Politics.am. Նոր աշխարհի իրական քաղաքականությունը

Politics.am. Նոր աշխարհի իրական քաղաքականությունը

Համաշխարհային քաղաքակրթության համար վաղուց սպառնալիք դարձած ահաբեկչություներն իրենց վերջին և անմարդկային դրսևորումները գտան Ֆրանսիայում. նոյեմբերի 13-ին վրա հասավ փարիզյան դժբախտ ուրբաթը: Հարց է առաջանում` ահաբեկիչները ծերունի Եվրոպայի համբերության սահմաննե՞րն են փորձում, թե՞ սա նորից կանցնի նախորդների նման: Դրանից մի քանի օր առաջ նույնը կրկնվել էր Եգիպտոսում, որտեղ ավելի շատ անմեղ մարդիկ էին զոհվել: 

Չնայած տարեմուտին, բայց դեռ 2014թ.-ին սրված ուկրաինական ճգնաժամն ու «Իսլամական պետությունը» մնում են աշխարհի գլխավոր խնդիրները: Ավելին, Սիրիայում սկսվել են նոր փուլի ակտիվ մարտական գործողություններ, որոնք, իրականում, վարում է Իրանը և որում լիովին ներքաշվել է ՌԴ-ը: Խոսելով տեղի ունեցող աշխարհաքաղաքական լայնամասշտաբ գործընթացների մասին, որոնք գտնվում են միջազգային կառույցների ու խոշոր դերակատարների ուշադրության կենտրոնում՝ նպատակահարմար ենք գտնում հիշյալ հիմնախնդիրներին անդրադառնալ առանձին և բովանդակալից:

Սիրիական խնդիրը
ՄԱԿ-ի հերթական նստաշրջանից առաջ սիրիական հարցի շուրջ սկսվեցին նոր աշխուժացումներ՝ կապված ռուսական ստորաբաժանումների ներգրավման հետ: Տարբեր տեղեկություններ եղան այն մասին, որ ռուսական օդուժն ու դեսանտային ուժերն են ներգրավված տարբեր գործողություններում: Այսօր արդեն ակտիվ մարտական գործողություններ են ընթանում, ավելին՝ ազատագրվել է երեք տարի շրջափակման մեջ գտնվող սիրիական օդանավակայանը: Սիրական բանակն իրանական ցամաքային ուժերի աջակցութամբ բավականին հաջող գործողություններ է իրականացնում, գրեթե ավարտված է Հալեպի հերթական ազատագրումը գրոհայիններից, ինչպես 1271թ.-ին մոնղոլներն էին գրոհում Բայբարս Մամլյուքի քաղաքը:

Թե ինչ կարող է լինել ռուսական վերակտիվացումից հետո, ժամանակը ցույց կտա: Մեր խորին համոզմամբ՝ սա ժամանակավոր ակտիվացում է, որը ռազմավարական առումով մեծ բան չի փոխի: Սա այլ բան չէ, քան սեփական ռազմական ու դիվանագիտական ներուժը ցուցադրելու փորձ, որը դրսևորվում է սիրիական պատերազմում: ՌԴ-ն փորձում է այստեղ ցույց տալ, որ ԱՄՆ-ն միայն ավերող ու քանդող է, իսկ ինքն ահա եկավ ու փրկելու է աշխարհի «ամենաարդարացի բռնակալին»: Հստակ կանխատեսումներ անել կարճաժամկետ կտրվածքում դժվար է: Ասադն, իհարկե, որոշակիորեն, բայց նաև անհայտ ժամանակով, կամրապնդի իր դիրքերը: Այդ հարցում նրան օգնող ՌԴ-ն և Իրանը ցանկանում են ավելի ամրապնդել իրենց դիրքերն ու ապահովել Ասադի փափուկ հեռացումը: Ասադը, հավանաբար, միանգամից չի հայտնվի Միլոշևիչի կարգավիճակում. կլինի մեկ այլ միջանկյալ տարբերակ: Գուցե նա հեռանա երկրից ու ապաստան գտնի հենց Ռուսաստանում: Սիրիական խնդրի համար փակուղային վիճակից սա ինչ-որ առումով կլինի շոշափելի տեղաշարժ: Ռուսական ակտիվության հետ չհաշտվելու ամերիկյան քայլերն արդեն արված են. տարածաշրջան են գալիս ամերիկյան և ֆրանսիական նոր ուժեր, որոնք նոր հարձակում են գործում Ռաքքայի ուղղությամբ: Իսկ քրդերն ազատագրել են Սինջարը: Ֆրանսիական ուրբաթից հետո դժվար է ասել՝ ինչ կլինի, հավանաբար իսլամիստների թիմն ավելի կուժեղանա:

Գլոբալ խնդիրները
Այս ամենն անգամ նշանակալի բարենպաստ զարգացումների դեպքում որոշիչ չի լինի ռազմավարական իրադրության համար: Իսկ ռազմավարական իրավիճակը միայն Սիրիան չէ: Վերջինս նման է 1916թ. Բրուսիլովյան ճեղքմանը, երբ մի կողմը ռազմական հաղթանակներ է տանում, սակայն չի հասկանում, որ որոշ ժամանակ անց կործանվելու է: Խնդիրը պետք է դիտարկել աշխարհաքաղաքական զարգացումների երկարաժամկետ օրինաչափությունների համատեքստում:

Համաշխարհային անվտանգության պոտսդամյան համակարգն արդեն հնացել է, և դրանում «չար ու բարի ուժերը» մեղավոր չեն: Չի կարելի պնդել, թե որեւէ կայսրություն է մեղավոր ստրկության վերացման և ֆեոդալիզմի ձևավորման համար այնպես, ինչպես չի կարելի պնդել, որ Նապոլեոնի հայտնությունը կասեցրեց մարդկանց զարգացման ընթացքը: Կայսրություններն ու նրանց մրցակիցները նպաստում են որոշակի զարգացումների, սակայն այդ զարգացումներն անկասելի են: Շատ ավելի կարևոր են խորքային շարժումները:

Պատմությունը տեսել է տարբեր երկրների իշխանության դարաշրջաններ` հռոմեական, մոնղոլական, բյուզանդական, արաբական խալիֆայության, մամլուքյան, աքեմենյան և այլն: 20-րդ դարասկզբին համաշխարհային թատերաբեմ իջած ԱՄՆ-ն երկու համաշխարհային պատերազմներից հետո հաստատեց իր ամուր տնտեսաքաղաքական դիրքերը, որոնցով կարողացավ իր շուրջը հավաքել ազատ աշխարհի գրեթե բոլոր հզոր երկրներին(և ոչ միայն), այդ թվում նաև նախկին երկու կարևորագույն հակառակորդ պետություններին` Գերմանիային ու Ճապոնիային:

2011թ. լիբիական պատերազմն ու հետագա գործողություններն արևելքում ցույց տվեցին, որ ամերիկյան ազդեցությունը չափազանց մեծ է Հյուսիսատլանտյան Դաշինքի վրա: Այս հանգամանքն այժմ այդքան էլ դրականորեն չի ընկալվում ՆԱՏՕ-ում, իսկ արտաքին ազդակներն ավելի քան օգնում են, որ շատ երկրներ իրենց հզորությունը վերականգնեն:

Գաղտնիք չէ, որ մերձավորարևելյան այսօրվա սահմանները հիմնականում բրիտանական, ֆրանսիական ու խորհրդային քաղաքականության հետևանք են, այսինքն՝ արհեստական քարտեզներ՝ արհեստական պետություններով: ԱՄՆ-ն այսօր միտումնավոր կամ ակամայից իր քայլերով փոխում է այդ քարտեզը: Այժմ ներկայացնենք այն ռազմավարական գործոնները, որոնք նպաստում են մարդկության զարգացմանը։

Բավական չէ, որ մուսուլմանական աշխարհն այդպես էլ չդարձավ «երրորդ աշխարհ», որը, չնայած իր վատ կառավարմանը, կոռուպցիային ու այլ խնդիրներին, Արևմուտքի համար պիտի լինի մեծ շուկա` ծխի «Մարլբորո», խմի «Կոկա-Կոլա», երազի «Դիսնեյ լենդի» ու «Մերսեդեսի» մասին, մի բան էլ սկսեց վտանգ ներկայացնել Արևմուտքի համար: Այսինքն, շուկայական դաշտում մեկ միլիարդ մարդ գնորդ ոչ միայն մերժում է գլոբալ տնտեսաքաղաքական ու առևտրային մոդելը, այլ նաև վտանգավոր է դառնում: Այն տարածքները, որտեղ Եվրոպան դեռ հարյուր տարի առաջ փորձեց ստեղծել թեկուզ բռնատիրական պետություններ, իրականում ապրում է միքանիդարյա հին կանոններով: Այնտեղ միշտ էլ իշխող փոքրամասնությունն ապրել է ցուցամոլական շքեղ կյանքով ու շփվել առաջադեմի հետ, իսկ հիմնական մասն ապրում էր միջնադարում՝ ոչ միայն հնարավորությունների, այլ նաև մտածելակերպի առումով: Ահա և վերոգրյալ գործոնները՝ մտածելակերպը, միջնադարյան կանոնները, կրոնական ծայրահեղական գաղափարները և բարձր ծնելիությունը, սպառնում են Արևմուտքին: Գաղտնիք չէ, որ Արևմուտքը հենց այս խնդիրն ունի` թուլացող արժեհամակարգ և կրոն, դանդաղ ծնելիություն:

Մահմեդականությունը գրավում է Եվրոպան ու փոխում նրա դիմագիծը, իսկ նրանց ավելի ծայրահեղական հատվածը սկսեց ամեն կերպ դիմադրել արևմտյան արժեքներին: 2000-ականների սկզբին ծայրահեղ մուսուլմանները, նախահարձակ լինելով, մտել էին Արևմուտքի տարածք, և ահաբեկչական գործողություններն ընթանում էին ԱՄՆ-ում, Եվրոպայում և այլուր, իսկ բնակչության ներգաղթը սպառնում էր փոխել վերջնական դիմագիծը: Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆին անգամ ասում էր. «Ինչո՞ւ ենք մենք պատերազմում Արևմուտքի դեմ, երբ կարող ենք ուղղակի գնալ ու, ապրելով Եվրոպայում, գրավել նրանց երկիրը»: Հիմա էլ այդ գործը սպառնալիք է ներկայացնում Արևմուտքի համար: 

Այսինքն, խախտվել էր վերջին դարում հաստատված հիերարխիան, երբ առաջատարները թելադրում էին, օգնում կամ խանգարելով՝ մրցակցություն ստեղծում, իսկ Երրորդ աշխարհը տանում վեր: Ձևավորվում էր «Չորրորդ աշխարհը», որը սկզբից միայն Աֆրիկայում էր ու անվտանգ էր, հետո գնալով մեծացավ ու իր զորեղությամբ սկսեց սպառնալ անվտանգության և հարաբերությունների այն համակարգին, որը ձևավորվել էր վերջին հարյուր տարում ու, հատկապես, Սառը պատերազմից հետո:

Գլոբալ լուծումները
Այսօր Արևմուտքը, դիցուք՝ ԱՄՆ-ն, շարունակելով <<ԽՍՀՄ-ի փլուզումը>>, մասնատելով արհեստական հանրապետությունները և նոր դիրքեր հաստատելով մոլորակում, քանդում է այն արհեստական պետությունները, որոնք ԽՍՀՄ-ի, Անգլիայի ու Ֆրանսիայի նախագծերն էին` մասնավորապես արաբական մի քանի պետություններ, Վրաստանը, Ուկրաինան, որոշ ժամանակ հետո հնարավոր է նաև Ղազախստանը, Ադրբեջանն ու հատկապես Թուրքիան: Դրանք բոլորն էլ ԽՍՀՄ-ի, Անգլիայի ու Ֆրանսիայի արհեստական նախագծերն էին, որոշները՝ մի մատիտով քարտեզի վրա գծած պետություններ, որոնք, ըստ էության, դեռ այն ժամանակ դատապարտված էին քանդման: Քաղաքակրթությունն այլ զորեղ կանոններով է զարգանում՝ որքան էլ պարզունակ ձևով ներկայացնենք լիբիական կամ սիրիական՝ մինչհեղափոխական լավ կյանքի առավելությունները: Դրանք հասկանալու համար հարկավոր է մշտադիտարկում անցկացնել: Ովքեր էլ թելադրեն աշխարհում, Արևելքի նշված երկրներն այսօր կամ վաղը, ուժեղ թե թույլ, քանդվելու են, քանի որ սխալ հիմքերի վրա են դրված: Ինչպես ֆեոդալիզմից հետո մի օր քանդվեցին բոլոր ստրկատիրական երկրները կամ Քրիստոնեությունից հետո՝ բոլոր հեթանոսական երկրները:

Այստեղ կա ամերիկյան միջամտությունն իր մարտավարական շեղումներով, հաջողություններով ու թերացումներով: Ինչ խոսք, ինչ-որ մեկը շարժումներից օգտվում է, երբեմն ամենուժեղը, երբեմն էլ Արևելքում հանգիստ սպասողը: Սակայն երբեմն նման զորեղ գործընթացները բնական են ու ենթակա չեն վերջնական պլանավորման: Այդ ամենը պետք է իրականացվի դանդաղ և ամենակարևորը՝ լինի բազմակոմբինացիոն քաղաքական քայլերի մասնիկը: Տրամաբանությունը հուշում է, որ աշխարհի այս մասում տեղի ունեցող գործընթացները պետք է փոխկապակցված լինեն, որքան էլ առաջին հայացքից դժվար լինի պատկերացնել: Այժմ Չինաստանի շուրջ տեղի ունեցող գործողությունները, հիմնականում Խաղաղ օվկիանոսում, մեծ կապ ունեն Արևելքի հետ, որը կապ ունի նաև Ռուսաստանի ու Չինաստանի հետ: Ամենակարևորը, սակայն, «Չորրորդ աշխարհն» է: Ի՞նչ է այս ամենը նշանակում, միանգամից այնքան էլ պարզ չէ:
Օրինակ՝ ռուս-ուկրաինական պատերազմը, որ 1990-ականների սկզբի տեղային պատերազմների, ինչպես նաև 2008թ. ռուս-վրացական պատերազմի տրամաբանական շարունակությունն է, ուղղակիորեն կապ ունի Ռուսաստանի հետ և ոչ միայն: Նման պատերազմները տեղավորվում են քաղաքական խաղի տրամաբանության մեջ: Ավելի փոքր մակարդակում, նույն կերպ, Ռուսաստանը, փորձելով օգտագործել ռուսական կամ Ռուսաստանին հավատարիմ բնակչության անկախանալու մղումը, Ուկրաինային մատնում է պարտության, սակայն դա մարտավարական հաղթանակ է: Ռազմավարական առումով պարտվում է Ռուսաստանը` կորցնելով հսկա տարածք, ինչպես և կորցրեց Վրաստանը: Սրանք մեծ հարվածներ են ռուսական կայսերական մոդելին: Ռուսաստանը ազդեցության գոտիներ է կորցնում, և սա, ըստ էության, առաջին համաշխարհային պատերազմից հետո կորցրած երրորդ գոտին է: Այսինքն, անվտանգության ամեն մի նոր համակարգի ձևավորման փուլում մի նոր օղակ՝ երրորդ օղակ Ռուսաստանի շուրջ, քանդվում է՝ մոտենալով ընդհուպ մայրաքաղաք Մոսկվային: Եվ ահա, այստեղ ռազմավարական քայլերին ու գործոններին ավելանում է ամենագլխավոր ռազմավարական քայլը` «Իսլամական պետությունը»:

Մենք դեռ չենք հասցրել ամբողջությամբ ընկալել, այսպես կոչված, խալիֆայության դեմ ու կողքին կատարվող իրադարձությունները, երբ տեղի են ունենում այնպիսի իրադարձություններ, որոնք կարող են առաջացնել իսլամական ծայրահեղության նորանոր օջախներ: Խորհրդային նախկին ասիական պետություններում իշխանության ղեկին են այնպիսի առաջնորդներ, որոնք հիմնականում ծերացող են և ոչ այնքան հավատարիմ Մոսկվային: Այդ պետություններն ունեն ներքին ու արտաքին՝ հարևանների հետ խնդիրներ:

Ռազմավարական մի գործընթացի արդյունքում, որը դժվար է պնդել, թե հստակ ու անխախտ պլանով է իրականացվել, սլաքները փոխվեցին, ու Արևմուտքը՝ հատկապես ԱՄՆ-ն, մտավ «մահմեդականության տունը»: Ոմանց համար դա ուղղակի ինտերվենցիա է կոչվում՝ Իրաք ու Աֆղանստան, ոմանց համար՝ այլ կերպ, բայց ռազմավարության մեջ տեղն ու դերերը փոխվեցին: Երբեմն որոշ վերլուծաբաններ չեն հասկանում, թե ինչու ԱՄՆ-ն սեպտեմբերյան ակտերից հետո մտավ Իրաք, դա համարում են անտրամաբանական: Սակայն այստեղ ամեն ինչ ավելի քան տրամաբանական էր, քանի որ ռազմավարական մակարդակի որոշում կայացվեց՝ փոխել հին աշխարհը, այո՛, հին Արևելքը: Ներխուժումն, իհարկե, նախևառաջ հենց զորքով էր, սակայն շատ ավելի մեծ ներխուժում եղավ ընդհատակում, որն այն ժամանակի շնչով նաև լավ վերնագիր էր ստանում` նոր «Խաչակրաց արշավանք»:

20 տարվա աշխատանքի արդյունքում այսօր ծայրահեղական բոլոր գործընթացներն արագացված են, կենտրոնացված մեկ տեղում և արագորեն սպառվում են: Աշխարհի ավելի քան 80 երկրից իսլամիստները ժամանում են Իրաք և Սիրիա, որպեսզի պատերազմեն խալիֆայության կամ մեկ այլ կրոնական զորքերի շարքերում:

Միաժամանակ, Իրաքի կառավարությունը խնդրում է, որ ԱՄՆ-ն վերադառնա տարածաշրջան, իսկ Ասադը դիմում է Ռուսաստանին: Այդ ամենին մասամբ հավանություն է տալիս նաև Իրանը, որի երկաթյա պատերն արդեն քանդված են: Արևմտյան երկրների ահաբեկչական գործողությունները՝ այդ թվում նաև Ֆրանսիայում տեղի ունեցած վերջին ահաբեկչությունը, ավելի շատ են օգնում, որպեսզի ծերունի Եվրոպան լիովին մոռանա որոշակի սկզբունքներ ու միանա մեծ «Խաչակրաց արշավանքին»: Այսօր իր դերն է խաղում նաև ՌԴ-ը, որը փորձում է հենց այս պահին ինչ-որ հարցեր լուծել, բայց միևնույն է, ընդհանուր խաղին այն գրեթե չի խանգարում, ավելին՝ օգնում է, քանի որ իր ակտիվությամբ ԱՄՆ-ի պասիվ դաշնակիցները դեպի ԱՄՆ են թեքվում, ընդդիմադիրները երկրի ներսում լռում են, իսկ իրանյան գործընթացներն արագացվում են: Կան նաև այլ օգուտներ. բոլորը թվարկել հնարավոր չէ: Միայն «առաջնորդի» ծննդյան հրավառությունը, որ տեղի ունեցավ Կասպից ծովից դեպի Սիրիա, վաղը հարստացնելու է եվրոպական երկրների զինանոցը: Ամերիկյան ու եվրոպական համատեղ զենքերի ու սպառազինման նախագծերն են միայն ավելանալու: Իհարկե, դա այսօր ձեռնտու է նաև Ռուսաստանի ղեկավարությանը:

ԱՄՆ-ն ավելի շատ հույսեր է կապում համեմատաբար աշխարհիկ պետությունների ու վերջնական ձևավորման ձգտող քաղաքական կազմավորումների հետ: Իհարկե, դա շուտ չի լինի, և կարճաժամկետ այս հաղթանակներն իրավիճակն ավելի կհստակեցնեն, սահմաններն ավելի իրատեսական կդառնան, բայց դրանք նախ Սիրիայի ու Իրաքի բաժանման սահմաններն են լինելու: Նման առաքելություն արդեն ունի Քրդստանը, մասամբ ու ժամանակավոր նաև Ասադի վարչակարգը կամ դրան փոխարինելու եկող մեկ այլ բան: Այս դերի համար է նաև Թուրքիան, որը, սակայն, չի բացառվում, որ այս ռազմավարական քայլերի վերջին փուլի արդյունքում ևս կազմալուծվի: Նախանշաններն արդեն տեսանելի են: Այսօր քրդերն ազատագրական պայքար են մղում Թուրքիայի արևելքում: Բնականաբար, մահմեդական ցանկացած ծայրահեղ պետության ու համակարգի փոխարեն ավելի ձեռնտու է աշխարհիկ պետությունը: ԱՄՆ-ն, 2003թ. մտնելով <<մուսուլմանների տունը>>, ուղղակի կամ անուղղակի խթանեց ծայրահեղական գործընթացների արագացումը, կազմակերպությունների ստեղծումն ու կենտրոնացումը: «ԻՊ»-ն այդ կառույցներից ամենակենսունակը դարձավ, որն իր մեջ կլանեց նախկին կառույցին և այժմ ավելի մեծ, ճկուն ու ագրեսիվ է դարձել: Այս կառույցը, օրինակ, սիրով է իր շարքերն ընդունում այլ երկրներից կամավորագրված մարդկանց, օգտագործում է համացանցն ու արևմտյան տեխնոլոգիաները, որոնք իրենց ավելի վտանգավոր են դարձնում՝ միաժամանակ նրանց հեռացնելով ավանդական ու պահպանողական էությունից: Մյուս կողմից` այդ ներհոսքը թուլացնում է սեփական կառույցն ու հեշտացնում նրա դեմ պայքարը: Նրանց մարտիկները չեն անցնում անհրաժեշտ մակարդակի պատրաստություն, նրանց շարքեր են անցնում նաև երեխաներ: Արդեն տեղեկություններ կան դասալքությունների մասին:

Թվային տվյալներով՝ ամերիկյան ղեկավարությամբ ձևավորված ռազմական դաշինքները 2003թ.ից սկսած մինչև օրս մերձավորարևելյան պատերազմներում կորցրել են մինչև 40,000 զինվոր, քաղաքացիական անձանց բոլոր կորուստները միասին չեն անցնում 50,000-ը, մինչդեռ Իրաքը, Աֆղանստանը, Սիրիան և այլ երկրներ կորցրել են մի քանի միլիոն բնակչություն, մի քանի տասնյակ միլիոն էլ տեղահանվել է: Դրանց զգալի մասը մեծապես հեռացել է իսլամից, մնացողների մեջ էլ օրեցօր շատանում են «մերսեդես», «կոկա-կոլա», «դիսնեյլենդ» ու նմանատիպ բաներ երազողները: Արևելքում այսպիսի մի վիճակագրություն էր շրջանառվում. 1990-2000թթ. 100 մարդուց 5-ը ծայրահեղական էր, 10-ը մտածում էր ամերիկյան երազանքի մասին, իսկ մնացածը չկողմնորոշված էին կամ չեզոք: Սակայն այսօր 100-ից ծայրահեղական է 10-ը, չեզոք՝ 10-ը իսկ 80-ը ատում է ծայրահեղականությունն ու երազում ամերիկյան կյանքի մասին: Դրան հատկապես նպաստում է ծայրահեղականների ենթակայության տակ եղած տարածքներում անմարդկային կյանքը, մարդկանց ստրկությունը, առևտուրը, նաև այն հանգամանքը, որ միայն 2013թ. ահաբեկչություններն ավելացել են 44, իսկ զոհերինը՝ 61 տոկոսով՝ կազմելով 18 հազար սպանված մարդ: Մեկ տարի անց զոհերի քանակն աճել է մոտ կիսով չափ: Աֆղանստանում մայրը որդու վրեժի համար 25 թալիբ է սպանել. ահա սա է, որ կատարվում է այսօր: 2014թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներից սիրիական Քոբանի քաղաքի համար մղվում էին դաժան մարտեր, որտեղ Թուրքիան հստակ հակաքրդական դիրքորոշում ուներ, խանգարում էր քրդերին զենք մատակարարել, ինչն էլ խոչընդոտում էր Քոբանիում հաղթանակի հասնելուն: ԱՄՆ-ն և դաշնակիցները օդային հարվածներ էին հասցնում, որոնք որքան էլ արդյունավետ էին, հաջողության չէին կարող հասնել, եթե չուղեկցվեին ցամաքային հզոր աջակցությամբ: Սակայն այս բարդ ու դրամատիկ իրավիճակում շատ կարևոր ու հստակ խնդիր է լուծվում: Իսլամիստները կրում են ծանր կորուստներ, սակայն շարունակելով մարտերը՝ պարզապես հյուծվում են: Միևնույն ժամանակ տառապյալ քրդերն ավելի են համախմբվում և, ապագայում ստանալով նույն Արևմուտքի օգնությունը, ավելի արդյունավետ կգործեն, այդ թվում նաև Թուրքիայի դեմ:

Այս ամենին հարկավոր է գումարել նաև Արևելքում իսլամական արժեհամակարգի կործանմանն ուղղված միտումնավոր քայլերը: Դա և׳ համակարգիչն ու ինտերնետն են` իրենց արգելված ոլորտներով, և׳ թմրամիջոցներն են, որոնք աճեցվում են ու հետզհետե կիրառվում, և׳ լավ մեքենաներն ու այլ նյութական միջոցներն են: Այսօր ավելի հստակ է ուրվագծվում քրդական պետության դիմագիծը, որը, բնականաբար, ավելի աշխարհիկ պետություն է լինելու : Այնտեղ այսօր էլ կանայք տղամարդկանց հետ միասին հավասար իրավունքներ ունեն, ապրում են կրոնական նվազագույն կյանքով: Քրդական պետականության հարցը նրբորեն նախապատրաստվեց ու իրականացվում է արդեն շուրջ 10 տարի: Դեռ մեկ տարի առաջ քրդերին տրվող ամեն չնչին օգնության քայլ առաջացնում էր Անկարայի դժգոհությունը, սակայն այսօր Փեշմերգան Թուրքիայի տարածքով է անցնում: Այս ամենը պատահական չէ:

Իսկ իսլամիստները, վերջին ուժերը հավաքած, փորձեցին ճակատամարտ տալ՝ չհասկանալով, որ ավելի արագ են սպառվում: Միևնույն ժամանակ Եվրոպան սկսում է ցնցվել. մի կողմից ցույցեր ու բախումներ իսլամիստների եւ ազգայնականների միջև, մյուս կողմից` ծայրահեղականները հեշտությամբ լքում են Եվրոպան՝ իրենց սրբազան պատերազմի համար: Արդեն մի քանի տասնյակ հազար եվրոպական ու ամերիկյան քաղաքացիներ համալրում են իսլամիստների շարքերը: Եվրոպական հատուկ ծառայություններն այս ամենից կարող են մեծապես օգտվել: Ահա այն նուրբ ծրագիրը, այն հսկայական ազդեցությունը, որը փոքր-ինչ դժվար է սկզբից հասկանալ:

Հետագա գործողություններ
ԱՄՆ-ն պաշտոնապես հայտարարել է, որ ցանկանում է զորքերը դուրս բերել Աֆղանստանից: Իսկ դա միանշանակ կնպաստի Աֆղանստանում և Պակիստանում իսլամիստների, թալիբանի և նման այլ շարժումների ակտիվացմանը: Սա շղթայական սկզբունքով կտարածվի Կենտրոնական Ասիայի` խորհրդային նախկին պետությունների, ինչպես նաև հավանական է՝ Իրանի և Չինաստանի, Արևմուտքի վրա: Նշաններն արդեն կան Պակիստանում: Ապակայունացնող այս մեծ օջախները բոլորովին այլ ռազմաքաղաքական իրավիճակ կստեղծեն աշխարհում: Անկախ նրանից, թե այդ տարածքներում իսլամական միասնական որևէ նոր խալիֆայություն կստեղծվի, թե միմյանցից անկախ օջախներ կառաջանան ու կսանձազերծվեն առանձին պատերազմներ, իրավիճակը չափազանց վտանգավոր կդառնա նախևառաջ ՌԴ-ի, Չինաստանի ու Իրանի համար: 2014 թ. նոյեմբերի սկզբին Պակիստանում բավական աղմկահարույց ահաբեկչական մի գործողություն տեղի ունեցավ: Կես տարի անց նման մի բան կրկնվեց: Բոլորովին վերջերս լուրեր տարածվեցին Իրանի տարածքում տեղի ունեցած բախումների մասին: Սրանք, թերևս, կարելի է այդ գործընթացների մեկնարկ համարել:

Չինաստանը, ՌԴ-ն և Իրանն իրենց հարևան երկրներում մշտական զորքեր պահելու խնդիր կարող են ունենալ, ինչը նշանակում է, որ կպատերազմի ոչ թե կանոնավոր բանակը, այլ, այսպես կոչված, «կանաչ մարդուկը»: ՌԴ-ն Ուզբեկստանում, Թուրքմենստանում, Տաջիկստանում, Ղրղզստանում մշտական պատերազմի մեջ կարող է լինել: Իսկ եթե միաժամանակ նաև Ղազախստանը վերածվի Ուկրաինայի, որտեղ ՌԴ-ի համար էլ թվացյալ շանսեր բացվեն Նովոռոսիայի նման, ապա ամեն ինչ ավելի կբարդանա: Վլադիմիր Պուտինն արդեն հայտարարել է Ղազախստանի` արհեստական պետություն լինելու մասին: Նա շատ լավ է հասկանում այս ամենի տրամաբանությունը. խոսում է ղեկավարվող քաոսի մասին: Դրանց դեմ պայքարելու համար կհատկացնեն ահռելի միջոցներ, երկար տևելու դեպքում անպայման այդ երեք պետությունները կթուլանան: Ըստ այդ սցենարի` վտանգներին դիմակայելու և աշխարհաքաղաքական այդ իրավիճակներից անմասն չմնալու համար Եվրոպան կրկին կռազմականացվի: Այդ գործընթացն արդեն սկսված է, «Արևելյան հրեշի» կերպարը կրկին խաղարկվում է, իսկ Ռուսաստանը, կարծես, դրան բոլորովին էլ դեմ չէ, քանի որ հենց դա է նաև իր խնդիրների ժամանակավոր լուծումը: Միևնույն ժամանակ, իսլամական աշխարհիկ պետություններն առավելություններ կստանան, Քրդստանի ստեղծման գործընթացն առավել որոշակի կդառնա, Հնդկաստանը կարող է ներգրավվել ռազմական գործողություններում արդեն որպես ԱՄՆ-ի դաշնակից` հակակշռելով Չինաստանին: Մարտական գործողություններում արդեն ծայրահեղ իսլամիստներն օրական ավելի շատ կորուստներ կունենան, իսկ երկարատևության պարագայում չեն կարողանա վերականգնել կորուստները: Պատահական չէ, որ ԱՄՆ նախագահը խոսում է երկարատև պայքարի մասին՝ մինչև 10 տարի: Չի բացառվում, որ ավելի երկար էլ տևի: Ճիշտ է, նրանք դեռ մեկ մլրդ են, սակայն իրենք իրենց դեմ են պատերազմում և չափավոր մահմեդականությունն էթնիկ մեծ տեղաշարժերի մեջ է: Այսօր Օբամայի ծրագրերի տապալմամբ, Պուտինի կամ սաուդների հաջողությամբ այս ամենը չի կարելի պայմանավորել, դրանք կարճաժամկետ փուլեր են, լավագույն դեպքում՝ միջնաժամկետ:

Պարտադիր կործանվող Հին աշխարհը 1960-ականներին սկսված նոր արդյունաբերական և տեղեկատվական հասարակության հեղափոխությունը չընդունած աշխարհն է: Այսինքն՝ երրորդ աշխարհից առանձնացած «Չորրորդ աշխարհ»-ն է: Սա է հիմնական գործընթացների քաղաքագիտական բացատրության հիմքը: Իսկ սա առաջին հերթին վտանգում է առանց այն էլ երերացող անվտանգության նախկին պոտսդամյան համակարգը: 

Իսլամի հատկապես ծայրահեղ սունիական մասը, միասնական ճակատ ձևավորելով, դարձավ մերժված աշխարհ, «Չորրորդ աշխարհ», որը մեծ վտանգ է ներկայացնում «թվային քաղաքակրթության» համար: Հետևաբար, այսօր այն վերացնել է հարկավոր, իսկ այն, ինչպես նշվեց, վերացվում է ներսից, ոչ թե արտաքին ուղղակի հարվածներով: Այն մարդկության զարգացման խոչընդոտն է: Այո՛, այսօր Արևմուտքն արժեքային համակարգի խնդիր ունի, բայց դրանից առաջ այս հին աշխարհը կվերանա, իսկ արժեհամակարգի վերստեղծումը կարող է և խթանվել հենց այս գործընթացում: Հիշենք Բրեյվիկի խոսքերը, նա դեռ 10 տարի առաջ էր գրել «Խաչակրաց արշավանքի մասին»: Այսօր Եվրոպայում ավելի ու ավելի շատ մարդիկ են հերոսացնում նրան: Ցավոք, մարդկությունն ազգայնականությունից ավելի գործուն բան չի հորինել նման ճգնաժամերի համար, սակայն դա հստակ արժեհամակարգ է ու աշխատում է այս դեպքերում:

Վերջաբան
Մարդկության պատմությունը սա է՝ հները դիմադրում են այնքան, որքան կարողանում են, սակայն պարտադիր ենթակա են կործանման: Այսօր այդ դաշտում ակամայից հայտնվել է նաև Ռուսաստանը, որը, սակայն, ոչ թե չի ընդունում այդ հեղափոխությունները, այլ ավելի շատ չի ցանկանում ընդունել իր դերի թուլացումը: Պուտինի այցը Նյու-Յորք հենց սա է նշանակում: Այո՛, մի կողմից ԱՄՆ-ը Պոտսդամյան համակարգը՝ իր գրասենյակ ՄԱԿ-ով, անտեսում է, մյուս կողմից օգտագործում, երբ իրեն հարկավոր է, իսկ Ռուսաստանը, չընդունելով ԱՄՆ-ին, չի կարող մերժել ՄԱԿ-ի գոյությունը, քանի որ դա միակ լիարժեք կառույցն է, որտեղ ինքը հավասար է ԱՄՆ-ին: Սակայն, զարգացումն անողոք երևույթ է և ոչինչ իրեն խանգարել չի կարող: Իհարկե, նոր աշխարհը ծնվում է արյամբ և միշտ էլ այդպես է եղել: Երբ կրոնները փոխվում էին, երբ բոլշևիկները եկան, արյամբ չէ՞ին լցնում աշխարհը: Հիշենք, որ մենք էլ երկարամյա ստրկությունից հետո անկախություն ենք ստացել համաշխարհային պատերազմից հետո, և աշխարհի շատ երկրներ զարգացել են միայն նման ցնցումներից հետո: Այնուամենայնիվ, քաղաքական ժամանակակից գործողությունները երկարաժամկետ հեռանկարում Հայաստանի նման փոքր երկրների համար ազատության ու զարգանալու հնարավորություն են: Այն հարված է՝ նեղ, փտած քաղաքական ու անգամ կրոնական կայսրություններին, ինչպիսիք են, օրինակ, իսլամական ծայրահեղությունը կամ արևելյան նորագույն բռնապետությունները: Չէ՞ որ ամեն ինչ ավելի մեծ փոփոխությունների է տանում՝ Իրանի հետ նոր հարաբերություններ սկսելու հնարավորություն, Թուրքիայի հետ` ավելի արդարացի հարաբերություններ: Չէ՞ որ Թուրքիայի քանդման դեպքում պատմական արդարության վերականգնման հարց կարող է բացվել և եթե մի անգամ էլ չկարողանանք դրանից օգտվել, պետք է միայն ու միայն մեզ մեղադրենք և ոչ թե «նենգ տիտղոսներ» փակցնենք այս կամ այն ազգին:
Աշխարհում միշտ էլ ավելի ուժեղն ու ագրեսիվն ավելի շատ է խախտում ընդունված օրենքներն ու նորմերը, ջարդում կարծրատիպերը: Ավելին` հենց նա է ստեղծում այդ նոր օրենքները, որոնցով ապրում է ողջ աշխարհը: Դա կեղտոտ խա՞ղ է, թե՞ լավ քաղաքականություն, արդեն ճաշակի հարց է:

Դժվար է պատկերացնել, որ մարդիկ ժամանակին չէին ատում Հռոմը իր զավթողական, նվաճողական ու կեղեքող քաղաքականությամբ, այդպես էլ նաև պարթևների, Մակեդոնացու կամ մեկ այլ կայսրության պարագայում: Միաժամանակ ամենաուժեղին և ամենաագրեսիվին հակադարձողների համար, որոնք, ի դեպ, ոչ պակաս կեղեքող ու զավթող են եղել իրենց մասշտաբների մեջ, ավելի դյուրին է: Նրանք իրենց ավելի շատ կարող են թույլ տալ արդարացի-անարդարացի հարցադրումներ անել, ավելի ընկալելի դիրքորոշում ունենալ բոլորի շրջանում: Որպես տուժած, տառապած, դիմադրող և այլ կոչումների կրողներ` նրանց համար ավելի հեշտ է սրտեր գրավելը: Նրանք միշտ իրենց ռազմավարությունը կառուցում են ամենահզորներին կեղեքողներ ներկայացնելու և որպես փրկիչ հանդես գալու վրա, սակայն միշտ չէ, որ այդպես է. նրանց մեջ, հաճախ, գրեթե տարբերություն չկա: Նման քարոզները հենց քարոզ են ու վերջ:

Որքանո՞վ Հայաստանը պատրաստ կլինի դրան ու կկարողանա արդյոք օգտվել այդ ամենից: Այս պահին արցախյան ճակատում որևէ հողակտորի հանձնման մասին խոսելը դավաճանություն է՝ անկախ պատճառներից: Մենք այժմ պիտի խոսենք ընձեռված հնարավորությունների, այլ ոչ թե որևէ բան զիջելու մասին:

Վան ՍԵԲԱՍՏԱՑԻ
Politics.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում