Անկախությունը նպատա՞կ, թե՞ միջոց Հարավային Օսիայի համար

Անկախությունը նպատա՞կ, թե՞ միջոց Հարավային Օսիայի համար

Հարավային Օսիայի Նախագահ Լեոնիդ Տիբիլովը հայտարարել է, թե այդ երկիրը մտադիր է հանրաքվե անցկացնել ու միանալ Ռուսաստանին:

Տիբիլովն այս մասին բարձրաձայնել է Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիսլավ Սուրկովի հետ հանդիպմանը:

Հարավային Օսիայի նախագահն ընդգծել է, թե «Ռուսաստանի հետ վերամիավորումը հարավօս ժողովրդի դարավոր երազանքն է, ինչին 2 դար խոչընդոտել է վրացական շովինիզմն ու ֆաշիզմը»:

Չնայած նախագահը համարվում է պետության գլուխը և համար մեկ որոշում կայացնող անձը, սակայն դժվար է միանշանակ ասել, թե Տիբիլովի այս հայտարարությունը որքանով է իրականում արտահայտում հարավօս ժողովրդի ցանկությունները:

Հարավային Օսիան տարածաշրջանում երեք չճանաչված հանրապետություններից մեկն է: Հետաքրքիր է հետևել այն քաղաքական զարգացումներին, որոնք սկսվում են ժողովուրդների անկախության համար պայքարով և շարունակվում դրան հաջորդող քաղաքական գործընթացներով: Շատ ժողովուրդների համար անկախությունը նպատակ է դառնում, որին հասնելուց հետո տվյալ քաղաքական միավորումը չունի ապագայի տեսլական, ռազմավարություն և ձգտումներ: Մինչդեռ անկախությունը ոչ թե պետք է լինի տվյալ ժողովրդի ինքնանպատակը, այլ միջոց` հասնելու այն նպատակներին, որոնք անհասանելի էին անկախության բացակայության պայմաններում:

Հարավային Օսիային էլ կարելի է դասել այն անկախացած միավորների շարքին, որի համար անկախությունը նպատակ էր, որին չհաջորդեցին երկրի վերականգնման, ժողովրդի բարեկեցության լավացմանն ուղղված իրական քայլեր:

Հարավային Օսիայում տիրող վերջին քաղաքական զարգացումների, բնակչության մեջ տիրող հիմնական տրամադրությունների վերաբերյալ զրուցեցինք Հարավային Օսիայում ապրող Эхо Кавказа-ի թղթակից Զարինա Սանակոևայի հետ: Վերջինս փաստեց, որ Հարավային Օսիայի բնակչության շրջանում համատարած հիասթափության մթնոլորտ է, որը կապված է անկախությանը հաջորդող գործընթացների հետ: Հարավային Օսիան անկախություն է ձեռք բերել 2008թ-ին օգոստոսին, սակայն վերջին 7 տարիների ընթացքում քաղաքական էլիտան չի արդարացրել բնակչության հույսերն ու սպասումները: Մասնավորապես` հետպատերազմական վերականգնման գործընթացը չափազանց երկար է ձգձգվում և դարձել է քաղաքական սակարկումների պատճառ: Այս պատճառաբանության ֆոնին ` երկրում ծաղկում է կոռուպցիան: Այն միջոցները, որոնք պետք է ուղղվեին երկրի արագ վերականգնմանը, դարձել են քաղաքական էլիտայի կռվախնձորը` բնակչության շրջանում մեծացնելով դժգոհությունը:

Հարավային Օսիայի բնակչության շրջանում կարծիքները բազմազան են` կապված երկրի հետագա ճակատագրի հետ: Երիտասարդության շրջանում մեծ թիվ են կազմում անկախականները, ովքեր կարծում են, որ երկիրը պետք է հասնի միջազգային ճանաչման: Սակայն 2014թ-ի խորհրդարանական ընտրությունների միջոցով իշխանության եկած ուժերը գտնում են, որ անկախությանը հաջորդած քայլը պետք է լինի միացումը Ռուսաստանին, ուստի այս տեսանկյունից Հարավային Օսիայի նախագահի հայտարարությունը պատահական չենք կարող որակել: Այլ հարց է, թե Ղրիմի իրավիճակից հետո Ռուսաստանի համար որքանով է նպատակահարմար Հարավային Օսիայի դե յուրե ամրագրումն իր կազմում: Դե ֆակտո Հարավային Օսիան կարելի է համար Ռուսաստանի դաշնային սուբյեկտներից մեկը, մանավանդ որ բնակչության շրջանում մեծ թիվ են կազմում ՌԴ-ի քաղաքացիություն ունեցող անձիք: Քաղաքացիությունը և երկրի դուրս գալը ևս մեծ խնդիր է Հարավային Օսիայում: Չնայած, որ բնակչությունն ունի ռուսական ներքին անձնագրեր, սակայն երկրի դուրս գալու համար անհրաժեշտ են նաև արտասահմանյան անձնագրեր, որը ևս տրվում է ՌԴ-ի կողմից:

Հարավային Օսիայում բնակչության շրջանում չնչին տոկոս են կազմում այն մարդիկ, ովքեր ցանկանում են միանալ Հյուսիսային Օսիային և անկախանան նաև Ռուսաստանից: Օս լրագրողուհու հավաստմամբ` նման մարդկանց շատ հազվադեպ կարելի է հանդիպել:

Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին օրեր առաջ Հարավային Օսիայի և Աբխազիայի բնակչությանը օգուտներ էր խոստացել Վրաստանի տնտեսության զարգացումից և Եվրամիության հետ ասոցացումից:

«Դուք օգուտներ կստանաք Վրաստանի աճող տնտեսությունից և Եվրամիության հետ մեր ասոցացումից»,- ասել է նա՝ հոկտեմբերի 1-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի ամբիոնից դիմելով Աբխազիայի և Հարավային Օսիայի ժողովուրդներին:

Նման հայտարարությունները Հարավային Օսիայում արձագանք չեն գտնում. Չնայած բնակչության շրջանում Վրաստանի նկատմամբ թշնամական տրամադրվածությունը հանդարտվել է, սակայն Վրաստանի կազմ վերադառնալու մասին ոչ ոք չի ուզում անգամ լսել:

Հարավային Օսիայում կցանկանան համագործակցել Եվրամիության հետ, սակայն Զարինա Սանակոևայի դիտարկմամբ, ԵՄ-ն և ոչ էլ որևէ ուժ չի կարող այլընտրանք լինել Ռուսաստանին: Ռուսաստանի հետ պատմական, մշակութային, քաղաքական տնտեսական և այլ կապերն այնքան խորն են, որ Վրաստանի իշխանությունների ջանքերն անօգուտ կլինեն: Ռուսաստանը Հարավային Օսիայում ընկալվում է, որպես ազատարար, իսկ Վրաստանը` դաժան զավթիչ, որին մեղադրում են նույնիսկ օսերին ցեղասպանության ենթարկելու մեջ:

Հարավային Օսիայի` Ռուսաստանի դաշնային սուբյեկտ դառնալը ժամանակի հարց է, որը պայմանավորված կլինի ոչ միայն տվյալ ժողովուրդի կամարտահայտումից և հանրաքվեի արդյունքներից, այլ նաև ստեղծված միջազգային դրությունից:

 

Աննա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում