Այսուհետ ՀՀ օդային տարածքի պաշտպանության ժամանակ կօգտագործվեն նաև ՌԴ Հարավային ռազմական օկրուգի ուժերը. ՀՀ ՊՆ

Այսուհետ ՀՀ օդային տարածքի պաշտպանության ժամանակ կօգտագործվեն  նաև  ՌԴ Հարավային ռազմական օկրուգի ուժերը. ՀՀ ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը Մեդիամաքսի խնդրանքով մեկնաբանել է Հայաստանի ու Ռուսաստանի մտադրությունը՝ ստեղծելու Միասնական տարածաշրջանային հակաօդային պաշտպանության համակարգ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

Նոյեմբերի 11-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրահանգել էր ստորագրել համապատասխան համաձայնագիրը Հայաստանի հետ:

Դավիթ Տոնոյանը հայտնել է, որ փաստաթղթի մշակումը մեկնարկել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության Խորհրդի որոշման համաձայն: Համաձայնագրի նախագիծը բազմիցս քննարկվել է ՀՀ եւ ՌԴ պաշտպանության նախարարությունների փորձագետների կողմից, անցել է ներպետական համաձայնեցման բոլոր փուլերը Հայաստանում, որից հետո ուղարկվել է ռուսաստանյան կողմի հաստատմանը:

Համաձայնագրի նախագիծը պատրաստ է, և կողմերը պետք է ընտրեն դրա ստորագրման վայրը եւ ամսաթիվը:

Դավիթ Տոնոյանը նկատել է, որ համաձայնագիրը կանոնակարգում է երկկողմ հարաբերությունները, սակայն ըստ պայմանավորվածության՝ երկրներից մեկի օդային տարածքի խախտման դեպքում գործելու է նաեւ ԱՊՀ եւ ՀԱՊԿ-ի շրջանակում:

Պատասխանելով Մեդիամաքսի հարցին, թե ի՞նչ նոր դրույթներ է պարունակում համաձայնագիրը, Դավիթ Տոնոյանն ասել է. «Փաստաթուղթը ստեղծում է իրավական հիմքեր Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում ՀՕՊ համակարգի ստեղծման համար՝ Հայաստանի և Ռուսաստանի պետական սահմանների շրջանակում: Դա թույլ կտա ՀՀ օդային տարածքի եւ պետության տարածքում գտնվող օբյեկտների պաշտպանության ընթացքում կիրառել ոչ միայն Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի ՀՕՊ ուժերը և ավիացիան, այլ նաև ՌԴ Հարավային ռազմական օկրուգի ուժերը: Դա ՀՀ եւ ՌԴ անվտանգության ապահովման հավելյալ երաշխիքներ կտրամադրի»:

Ի պատասխան Մեդիամաքսի հարցին, թե արդյո՞ք նոր համաձայնագիրը կարող է կիրառվել, եթե Ադրբեջանը վերսկսի ռազմական գործողությունները Ղարաբաղյան հակամարտության գոտում, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալն ասել է. «Վստահ եմ, որ չկան հիմքեր կասկածի տակ առնելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի ՀՕՊ ուժերի և միջոցների արդյունավետությունը»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում