Ռուս-իրանական դաշինքը նոր խնդիրներ է ստեղծում Թուրքիայի համար

Ռուս-իրանական դաշինքը նոր խնդիրներ է ստեղծում Թուրքիայի համար

Իրանական լրատվամիջոցներում տեղեկատվություն է տարածվել այն մասին, որ երկրի մի քանի հազար զինվորականներ մասնակցելու են Սիրիայում ահաբեկչական կազմակերպությունների դեմ մղվող պայքարին: Համացանցում անգամ տարածվել են Սիրիա ժամանող բանակայինների լուսանկարներ, ինչը վկայում է այն մասին, որ Ռուսաստանի գործողությունները Մերձավոր Արևելքում հետևորդներ են գտնում: Համաձայն տարածված տեղեկությունների, իրանական զորքը մտադիր է աջակցել Ասադի իշխանություններին Հալեպի նահանգը այսպես կոչված Իսլամական պետության ներկայացուցիչներից մաքրելու գործում: Իրանական կողմը մոբիլիզացրել է նաև լիբանանյան «Հեզբոլլահ» ռազմաքաղաքական միավորման գործունեությունը և այսուհետև միասնական ճակատով հանդես է գալու Սիրիայում հաստատված կրոնական ծայրահեղականների դեմ:

Չնայած այն հանգամանքին, որ Թեհրանը պաշտոնապաես հաստատում է միայն Սիրիա ռազմական խորհրդատուներ ուղարկելու փաստը, այնուամենայնիվ հակամարտության գոտուց ստացվող տեղեկություններն վկայում են այն մասին, որ Սիրիայում իսկապես իրանական զորքեր են հայտնվել: Մերձավոր Արևելքի քաղաքական զարգացումներին հետևող փորձագիտական հանրությունն ակնկալում էր, որ ուշ թե շուտ Իրանի Իսլամական Հանրապետությունը ավելի մեծ ներգրավվածություն կունենա սիրիական ճգնաամում: Թեհրանը վաղուց էր աջակցում Ասադի իշխանություններին հնարավոր բոլոր միջոցներով՝ այդ թվում նաև ռազմական մասնագետներ և փորձառու հրամանատարներ տրամադրելով: Սակայն մինչ միջուկային ծրագրի շուրջ Արևմուտքի հետ համաձայնության գալն ու ռուսական ռազմական օպերացիայի սկիզբը Սիրիայում, Իրանի հնարավորությունները Մերձավոր Արևելքում զգալիորեն սահմանափակված էին: Պաշտոնական Թեհրանը երկար ժամանակ ստիպված էր բոլոր ռեսուրսները կոնսոլիդացնել սեփական երկրի անվտանգությունն ապահովելու համար: Իսկ հիմա տարածաշրջանում իրավիճակ է փոխվել և Իրանի իշխանությունները փորձում են վերականգնել նախկին ազդեցությունը իրենց համար կենսական նշանակություն ունեցող տարածաշրջանում:

Սիրիային ավելի զգալի աջակցություն ցուցաբերելու Թեհրանի որոշումը, որքան էլ այն պայմանավորված լինի տարածաշրջանում ռուսական ռազմական ներկայությամբ, նոր լիցքեր է հաղորդելու Մերձավոր Արևելքում հակաարևմտյան դաշինք ձևավորելու՝ նույն Ռուսաստանի կողմից նախաձեռնած գործընթացին: Սիրիայում Կրեմլի վճռական գործողությունները սպասվածից ավելի շուտ արդյունքներ տվեցին: Համաձայն այդ երկրից ստացվող տեղեկատվության, կառավարական ուժերը մեծ հաջողությամբ ազատում են ահաբեկիչների վերահսկողության տակ անցած տարածքներ, իսկ հիմա նաև միջազգային կոալիցիա է ձևավորվում:

Պարզ է, որ դեպքերի նման զարգացումը Սիրիայում լուրջ մտահոգություններ է առաջացնելու տարածաշրջանային և միջազգային մի շարք ուժային կենտրոններում: Այսպես, ԱՄՆ-ն ու նրանց արևմտյան դաշնակիցները վաղուց են արդեն ընտրել Ռուսաստանին քննադատելու, ռուսների գործողությունները Սիրիայում ամեն գնով սևացնելու մարտավարությունը: Միացյալ Նահանգների շխանություններն անգամ որոշակի ռազմական աջակցություն են ցուցաբերում Ասադի դեմ պայքարող որոշ կառույցների, որոնց Արևմուտքում նախընտրում են չափավոր ընդդիմություն կոչել: Բայց, դատելով ամենից, Վաշինգտոնը Մերձավոր Արևելքում ավելի որոշակի գործողությունների ցանկություն, հնարավոր է՝ նաև հնարավորություն չունի: Այդ մասին են վկայում նաև Օբամայի ու նրա վարչակազմի այլ ներկայացուցիչների հայտարարությունները:

Վերջիններս փորձում են իրենց ազդեցությունը տարածաշրջանում պահպանել տարբեր ուժերի հակակշռության գործոնի միջոցով՝ հուսալով, որ այսպես կոչված «Soft Power» քաղաքականությունը կարճաժամկետ առումով կարող է լավ լուծում լինել իրենց տարածաշրջանային շահերի համար:

Բայց արևմտյան պետություններից առավել շատ Սիրիայում կառավարական ուժերի և նրանց դաշնակիցների ռազմական հաջողություններով մտահոգված են Սաուդյան Արաբիան ու Թուրքիան: Թուրքական որոշ լրատվամիջոցներ անգամ տեղեկություններ են տարածել այն մասին, իբր Անկարան զորք է մտցրել Սիրիայի տարածք։ Իհարկե, մինչ այս պահը այդ լուրերը ճշտված չեն, բայց պետք է ասել, որ նման հնարավորությունը նույնպես սպասելի է։ Թուրքիան տարիներ շարունակ էքսպանսիոնիստական քաղաքականություն է վարել Մերձավոր Արևելքում և չի պատրաստվում տարածաշրջանն այդքան հեշտ զիջել Ռուսաստանին և Իրանին։ Հատկապես եթե հաշվի առնենք նաև այն փաստը, որ ընդամենը մի քանի ամիս առաջ Թուրքիան դեռևս շատ հանգիստ էր իրեն զգում արաբական աշխարհում։ Օգտվելով ռուս-ամերիկյան աշխարհաքաղաքական մրցակցությունից Ուկրաինայում, Թուրքիայի իշխանությունները մի քանի անգամ զորք են մտցրել Սիրիայի և Իրաքի տարածք` ստեղծելով այնտեղ անվտագության գոտիներ և դաշնակից ուժեր։ Իրավիճակը հիմա սակայն փոխվել է, և Թուրքիային Մերձավոր Արևելքում Ռուսաստանի գործունեությունից ավելի շատ անհանգստացնում է Իրանի գործողությունները։ Ամեն ինչ խոսում է այն մասին, որ տարածաշրջանում թուրք-իրանական հակամարտություն է հասունանում, ինչն իր մեջ սպառնալիքներ է պարունակում նաև հարևան պետությունների համար։

Ստեղծված իրավիճակն, իհարկե, զարգացման շատ հնարավորություններ ունի։ Թուրքիայի համար ամեն ինչ բարդանում է նաև այն հանգամանքով, որ երկրի ներսում քրդերի դեմ իրական պատերազմ է սկսվել։ Բացի այդ, Անկարայի դաշնակիցները երկար ժամանակ առարկում էին Մերձավոր Արևելքում Թուրքիայի ակտիվության դեմ, իսկ հիմա էլ չեն կարող բավարար չափով ռազմական աջակցություն ցուցաբերել Սիրիրայի օրինական իշխանությունների դեմ պայքարող ահաբեկչական կազմակերպություններին ու Թուրքիային։

Միևնույն ժամանակ, Ռուսաստանն ու Իրանը Սիրիայում մեծ հաջողությամբ լուծում են իրենց առջև դրված կարճաժամկետ ու երկարաժամկետ խնդիրները։ Այժմ արդեն կարելի է վստահ պնդել, որ Մերձավոր Արևելքում Թուրքիայի ախորժակը սահմանափակող նոր գործոն է հայտնվել։ Եվ, կապված Անկարայի հետագա քայլերից, այդ գործոնը կարող է սպառնալ նաև Թուրքիայի տարածքային ամբողջականությանը։ Վստահ եմ` Իրանում` ներկայիս Թուրքիայի տարածքում բնակվող քրդերի հետ նոր համագործակցություն սկսելու առիթ վաղուց են որոնում։ Եվ եթե Անկարան հանկարծ որոշի խոչնդոտել ռուս-իրանական գործողություններին Սիրիայում, ապա դա կդառնա ժամանակակից Թուրքիայի ամենաճակատագրական սխալը։

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում