Ադրբեջանական ընտրությունները համատարած անուշադրության են մատնվում

Ադրբեջանական ընտրությունները համատարած անուշադրության են  մատնվում

2015թ-ի նոյեմբերի 1-ին Ադրբեջանում կկայանան խորհրդարանական ընտրությունները: Ադրբեջանի միապալատ խորհրդարանի 125 մեծամասնական տեղերի համար կպայքարեն 769 թեկնածուներ: Նախնապես գրանցվել էր 1246 թեկնածու, սակայն նրանցից 477-ը հանեց իր թեկնածությունը:

Ադրբեջանում պատգամավոր դառնալու ցանկություն հայտնած թեկնածուների բազմաքանակությունն ամենևին էլ չի վկայում ժողովրդավարական պլյուրալիզմի առկայության մասին: Ընտրությունից ընտրություն Ադրբեջանի քաղաքական համակարգը դառնում է ավելի ավտորիտար, իսկ իշխանությունների տարանջատման սկզբունքը` լղոզված:

2010թ-ի խորհրդարանական ընտրություններում պայքարում էր 33 քաղաքական կուսակցությունների 690 ներկայացուցիչներ: Արդյունքում Ալիևի իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցությունը ամրագրեց 74 տեղ, «Քաղաքացիական համերաշխության կուսակցությունը»՝ 3, «Հայրենիք կուսակցությունը»՝ 2, անկուսակցական թեկանուծները՝ 38, իսկ թեկնածուները, որոնք չէին նշել իրենց կուսակցական պատկանելիությունը` 8 տեղ:

Մեծամասնական համակարգի առկայությունն էլ ավելի մեծ հնարավորություններ է ընձեռում Ալիևի կուսակցությանն անկուսակացականների կարգավիճակի ներքո խորհրդարան անցկացնել նախընտրելի պատգամավորներին և բացարձակ մեծամասնություն կազմել Մեջլիսում:
Ադրբեջանի իշխանությունները պատրաստվում են հերթական խորհրդրանական ընտություններին դրանցից դեռևս հինգ տարի առաջ: Նախապատրաստական աշխատանքների մեջ է մտնում ընդդիմության հիմնական թեկնածուների ու քաղաքական ուժերին չեզոքացումը և քաղաքական ասպարեզից հանելը: Ստացվում է, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընդդիմության հիմնական թեկնածուները կամ լինում են բանտում, կամ այլ երկրներում քաղաքական ապաստան են ստանում կամ էլ ուղղակի հեռանում են քաղաքականությունից:

Այն կուսակցությունները, որոնք գրանցվում են ընտրություններում սովորաբար իշխանությունների կողմից ստեղծված և ընդդիմադիր պիտակավորումը ստացած ուժերն են: Այս ամենն ակնհայտ է ոչ միայն մեզ և ադրբեջանական հասարակության, այլ նաև արտաքին աշխարհի համար: Սակայն եվրոպական կառույցները հասկացել են, որ զուր ժամանակ և միջոցներ են ծախսում ադրբեջանական ընտրությունների վրա: Միևնույնն է ոչ իրենց պատրաստած երկարաշունչ զեկույցներն են ազդեցություն ունենում, ոչ էլ դիտորդների նկատառումներն են հաշվի առնվում: Պատահական չէ, որ այս տարի բազմաթիվ հեղինակավոր եվրոպական կառույցներ հրաժարվել են մասնակցել և դիտորդական առաքելություն իրականացնել ընտրությունների ժամանակ:

Սկանդալային միջադեպ տեղի ունեցավ ԵԱՀԿ-ի և ադրբեջանական իշխանությունների միջև: Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ԺՀՄԻԳ-ից պահանջել էր նախատեսված 400 դիտորդներից ավելի քիչ մարդ ուղարկել Ադրբեջանն: Նա անընդունելի էր համարել, որ Ադրբեջան ուղարկվի այնքան դիտորդ, որքան ուղարկվում է 100 միլիոնից ավելի բնակչություն ունեցող երկրներ:
Ի պատասխան ԵԱՀԿ-ն նշեց, որ դիտորդներ չի ուղարկի ադրբեջանական ընտրություններին:
«Այդ պատճառով էլ կառույցն ստիպված էր չեղարկել նախատեսված առաքելույթյունը։ Կարծում եմ, որ եթե մեր գործընկեր ԺՀՄԻԳ-ին թույլ չեն տալիս հետևել Ադրբեջանի ընտրությունների ընթացքին, մենք ևս դա չենք անի»,- հայտարարել էր ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Իլկա Կաներվան:

Սակայն որոշ ժամանակ անց հայտարարվեց, որ ԵԽԽՎ-ն կմասնակցի Ադրբեջանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների դիտորդական առաքելությանը: Ընդհանրապես ԵԽԽՎ-ն եվրոպական այն աղմկահարույց կառույցներից է, որտեղ ադրբեջանական իշխանությունները գործընկերներ են գտնում իրենց անօրինական գործողություններն լեգիտիմացնելու համար: Ադրբեջանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն կիրականացնի նաև ԱՊՀ-ի 70-ից ավելի դիտորդ:

Կանխատեսել, որ ընտրությունները որևէ բան կփոխեն ադրբեջանական իրականության մեջ, այնքան էլ ռեալ չէ: Սակայն վտանգավոր են միտումները, որոնք ամրապնդվում են այս ընտրություններով: Ադրբեջանը գնում է մեկուսացման ուղիով, ինչն ավելի անկանխատեսելի է դարձնում այդ պետության վարքագիծը: Միջազգային կազմակերպությունների առաջ ստանձնած պարտավորությունների ստանձնումից հրաժարվելը ոչ ցանկալի նախադրյալներ են ստեղծում: Ադրբեջանական ընտրությունների մշտադիտարկումից հրաժարվելը ձեռնատու է հենց ալիևյան ռեժիմին, որն ավելի քիչ գումարներ կծախսի ընտրությունների արդյունքները ծածկադմփոց անելու համար: Եվրոպան պիտի դիմի վճռական քայլերի և իրական պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի նկատմամբ, որոնք կստիպեն փոխել այդ երկրի իշխանությունների վարքագիծը:

 

Աննա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում