Կաթողիկոսն ընդունել է Ֆրեզնոյի շրջանից ժամանած բժիշկներին

Կաթողիկոսն ընդունել է Ֆրեզնոյի շրջանից ժամանած բժիշկներին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը հոկտեմբերի 11-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալել է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Ֆրեզնոյի շրջանի բժիշկներին` ուղեկցությամբ Ֆրեզնոյում ՀՀ պատվո հյուպատոս Պերճ Աբգարյանի: Ինչպես տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, Պերճ Աբգարյանը, ներկայացնելով արհեստավարժ բժիշկներին, Նորին Սրբությանը տեղեկացրել է, որ նրանք ժամանել են Հայաստան իրենց մասնագիտական հարուստ փորձառությամբ աջակցելու հատկապես Հայաստանի մարզերի բնակչությանը:

Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց կաթողիկոսն իր գնահատանքն է փոխանցել Մայր Աթոռ այցելած բժիշկների խմբին` ընդգծելով, որ վերջիններս օրհնյալ և աստվածահաճո առաքելություն են իրականացնում` առողջապահության ոլորտում իրենց անսակարկ ծառայությունը մատուցելով հայ ժողովրդի կարիքավոր զավակներին: Գարեգին Բ Հայրապետը մեծ գոհունակությամբ փաստել է այն, որ բժիշկների խումբը հոգալու է հատկապես մարզային բնակչության կարիքները:

Նորին Սրբությունը նաև անդրադարձել է Մայր Աթոռի հովանու ներքո գործող «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գործունեությանը` հյուրերին ներկայացնելով վերջին տարիներին հայ հասարակության մեջ բժշկական հաստատության կողմից իրականացվող սոցիալական ծրագրերը:

Վերջում Ամենայն Հայոց կաթողիկոսը Աստծու օգնությունն ու զորակցությունն է հայցել նրանց պատասխանատու առաքելության ընթացքին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Մայր Աթոռի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում