Միջնորդների ապտակը Ադրբեջանին

Միջնորդների ապտակը Ադրբեջանին

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացը կարծես գրեթե լիովին հայտնվել է սառեցված վիճակում: Վերջին շրջանում միջնորդները հանդես են գալիս սոսկ արձագանքողի դերում, այն էլ հաճախ միայն այն ժամանակ, երբ հայ-ադրբեջանական սահմանին տեղի են ունենում արյունալի բախումներ: Սակայն սահմանին բախումների հաճախականությունը որոշակիորեն նվազել է: Թերևս հերթական անգամ համոզվելով, որ լարվածության մեծացմամբ հնարավոր չէ որևէ առավելության հասնել, Բաքուն կրկին փորձում է ուժերը չափել միջազգային դիվանագիտական ասպարեզում:

Իսկ որտե՞ղ կարող են Ադրբեջանի իշխանությունները որոշակի դիվանագիտական դիվիդենտներ քաղել: Իհարկե` այնտեղ, որտեղ գործում են խավիարային դիվանագիտության կանոնները: Խոսքը Եվրոպայի խորհրդի մասին է: Նոյեմբերի 4-ին ԵԽԽՎ քաղաքական հարցերով հանձնաժողովը հավանություն է տվել բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի` «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» վիճահարույց զեկույցի վրա հիմնված բանաձևի նախագծին` կոչ անելով Հայաստանին «դուրս բերել հայկական զինուժը Լեռնային Ղարաբաղից և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներից, հաստատել այդ տարածքներում Ադրբեջանի լիակատար ինքնիշխանություն»:

Հանձնաժողովը նաև կոչ է արել «գումարել Մինսկի խմբի լիագումար նիստ և Լեռնային Ղարաբաղին տալ միջանկյալ կարգավիճակ, որը կերաշխավորի անվտանգություն և ներքին կառավարում, բացել Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող համաձայնեցված միջանցք, ինչպես նաև ձեռնարկել վստահության ամրապնդմանն ուղղված այլ միջոցառումներ, ներառյալ` Նախիջևան մուտքի թույլտվություն»: Ռոբերտ Ուոլթերի զեկույցի վրա հիմնված բանաձևի նախագիծը ԵԽԽՎ քննարկմանը կներկայացվի 2016թ. ձմեռային նստաշրջանին:

Բրիտանացի պատգամավորի հեղինակած փաստաթղթին ծանոթանալով` դժվար չէ կռահել, որ այն իրականում գրվել է Ադրբեջանի ղեկավարության աշխատասենյակներում: Ռոբերտ Ուոլթերը, ով հայտնի է ադրբեջանական իշխանությունների հետ սերտ կապեր ունենալով, զեկույցը կազմելիս չի համագործակցել հայկական կողմի հետ: Սոսկ այդ փաստը բավական է, որպեսզի այդ փաստաթուղթն, ի սկզբանե, համարվի անհեթեթ և պրովակացիոն:

Սակայն Ուոլթերի մասին չէ, որ պետք է խոսել: Հարցը հետևյալն է: Ի՞նչ գործ ունի Եվրոպայի խորհուրդը Արցախյան հակամարտության հետ, ո՞վ է այդ միջազգային կազմակերպությանը լիազորել գնահատականներ, անգամ խորհուրդներ տալ, թե ինչպես պետք է կարգավորվի Արցախյան խնդիրը: Եվրոպայի խորհուրդը լիազորված է զբաղվել բացառապես անդամ պետություններում մարդու իրավունքների և ժողովրդավարական ազատությունների խնդիրներով: Այդ կառույցը չունի հակամարտությունների լուծմամբ զբաղվելու որևէ միջազգային մանդատ: Այդ կառույցի ներսում ընդունված բանաձևերը չունեն որևէ իրավաբանական ուժ: Իհարկե, այդ բանաձևերն ունեն քարոզչական նշանակություն և որոշակի դեր են խաղում միջազգային հանրության մոտ համապատասխան կարծիք ձևավորելու առումով:

Իսկ ի՞նչ կարծիք ունի միջազգային հանրությունը այդ կառույցում նման բանաձևի նախագծի ընդունման վերաբերյալ: Ծանրակշիռ է գերտերությունների կարծիքը, որոնք ի պաշտոնե միջնորդում են Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում: Խոսքը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների` ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի մասին է: Եվ ահա Մինսկի խումբը ԵԽԽՎ-ի որոշմանը արձագանքել է շատ կոշտ` փաստացի տեղը դնելով այդ կառույցին և ակնարկելով Բաքվին, որ հակամարտության կարգավորման գործընթացը Մինսկի խմբի ձևաչափից այլ միջազգային հարթակներ տեղափոխելու փորձերն անընդունելի են:

Նոյեմբերի 12-ին Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որտեղ մասնավորապես նշված է. «Մինսկի խմբի ձևաչափը ընդունելի է կողմերի համար և վայելում է ԵԱՀԿ բոլոր անդամ պետությունների լիակատար վստահությունը: Հաշվի առնելով բանակցությունների զգայունությունը` ձևաչափը փոխելու կամ զուգահեռ մեխանիզմներ ստեղծելու փորձերը կարող են խաթարել բանակցային գործընթացը և խոչընդոտել կարգավորման առաջընթացը»:

Այս հայտարարությանը նախորդել են ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի ավելի կոնկրետ հայտարարարությունները: Եվ այսպես` Ջեյսմ Ուորլիքը Twitter-ի իր էջում գրառել է. «ԵԽԽՎ-ն և մյուս միջազգային կազմակերպությունները պետք է խորհրդակցեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ նախքան ԼՂ հակամարտության վերաբերյալ զեկույց կամ բանաձև հրապարակելը»:

Իսկ նոյեմբերի 9-ին Հայաստան կատարած այցի ժամանակ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է. «Մենք` Ռուսաստանը, Միացյալ Նահանգները և Ֆրանսիան, կտրականապես դեմ ենք, որ հետևողական, գործնական, համբերատար երկխոսության փոխարեն փորձ արվի տեղափոխելու այդ հարցը միջազգային այլ հարթակներ, որոնք կարգավորմամբ չեն զբաղվում: Համենայն դեպս, միջազգային հանրության անունից նրանց այդպիսի հանձնարարություն որևէ մեկը չի տվել: Այդ եռյակը ԼՂ հակամարտության կարգավորման լիազորված հավաքական միջնորդ է, և ցանկացած կտրուկ, ծայրահեղ գործողություններ, ում կողմից էլ դրանք ձեռնարկվեն, միայն վնասում են գործին և վնասում համանախագահների աշխատանքին»:

Ահա այսպիսին է միջազգային հանրության կարծիքը ոչ կոմպետենտ միջազգային կառույցներում Արցախյան հակամարտության վերաբերյալ ադրբեջանահաճո խղճուկ փաստաթղթեր ընդունելու վերաբերյալ: Սակայն ոչ այլ ոք, քան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ժամանակին տվել է ավելի սպառիչ գնահատական Եվրոպայի խորհրդում ընդունվող փաստաթղթերի վերաբերյալ: Երբ 2015թ.-ի հուլիսին ԵԽԽՎ-ում ընդունվեց բանաձև, որում խստորեն դատապարտվում էին Ադրբեջանում մարդու իրավունքների և ազատությունների ոտնահարումը, որտեղ ներառված չէին Արցախյան խնդրի մասին ադրբեջանահաճո ձևակերպումներ, Իլհամ Ալիևը հայատարարեց, որ ԵԽԽՎ-ի բանաձևերն ընդամենը թղթի կտոր են:

Ավելին` Իլհամ Ալիևը շատ յուրահատուկ բացատրություն է տվել, թե ինչու է Ադրբեջանն անդամակցել Եվրոպայի խորհրդին: Նրա խոսքով` Ադրբեջանը դարձավ Եվրոպայի խորհրդի անդամ, քանի որ այդ կառույցին միացավ նաև Հայաստանը: Ըստ Ալիևի` Ադրբեջանն անդամակցել է Եվրոպային խորհրդին` լուծելու Արցախյան հակամարտությունը:

Փաստորեն, Ադրբեջանի նախագահի հայտարարությունից ակնհայտ է դառնում, որ այդ երկիրը երբեք չէր դառնա Եվրոպայի խորհրդի անդամ, եթե Հայաստանը չանդամակցեր: Ահա այստեղ է պարզորոշ ուրվագծվում, թե որքանով է ադեկվատ Ադրբեջանի ղեկավարությունը: Հայաստանն անդամակցել է Եվրոպայի խորհրդին` ցանկանալով զարգանալ որպես եվրոպական ժողովրդավարական պետություն, ուր հարգվում են մարդու իրավունքներն ու ժողովրդավարական ազատությունները: Դա է Եվրոպայի խորհրդի առաքելությունը և նպատակը: Իսկ ահա Բաքվում դա, կարծես չեն հասկանում, չգիտես ինչու` կարծում են, որ Եվրոպայի խորհրդում պետք է լուծվի Արցախի խնդիրը: ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդ գերտերությունները հասկացնել տվեցին, որ Բաքվում մանկամտության աստիճան մոլորության մեջ են:

Եվ իսկապես, Եվրոպայի խորհրդում ընդունված ցանկացած բանաձև, որը չի վերաբերում անդամ պետություններում զուտ մարդու իրավունքների և ազատությունների խնդրին, ընդամենը թղթի կտոր է: Այս համատեքստում տրամաբանական հարց է առաջանում. Եվրոպայի խորհրդում ընդունվող բանաձևերը ընդամենը թղթի կտոր համարող Ադրբեջանի ղեկավարությունը ինչո՞ւ է միլիոնավոր, եթե ոչ միլիարդավոր նավթադոլարներ ծախսում ոչինչ չարժեցող բանաձևեր անցկացնելու վրա: Ընդ որում այն պարագայում, երբ դրանք միջազգային հանրության կարծիքի վրա Ադրբեջանին ցանկալի ազդեցություն չեն թողնում: Այս հարցի պատասխանը պետք է որ ամենից առաջ հուզի ադրբեջանական հասարակությանը: Մեզ համար պատասխանն ակնհայտ է:

Տիգրան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում