«Ժամանակ». Երրորդ համաշխարհային պատերազմը վաղուց ընթանում է

«Ժամանակ». Երրորդ համաշխարհային պատերազմը վաղուց ընթանում է

«Ժամանակ» օրաթերթն անդրադարձել է թուրքական զինուժի կողմից ռուսական ինքնաթիռի խոցման դեպքին և գրել է. «Ռուս-թուրքական օդային միջադեպից հետո, որ նոյեմբերի 24-ին տեղի ունեցավ Սիրիայի և Թուրքիայի սահմանին, շատերը սկսեցին խոսել երրորդ համաշխարհային պատերազմի մասին: Թուրքիան խփեց ռուսական ռազմական օդանավ, օդաչուներից մեկը առնվազն զոհվել է, Ռուսաստանն էլ հայտարարել է, որ հետևանքները Թուրքիայի համար լինելու են անխուսափելի: Այս պայմաններում երրորդ համաշխարհայինի մասին խոսելն արդեն դառնում է նվազագույն արձագանքը, որ կարող է լինել իրադարձությունների այս թոհուբոհում:

Սակայն երրորդ համաշխարհայինն արդեն վաղուց ուրվական չէ, և ռուս-թուրքական միջադեպը ոչ թե ուրվականի, այլ երրորդ համաշխարհային պատերազմի ձայնի դրսևորում է: Երրորդ համաշխարհային պատերազմն ընթանում է վաղուց, պարզապես այն տեղի է ունենում ոչ թե համաշխարհային պատերազմների մասին դասագրքային պատկերացումներով, որպիսին մեզ սովորեցրել են դպրոցներում, այլ նոր ժամանակներին համահունչ ընթացքով:

Աշխարհը փոխվում է, փոխվում են տեխնոլոգիաները, հասարակությունները, մարդիկ, և ինչպես մարդկանց վարած կյանքն է փոխվում, այդպես էլ փոխվում են մարդկանց վարած պատերազմները, որոնք այդ կյանքի մասն են: Դա է դաժան իրականությունը, որից փախչելն անհնար է: Հայաստանի համար այդ իրականությունը դառնում է կրկնակի դաժան, նույնիսկ եռակի»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում