և փորձում է այլընտրանքային ուղիներ փնտրել:

Կախա Քալաձեն իր վերջին ելույթում նշել էր նաև, որ ռուսական գազի գնումը կնպաաստի գնային մրցունակության բարձրացմանը: 2017թ-ին վրաց-ադրբեջանական գազային համաձայնագրի ժամկետը լրանում, և Վրաստանի համար կենսական կարևորություն ունի պահպանել այն արտոնյալ գինը, որն առաջարկում է Ադրբեջանը: Այն 1000 խորանարդ մետրի դիմաց 140 դոլար գնով է գազ վաճառում Վրաստանին, ինչը շուկայականից աննախադեպ ցածր գին է: Վրացական տնտեսությունն էլ հաշվարկները կատարում է հենց այս սակագնի շրջանակներում, քանի որ ի վիճակի չէ վճարել համաշխարհային շուկայական արժեքով:

Վրաստանը ոչ մեծ ծավալներով գազ ստանում է նաև Ռուսաստանից` ի հաշիվ Հայաստան ներմուծվող գազի տարանցման ուղի տրամադրելուն: Խորհրդային միության փլուզումից հետո Ռուսաստանը Հայաստանին կապող գազատարի մի հատվածը մնաց Վրաստանի կազմում, որն էլ համարվում է Վրաստանի պետական սեփականությունը: Որքան էլ Ռուսաստանը փորձում է գնել այն Վրաստանից, սակայն վրացական տարբեր իշխանությունները զգուշանում են վաճառել պետական ունեցվածքը: 1992թ-ին Վրաստանը, Ռուսաստանն ու Հայաստանը համաձայնության են եկել, որ Վրաստանը ստանա դեպի Հայաստան մատակարարվող գազի 10 տոկոսը, որը տարեկան կազմում է 2.5 միլիոն մետր խորանարդ գազ: Նախատեսվում է այս ծավալների մեծացում:

Բացի այս լուրեր են պտտվում, որ «Գազպրոմ»-ը ղազախական «Ղազտրանսգազ-Թբիլիսի» ընկերությունից պատրաստ է վերագնել Թբիլիսիի գազաբաշխիչ ցանցը, որն առանց վրացական կառավարության համաձայնության հնարավոր չէ: Վերջերս մեծ սկանդալ է հասունացել վրացական կառավարության և «Ղազտրանսգազ-Թբիլիսի» ընկերության միջև: Ղազախական կողմը նույնիսկ հայտարարել է, որ եթե հարցին լուծում չտրվի, ապա գործը կարող է հասնել միջազգային արբիտրաժային դատարան:

«Ղազտրանսգազ» ընկերությունը գնել է Թբիլիսիի գազաբաշխիչ համակարգը դեռևս 2006թ-ին, սակայն 2009թ-ից սկսած ընկերությունը ֆինանասական դժվարություններ ունեցավ և վրացական կողմը ընկերության կառավարումը վերցրեց է իր ձեռքը: Այժմ ղազախական կողմը պահանջում է 2006-2009թթ-ին կատարած 130 միլիոն դոլար ներդրումը: Հարցի լուծումը մոտ ապագայում դժվար տրվի, սակայն բացառված չէ, որ ռուսական ընկերությունը վերագտնի տարիներ առաջ կորցրածը:

Կարելի է նկատել, որ ռուսական կողմը, չնայած առկա դժվարություններին, գործնական քայլերի է դիմում` կրկին մտնելու վրացական էներգետիկ շուկա: Այս ամենը հնարավորություն կտա Վրաստանին` ազատվելու ադրբեջանական գազային մենաշնորհից և դրանից բխող հետևանքներից: Չնայած Ադրբեջանի հետ առկա լավ հարաբերություններին, վրացական կողմը գիտակցում է, որ ցանկացած մենաշնորհ վաղ թե ուշ հանգեցնելու է քաղաքական ազդեցության մեծացման, և Վրաստանին դարձնելու է Ադրբեջանի կամակատարը:

 

Աննա ԲԱՐՍԵՂՅԱՆ

  

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում