Հայկական կողմը շարունակում է «ձրի» խաղաղություն նվիրել աշխարհին

Հայկական կողմը շարունակում է «ձրի» խաղաղություն նվիրել աշխարհին

Մինչև տարեվերջ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպում կազմակերպելու՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` օրեցօր ավելի բարձր հնչող խոստումների ֆոնին հայտնի դարձավ, որ նոյեմբերի 12֊ին արցախա֊ադրբեջանական սահմանի հարավային հատվածում թշնամու կրակից երկու հայ զինվոր է զոհվել։ Հայ դիրքապահներին սպանելու օրը պատահական չէր ընտրված։ Ճիշտ մեկ տարի առաջ՝ 2014 թվականի նոյեմբերի 12֊ին, Ալիևի վարչակազմի հրամանով խոցվել էր արցախյան ուսումնա֊մարտական ուղղաթիռը, որի հետևանքով զոհվել էին անձնակազմի երեք անդամները։ Պարզ է, որ Բաքվի համար ուրախալի այդ օրը թշնամին որոշել էր նշել հերթական սադրիչ գործողությամբ։ Մտածու՞մ էր արդյոք Ալիևը, որ, հրամայելով կրակել հայ զինվորների ուղղությամբ, նա հարցականի տակ է դնում Նախագահ Սարգսյանի հետ հանդիպելու հնարավորությունը։

Դրանից մի քանի օր առաջ պաշտոնական Բաքուն, մեծ ջանքերի գնով, կարողանում է հասնել նրան, որպեսզի Փարիզում տեղի ունեցած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Քաղաքական հարցերի և ժողովրդավարության հարցերով հանձնաժողովի նիստին հակահայկական բանաձև ընդունվի։ Եվ դա այն պարագայում, երբ թե՚ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, թե՛ պաշտոնական Երևանն ու Ստեփանակերտը բազմիցս հայտարարել են, որ ղարաբաղյան հակամարտության հարցի միջազգայնացումը վնասում է բանակցային գործընթացին։ Մտածու՞մ էր արդյոք Ալիևը, որ, կաշառելով ԵԽԽՎ պատգամավորներին, նա իրականում ոչ թե ամրապնդում է պաշտոնական Բաքվի դիրքորոշումները բանակցային գործընթացում, այլ նույն այդ բանակցությունները տապալելուն ուղղված քայլ է անում։

Հայ֊ադրբեջանական հարաբերությունների դինամիկային հետևող ցանկացած մասնագետ կարող է նման բազում հարցեր բարձրացնել։ Ավելի ճիշտ՝ տասնյակ փաստարկներ բերել, որոնք հստակ խոսում են այն մասին, որ պաշտոնական Բաքուն շահագրգռված չէ ադրբեջանա֊արցախյան հակամարտության խաղաղ կարգավորմամբ։ Ալիևը վաղուց է փախչում բանակցություններից, և միամտություն կլիներ կարծել, թե զոռով հանդիպման բերված նախագահից կարելի է ինչ֊որ բաներ ակնկալել։ Այստեղ ամեն ինչ պարզ է։

Ուրեմն ինչու՞ են միջնորդներն ուզում, որպեսզի 2015 թվականին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարնեն անպայման հանդիպեն։ Եվ ի՞նչ արդյունքներ նրանք կարող են ակնկալել նման հանդիպումից։ Միթե՞ բոլոր այդ ջանքերն ուղղված են միայն բանակցային գործընթացի դրական դինամիկայի և վիճակագրական արդյունքների ձեռքբերմանը։ Թե՞ գլոբալ ուրիշ խնդիրներ ևս կան, որոնք դեռևս մնում են լրատվական դաշտի և փորձագիտական շրջանակների ուշադրությունից դուրս։

Իրականում հարցերը շատ են և բազմաբովանդակ։ Բայց ամեն ինչ խոսում է այն մասին, որ ադրբեջանա֊արցախյան հակամարտությունը վաղուց դուրս է եկել տարածաշրջանի մաշտաբներից և դարձել ավելի մեծ քաղաքականության բաղկացուցիչ մասերից մեկը։ Լինելով Հարավային Կովկասի համար խիստ կարևոր գործոն` այն բնական կերպով ազդում է նաև Հյուսիսային Կովկասի, Կասպիծ և Սև ծովերի ավազանի, ինչ֊որ չափով նաև Մերձավոր Արևելքի զարգացումների վրա։ Այս փաստը, կարծես, գիտակցում են բոլորը, բայց ոչ ոք չի խոսում դրա մասին։ Շարունակելով դիտարկել արցախյան խնդիրը միայն Ադրբեջանի հետ հարաբերությունների (հիմնականում ռազմական հակամարտության) շրջանակում՝ հայկական կողմը, կարծես, չի ցանկանում ստանձնել այն դերը, որը կարող էինք ունենալ տարածաշրջանային ավելի ընդարձակ քաղաքականությունում։ Թերևս այդ է պատճառը, որ պաշտոնական Երևանը չի կարող հասկանալ Մինսկի խմբում նախագահող պետությունների դանդաղկոտությունն ու ցանկացած հարցում Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշան դնելու քաղաքականությունը։

Ամեն ինչ իր տեղը կընկնի միայն այն դեպքում, երբ վերջնականորեն պարզ կդառնա, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ոչ թե միջնորդների ինստիտուտ է, այլ հակամարտության կողմ։ Իսկ հակամարտության թեման էլ ոչ թե Արցախն է, այլ Միջին Ասիան, Մերձավոր Արևելքը և ընդհանրապես նոր աշխարհակարգը։ Զսպելով Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությունը` Հայաստանն ու Արցախը իրականում խիստ մեծ ծառայություն են մատուցում բոլոր նրանց, ովքեր անվտանգ և կանխատեսելի Հարավային Կովկասի անհրաժեշտություն են զգում։ Եվ եթե Ադրբեջանը կարողանում է միջազգային հանրությանը պատերազմ սկսելու/չսկսելու սպառնալիք «վաճառել», ապա հայկական կողմը շարունակում է «ձրի» խաղաղություն նվիրել աշխարհին։ Սա այն խնդիրն է, որը շուտափույթ լուծման կարիք ունի և որի ուղղությամբ պետք է աշխատի հայկական դիվանագիտությունը։ Պարզ է, որ Ալիևի հետ անիմաստ հանդիպումներով նման հարցեր հնարավոր չէ լուծել։ Առավել ևս, եթե հաշվի նստենք այն փաստի հետ, որ խաղաղության ներկայիս աստիճանը ապահովվում է ոչ թե բանակցային, այլ ռազմական պոտենցիալի շնորհիվ։ Եվ ուրեմն պետք է «կապիտալիզացնել» այդ պոտենցիալը տարածաշրջանային քաղաքական գործընթացներում։ Միայն այդ դեպքում հնարավոր կլինի խոսել թե՛ ադրբեջանա֊արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման և թե՛ տարածաշրջանային քաղաքականությունում ավելի նշանակալից ու կարևոր դեր ստանձնելու հնարավորության մասին։

Հրանտ ՄԵԼԻՔ֊ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում