Հայաստան կժամանի Իրանի նախագահի առաջին տեղակալը

Հայաստան կժամանի Իրանի նախագահի առաջին տեղակալը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրավերով պաշտոնական այցով հոկտեմբերի 14-15-ը Հայաստան կժամանի Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին։ Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, այցի շրջանակում նախատեսված են Իրանի նախագահի առաջին տեղակալի հանդիպումները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ։

Հոկտեմբերի 14-ին ՀՀ կառավարությունում ՀՀ վարչապետի և ԻԻՀ նախագահի առաջին տեղակալի առանձնազրույցին կհետևի ընդլայնված կազմով հանդիպումը, որից հետո Հովիկ Աբրահամյանը և Էսհաղ Ջահանգիրին հանդես կգան ԶԼՄ ներկայացուցիչների համար հայտարարությամբ: Հոկտեմբերի 15-ին ՀՀ վարչապետի և ԻԻՀ առաջին փոխնախագահի մասնակցությամբ Երևանում տեղի կունենա հայ-իրանական գործարար համաժողով:

Նախատեսված է նաև ԻԻՀ նախագահի առաջին տեղակալի այցը Մատենադարան, որտեղ նա կմասնակցի Անտուան և Անդրե Սևրուգյանների ցուցահանդեսի բացման արարողությանը: Էսհաղ Ջահանգիրին կայցելի նաև Երևանի «Կապույտ» մզկիթ, կմասնակցի «Կապույտ» մզկիթի հիմնադրման 250-ամյակին նվիրված ընդունելությանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում