«Մեր աչքերն ու ականջները». ՀՀ ԶՈՒ հետախուզական զորքերը 23 տարեկան է

«Մեր աչքերն ու ականջները». ՀՀ ԶՈՒ հետախուզական զորքերը 23 տարեկան է

Արցախյան պատերազմի ժամանակ կամավորական ջոկատների և ինքնապաշտպանական ուժերի կազմում ձևավորվեցին առանձին հետախուզական խմբեր` որոնք տեղեկություններ էին հայթայթում հակառակորդի մասին, միաժամանակ, իրականացնում այսպես ասած՝  դիվերսիոն-հետախուզական  գործողություններ թշնամու թիկունքում: Արդեն 92-ի նոյեմբերի 5-ին կամավորական ջոկատների հիմքի վրա ավարտվեց ՀՀ ԶՈՒ հետախուզական զորամասի ձևավորումը և հենց այդ օրն էլ ավելի ուշ ՀՀ ԶՈՒ-ում պաշտոնապես ընդունվեց որպես հետախուզական զորքերի օր:

Հետպատերազմյան կամ  չհայտարարված  պատերազմի տարիները ցույց տվեցին, որ առավել քան երբևէ հայ հետախույզն  ունի  բարձր պատրաստվածություն, ասել է թե՝  մեր  «աչքերն ու ականջները» լավ են  տեսնում  ու լսում  և  կարող են  կանխել հակառակորդի ցանկացած սադրանք,  դիվերսիոն գործողություն՝ պատշաճ կերպով ապահովելով  հայրենիքի սահմանների անվտանգությունը:

Ասվածում  հերթական անգամ  համոզվեցինք անցած տարվա հուլիս-օգոստոս ամիսներին, երբ  հակառակորդը հատուկ ակտիվություն դրսևորեց և  գրեթե առանց ընդմիջումների դիմում էր  դիվերսիոն գործողությունների: Բայց  հայ ժամկետայինները կարողացան  հաղթել  Թուրքիայում և այլ երկրներում պատրաստված  ադրբեջանական հատուկ նշանակության խմբավորման անդամներին: Իհարկե, մեր դեպքում չպետք է անտեսել նաև փորձառու  հետախույզներին,  բայց  դա չէ էականը, այլ այն, որ մեր տղաներն ավելի լավն են, քան հատուկ պատրաստություն անցած թշնամու զինյալները:

Սա աննկատ չմնաց անգամ ռուս ռազմագետ-փորձագետների տեսադաշտից և օգոստոսյան մինի-պատերազմից հետո ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի վարիչ, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևն օրինակ Երևանում հրավիրված ասուլիսին ընդունեց՝  հակառակորդի դիվերսիոն գործողությունները հաջողվեց կանխել ոչ միայն, որ  առաջնագծում կանգնած զինվորն ամուր մնաց իր դիրքերում և կարողացավ սպաների կողմից տրված խնդիրներն արագ լուծել, այլև «բավական լավ աշխատեց հայկական կողմերի հետախուզությունը»:

Այստեղ, թերևս, արժե հիշել Ադրբեջանի կողմից խոցված ԼՂՀ ռազմաօդային ուժերի ՄԻ-24 ուղղաթիռի անձնակազմի մարմինների դուրս բերման փայլուն օպերացիան՝ մասնակցությամբ հատուկ   նշանակության ջոկատայիններից կազմված 4 հոգանոց խմբի:

Առհասարակ,  լինելով  խրամատային բանակ և ժամանակ առ ժամանակ զգալով թշնամու  դիվերսիոն-հետախուզական  ներթափանցումներին պատասխան տալու  անհրաժեշտություն, հետախույզները ևս անկախ տրամաչափից՝ դիմում են փայլուն գործողությունների:

Մասնագետները նշում են, որ   բավականին թանկ հաճույք է  ռազմական հետախուզության համար անհրաժեշտ տեխնիկան՝ շեշտելով, որ հետախուզության մեջ առաջնային գործոնը միևնույն է՝ մարդն է, նրա ներքին պատրաստվածությունը: Ասել կուզեն՝ հետախույզն առաջին հերթին մտքով և հոգով պետք է ուժեղ ու «առողջ» լինի, ֆիզիկական  պատրաստվածության խնդիրն ավելի հեշտ լուծելի է: 

Դեռևս երկու-երեք տարի առաջ նախկին հետախույզները խոսելով այն մասին, որ, առհասարակ,  հետախույզներ պատրաստելն է թանկ հաճույք  և, որ ամեն  երկիր իրեն չի կարող թույլ տալ ունենալ հետախուզական բազա, նկատեցին՝ մենք այն պետություններից ենք, որ մեր դաշնակիցների, տվյալ դեպքում` Ռուսաստանի օգնությամբ ենք պատրաստում հետախույզներ.

«Այն գրքով, որով սովորում են հայ հետախույզները ռուսական կրթական հաստատություններում, առաջին էջում գրված է` «հատուկ օտարերկրյա ուսանողների համար»: Սա նշանակում է, որ թաքցնելու բան ունեն, իսկ ադրբեջանցի հետախույզները պատրաստվում են հատուկ թուրքական ուսումնական բազաներում: Մենք անգամ այս հարթությունում անհավասար պայմաններում ենք գտնվում»:

Վերոնշվածում, բնականաբար, ճշմարտության տարր կա, բայց մի բան պարզ է՝ հայ հետախույզները պատերազմի ժամանակ դիմել են այնպիսի հնարքների, որոնք ոչ մի դասագրքում չկան:

Ըստ այդմ՝ նախկին որոշ հետախույզներից ոմանք առիթի դեպքում պահանջում են, որ իրենց  մասնագիտական   տոնն այլ օր նշեն և ոչ թե նոյեմբերի 5-ին, երբ ՌԴ նախագահի 2006թ. մայիսի 31-ի հրամանով, նշվում է որպես ռազմական հետախույզի օր, իսկ 1918թ.-ին այդ օրը Պետրոգրադում  Կարմիր բանակի դաշտային շտաբի կազմում ձևավորվել է բանակի հետախուզական մարմինների  գործողությունները համակարգող գրանցման վարչություն, որը ներկայիս գործող ռազմական  հետախուզության կենտրոնական մարմնի՝ ՌԴ ԶՈՒ ԳՇ գլխավոր հետախուզական վարչության նախատիպն էր:

«Հետախույզը ազգայնական է՝ բառի  դրական իմաստով, ուստի ճիշտ չեմ համարում ապրելով անկախ Հայաստանում,  հետախույզների օրը  նշել  Ռուսաստանի որոշված օրը: Մենք համապատասխանտարեթվեր ունենք»,-ասում են նրանք:

Ինչևէ,  քանի դեռ հայ հետախույզի օրն ամրագրված է  նոյեմբերի 5-ին,  մեզ  այլբան չի մնում, քան ցանկանալ, որ մեր «աչքերն ու ականջները» գնալով էլ ավելի լավ տեսնեն  ու լսեն, հատկապես, երբ ունենք արկածախնդիր հարևան  և  չավարտված պատերազմ:

ՄԱՐԻԱՄ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում