2014թ-ի տվյալներով՝ ՀՀ-ում աղքատ է բնակչության 30, միայն Երևանում՝ 25.2 տոկոսը

2014թ-ի տվյալներով՝ ՀՀ-ում  աղքատ է  բնակչության 30, միայն Երևանում՝ 25.2 տոկոսը

2014թ-ին Հայաստանում աղքատության մակարդակը կազմել է 30%, այսինքն՝ երկրի 10-ը բնակչից երեքն ամսական 40.264 ՀՀ դրամ վերին աղքատության գծից ցածր են գտնվել։

Այս ցուցանիշը հրապարակվել է ՀՀ ազգային  վիճակագրական ծառայության «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» վերտառությամբ 16-րդ զեկույցում, որը  մշակվել է ՀԲ-ի աջակցությամբ:

Մշտական բնակչության ցուցանիշի հաշվով  հաշվետու տարում աղքատների ընդհանուր թիվը կազմել է 900.000 մարդ, որից  շատ աղքատ է համարվել 330 000-ը, իսկ վերջիններից  ծայրահեղ՝ 70.000-ը:  2014թ-ին ծայրահեղ աղքատության մակարդակը դեռ գերազանցում է 2008թ-ի մակարդակը` 0.7%-ային կետով, իսկ ընդհանուր աղքատության մակարդակը՝ 2.4%-ային կետով կամ 8.7%-ով:

Ընդ որում, ընդհանուր, վերին և ստորին, ինչպես նաև ծայրահեղ աղքատության գծերը մեկ  չափահաս անձի հաշվով և մեկ ամսվա կտրվածքով  համապատասխանաբար գնահատվել է՝ 40. 264 դրամ կամ 98.8 դոլար, 33.101 դրամ կամ 79.6 դոլար, 23.384 դրամ կամ 56.2 դոլար:

2013-ի համեմատ արձանագրվել է աղքատության մակարդակի 2 տոկոս նվազում:

Զեկույցի շնորհանդեսին ՀՀ ԱՎԾ տնային տնտեսությունների հետազոտությունների բաժնի պետ Դիանա Մարտիրոսովան մանրամասնելով աղքատության գծերն ըստ մարզերի,  փաստեց, որ 2014թ-ին գյուղական բնակավայրերում աղքատությունը կազմել է 29. 9 տոկոս, քաղաքային բնակավայրերում՝ 30 տոկոս: Միայն Երևան քաղաքում աղքատության ցուցանիշը կազմել է 25.2%, որը գերազանցում է Վայոց ձորի և Արագածոտնի մարզերի ցուցանիշին, այստեղ այն մոտ 20 տոկոս է:

Նշենք, որ ԱՎԾ-ն ուսումնասիրությունն իրականացրել է 5184 տնային տնտեսությունների շրջանում։

 

                        

Հետևեք մեզ նաև Telegram-ում