Ընթացիկ տարում հանրապետությունում գրանցվել է անչափահասների նկատմամբ ֆիզիկական բռնությունների 154 դեպք

Ընթացիկ տարում հանրապետությունում գրանցվել է անչափահասների նկատմամբ ֆիզիկական բռնությունների 154 դեպք

Ընթացիկ տարում հանրապետությունում գրանցվել է անչափահասների նկատմամբ բռնությունների 154 դեպք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Երեխաների նկատմամբ բռնությունների դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված հանդիպմանն ասաց Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության երրորդ վարչության պետի տեղակալ Արթուր Վարդանյանը:

«Այս տարի գրանցված բռնությունների 154 դեպքերից ընդհամենը 11-ն են տեղի ունեցել ընտանիքներում: Գրանցված դեպքերը հիմնականում վերաբերում են անչափահասների ծեծի դեպքերին, որոնք կատարվել են ինչպես ընտանիքի անձանց, այնպես էլ այլ անձանց կողմից», – ասաց Արթուր Վարդանյանը:

ՀՕՖ-ի երեխաների աջակցության կենտրոնն իր հիմնական գործունեությունը ծավալում է Արարատի և Բերդի տարածաշրջաններում:

Կենտրոնի և Երեխաների պաշտպանության ցանցի նախագահ Միրա Անտոնյանը նշեց, որ կենտրոն եկած երեխաների 50%-ն ունեցել են ֆիզիկական և հոգևոր տրավմաներ:

«Հանրապետությունում առայժմ գրանցվել է միայն մանկական բռնության դեմ պայքարի հայեցակարգը, սակայն ամրագրված չէ, թե ով և ինչ պետք է անի: Այսօր ոչ մանկապարտեզի դաստիարակի, ոչ ուսուցչի աշխատանքի մեջ ամրագրված չէ երեխայի կապտուկների, անխնամ վիճակի կամ սեզոնային հագուստի բացակայության վերաբերյալ ահազանգելու պարտավորությունը», – ասաց Միրա Անտոնյանը:

Երեխաների պաշտպանության ցանցի նախագահը հավելեց, որ մանկական բռնությունների խնդիրը պետք է լինի սոցիալական ոլորտում, քան քրեական, մինչդեռ մեր երկրում միակ մեխանիզմը, որը կօգնի «բռնել» բռնացողի ձեռքը կամ աջակցել անհրաժեշտ օգնության կարիքի դեպքում, շարունակում է մնալ ոստիկանությունը:

«ՍՕՍ Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամը երեխայակենտրոն կազմակերպություն է, որի հիմնական առաքելությունն է ապահովել ծնողական խնամքից զուրկ, ինչպես նաև կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների խնամքը և զարգացումը:

«Երեխաների նկատմամբ բռնությունները միշտ կապակցված են, և եթե տեղի է ունեցել ֆիզիկական բռնություն, ապա դա չի կարող չբերել հուզական ծանր վիճակի: Երեխայի համար ամենաանվտանգ վայրը ընտանիքն է, սակայն հաճախ հենց ընտանիքի անդամներն են դառնում բռնավոր: Եթե վերջին տարիներին հասարակությունը դարձել է սեռական բռնության նկատմամբ անհանդուրժող, ապա հուզական բռնությունը երեխաների նկատմամբ շարունակում է մնալ անտեսված: Իսկ հուզական բռնության հետևանքները շատ խորն են լինում», – ասաց «ՍՕՍ Մանկական Գյուղեր» բարեգործական հիմնադրամի ընտանիքների ամրապնդման ծրագրի ղեկավար Սյուզան Բադեյանը:

Խոսելով հուզական բռնությունների մասին` ընտանիքների ամրապնդման ծրագրի ղեկավարը մանրամասնեց, որ նկատի ունի երեխայի նկատմամբ շարունակական սպառնալիքները, նվաստացումը, որպես պատիժ փակ տարածքում մեկուսացումը: Սակայն նման ընտանիքներում ապրող երեխան արդյունքում մեծանում է առանց սեփական ուժերի նկատմամբ վստահության, հարաբերություններ ճիշտ կառուցելու ունակության բացակայությամբ: Նման երեխաները լինում են ագրեսիվ, տագնապով լի կամ ճիշտ հակառակը՝ անչափ ամաչկոտ:

Սյուզան Բադեյանը վերջում հավելեց, որ շատ ընտանիքներ երեխայի նկատմամբ բռնությունն ընկալում են որպես դաստիարակման միջոց, իբրև թե դա նրան հետագայում կօգնի կյանքում գտնել իր տեղը և ավելի կոփված լինել, սակայն իրականում կոտրում են երեխային:

Հետևեք մեզ նաև Telegram-ում