Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը Գերմանիայի խորհրդարանին կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը Գերմանիայի խորհրդարանին կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը նամակով կոչ է արել Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամերթին արագացնել Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձեւի ընդունման գործընթացը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ`  նույնաբովանդակ նամակներ են հղվել Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահին, ինչպես նաեւ իշխող երկու կուսակցությունների՝ Քրիստոնյա-դեմոկրատների միության եւ Սոցիալ դեմոկրատական կուսակցության նախագահներին:

 «Մենք կոչ ենք անում գերմանացի օրենսդիրներին (Հայոց ցեղասպանության) հարյուրամյա տարելիցի տարում գրավոր ձևով ամրագրել Բունդեսթագի բոլոր խմբակցությունների ներկայացուցիչների կողմից ապրիլի 24-ին հնչեցրած այն իրավական դիրքորոշումները, որոնք ճանաչում են հայերի, ասորիների, հույների նկատմամբ Օսմանյան կայսրությունում իրականացված ցեղասպանությունը»,- նշվում է նամակում:

Նամակի հեղինակները համոզմունք են հայտնել, որ Գերմանիայի առաջնորդները կօգնեն Թուրքիային հաղթահարել պատմական հիշողության հետ առերեսվելու դժվարությունները:

Նամակները ստորագրել են այնպիսի հայտնի ցեղասպանագետներ, ինչպիսիք են Ֆրանկ Չալքը, Իսրայել Չարնին, Դանիել Ֆեյերշտեյնը, Ուիլիամ Շաբասը, Ռոջեր Սմիթը, Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության նախագահ Էնդրյու Վուլֆորդը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում