ԵԽԽՎ-ում Ուոլտերի «կարապի երգը» կրկին նվիրված էր Ադրբեջանին

ԵԽԽՎ-ում Ուոլտերի «կարապի երգը» կրկին նվիրված էր Ադրբեջանին

Նոյեմբերի առաջին շաբաթվա գլխավոր իրադարձություններից մեկը մեզ համար, թերևս, Փարիզում տեղի ունեցած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Քաղաքական հարցերի և ժողովրդավարության հարցերով հանձնաժողովի նիստն էր, որի օրակարգում ընդգրկված էր նաև Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ զեկույցը։ Զեկուցող, բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլտերը ներկայացրել էր արդեն «Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում բռնությունների աճ» վերնագրված զեկույցի նախագիծը, որը հավանության է արժանացել հանձնաժողովում և այն կներկայացվի 2016թ․-ի ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի քննարկմանը։

Զեկույցի ակունքները հասնում են դեռևս 2014թ-ի հոկտեմբեր ամիսը, երբ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական կոմիտեն քննարկեց Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ զեկույցի պատրաստման հարցը և այդ խնդրով զեկուցող նշանակեց բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերին, ով հայտնի է ԵԽԽՎ-ում` որպես ադրբեջանական շահերի ներկայացուցիչ:Ուլթերի ընտրության հարցն արդեն իսկ կասկածելի էր. նա 35 կողմ, 32 դեմ և 3 անվավեր ձայներով դարձավ զեկուցող։ Բրիտանացի այս պահպանողական պատգամավորը ԵԽԽՎ-ում ադրբեջանական իշխանությունների կարկառուն պաշտպաններից է։

Հիշենք, որ 2013թ-ին տեղի ունեցած ադրբեջանական նախագահական ընտրություններում ԵԽԽՎ դիտորդական առաքելության ղեկավարն էր հենց Ուոլթերը։ ԵԽԽՎ «դիտորդները» Ալիևի վերընտրությունը գնահատեցին «ազատ, անկախ և թափանցիկ», ի տարբերություն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի, որն այն որակել էր մեղմ ասած ոչ ժողովրդավարական։ Արդեն իսկ նման հանգամանքների առկայությունը և հայկական կողմի կարծիքի բացակայությունը զեկույցը դարձրել էր միակողմանի և իրականության հետ աղերսներ չունեցող:

Պատահական չէ, որ այն հարուցել է ԼՂՀ խնդրի հիմնահարցով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Զեյմս Ուորլիքի զայրույթը, ով Twitter-ի իր էջում գրառել է. «ԵԽԽՎ-ն և մյուս միջազգային կազմակերպությունները պետք է խորհրդակցեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ նախքան ԼՂ հակամարտության վերաբերյալ զեկույց կամ բանաձև հրապարակելը»:

ԵԽԽՎ-ն եվրոպական այն կառույցներից է, որը չնայած չի զբաղվում Արցախյան հակամարտության կարգավորմամբ, սակայն ակտիվորեն հանդես է գալիս ոչ օբյեկտիվ զեկույցների ներկայացմամբ: ԵԽԽՎ-ի որոշ պատգամավորներ, որոնց մեջ հատկապես աչքի են ընկնում իսպանացիներն ու բրիտանացիները, «մեծ սիրով» օգտվում են ադրբեջանական իշխանությունների կաշառքի մեխանիզմներից և առաջ տանում ադրբեջանանպաստ դիրքորոշումները:

Մինչ Իլհամ Ալիևի իշխանության գալը ԵԽԽՎ-ն չէր խառնվում Արցախյան հակամարտությանը, սակայն որդի Ալիևը փոխեց հոր դրած ավանդույթները և, հսկայական միջոցներ ծախսելով, փորձեց բոլոր հնարավոր հարթակներն օգտագործել` հակահայկական քաղաքականություն իրականացնելու համար: Ծախսված գումարներն իրենց երկար սպասեցնել չտվեցին:

2005թ. հունվարին ԵԽԽՎ պլենար նիստում «Հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ, որով զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը» անունը կրող զեկույցի հիման վրա ընդունվեց 1416 բանաձևը: Այն հիմնված էր Աթկինսոնի զեկույցի վրա, որը  բաղկացած է երկու մասից՝ բանաձևից (15 կետ) և հանձնարարականից (10 կետ): Արցախին առնչվող բանաձևերից, սա առաջին էր Իսլամական պետությունների կոնֆերնաս կազմակերպության ընդունած բանաձևերից հետո, երբ Հայաստանը ճանաչվում էր` որպես զավթիչ պետություն: Զեկույցում կային մի շարք ձևակերպումներ, որոնք իսկապես անըդնունելի էին հայկական կողմի համար: Մասնավորապես` բանաձևի առաջին կետում նշվում էր «Ադրբեջանի տարածքի զգալի հատվածներ դեռևս գրավված են հայկական ուժերի կողմից, և անջատողական ուժերը դեռևս վերահսկում են Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանը»: Երկրորդ կետում նշվում է, որ ռազմական գործողությունները և դրանց նախորդող էթնիկական թշնամանքը հանգեցրել են էթնիկական հատկանիշով լայնածավալ արտաքսումների ու մոնոէթնիկ տարածքների ստեղծմանը: Այսպիսի ձևակերպումը նմանվում է «էթնիկական զտում» հասկացությանը, որը իրականության հետ աղերսներ չունի: Բանաձևում կար նաև կետ, որտեղ Ադրբեջանի կառավարությունը պետք է վերջ տա ռազմատենչ հայտարարություններին և առանց նախապայմանների շփումներ հաստատի Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի երկու համայնքների քաղաքական ներկայացուցիչների հետ՝ տարածաշրջանի ապագա կարգավիճակի առնչությամբ: ԵԽԽՎ-ն նման բանաձևի ընդունումը հիմնավորում էր, որ այն կնպաստի տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը, սակայն փաստացի Ադրբեջանն այս բանաձևի միջոցով կարողացավ միջազգային հանրության ուշադրությունը շեղել հակամարտության բուն էությունից՝ Լեռնային Ղարաբաղի քաղաքական կարգավիճակի հարցից՝ խնդիրը հանգեցնելով գրավված տարածքների ազատագրմանը և փախստականների վերադարձին:

Այս չարաբաստիկ բանաձևը նոր շունչ ստացավ ԵԽԽՎ-ում, երբ այդ կառույցի նախագահ դարձավ Թուրքիայի նախկին ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուն, ով իր նախագահությունը ծառայացրեց ի նպաստ Ադրբեջանի հակահայկական քաղաքականությանը: Վերջինս, հղում կատարելով 1416 բանաձևի 5-րդ կետին ԼՂ հարցերով ենթահանձնաժողով ստեղծեց: Աթկինսոնի զեկույցից բխող բանաձևի վտանգավորության մեկ այլ ապացույց դարձավ ԵՄ բարձրագույն օրենսդիր մարմնում՝ Եվրախորհրդարանում, բուլղարացի պատգամավոր Եվգենի Կիրիլովի զեկույցը, որի հիման վրա ընդունվեց թիվ 2216 բանաձևը: Այն պահանջում էր հայկական բոլոր զորքերի դուրսբերում (8-րդ կետ) և նշում էր Թուրքիայի դերակատարության կարևորությունը տարածաշրջանային հակամարտություններում (39-րդ պարբերություն):

ԵԽԽՎ-ի հաջորդ հայտարարությունը, որը կրկին հակահայկական արտահայտություններ էր բովանդակում 2012թ-ի հունվարին էր, որը հղում կատարելով 1416 բանաձևին, կոչ էր անում անհապաղ լուծել փախստականների և ներքին տեղահանվածների խնդիրը:

Արցախյան հարցը ԵԽԽՎ-ում հիշատակվեց նաև 2015թ-ի հունիսին, երբ Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի քվեարկությանը ներկայացված Մոնիթորինգի հանձնաժողովի անդամներ Պեդրո Ագրամունտի և Թադեուշ Իվինսկու հեղինակած` «Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» վերնագրով փաստաթուղթը, որն ընդունվել է որպես բանաձև: Սա այն եզակի դեպքերից էր, երբ մեր խորհրդարանական դիվանագիտությունն իր ակտիվ գործունեությամբ կարողացավ ազդել բանաձևի վրա և փոփոխություններ մտցրել. Լեռնային Ղարաբաղի որոշ տարածքների մասին տեղ գտած «օկուպացիա» բառը փոխարինվեց «Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին» բառերով:

Ստեղծված իրավիճակում Մինսկի խումբը պետք է ակտիվացնի իր գործունեությունը և խստիվ զգուշացնի այլ կառույցներին` խուսափելու Արցախյան հակամարտության վերաբերյալ զեկույցների կամ այլ տեսակի հայտարարությունների նախապատրաստումից: Արցախյան հակամարտության կարգավորման հարցերով արդեն իսկ զբաղվող կառույց կա և լրացուցիչ և ոչ օբյեկտիվ տվյալների ներկայացումն էլ ավելի է անիրական դարձնում խնդրի կարգավորումը: Կարևոր է նաև, որ, ինչպես ԵԽԽՎ անդամ երկրների ազգային խորհրդարանների, այնպես էլ հենց ԵԽԽՎ-ի էթիկայի հանձնաժողովները զբաղվեն իրենց կաշառված պատգամավորների հարցերով: Տվյալ պարագայում ՀՀ-ի ներկայացուցիչները կարող են խթանել ԵԽԽՎ շրջանակներում այդ հարցերի բարձրացմանը: Բրիտանացի ՈՒոլտերն իր երկրի ազգային խորհրդարանում այլևս չի ընտրվել , որպես պատգամավոր և նրա օրերը հաշվված են ԵԽԽՎ-ում, սակայն նա հասցրեց իր կարապի երգը նվիրել Ադրբեջանին:

Աննա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում