Ուկրաինան խոստացել է վերսկսել էլեկտրաէներգիայի մատակարարումը Ղրիմին

Ուկրաինան խոստացել է վերսկսել էլեկտրաէներգիայի մատակարարումը Ղրիմին

«Ուկրէներգո»-ի տնօրենի պաշտոնակատար Վսեվոլոդ Կովալչուկն ուկրաինական հեռուստատեսության եթերում հայտարարել է, որ հոսանքազրկված Ղրիմին էլեկտրաէներգիայի մատակարարումը պլանավորվում է մասնակիորեն վերականգնել արդեն նոյեմբերի 25-ին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Կովալչուկի խոսքով՝ էլեկտրականության մատակարարումը կվերսկսվի էլեկտրահաղորդման գծերից մեկի հենասյունի նորոգումից անմիջապես հետո: «Ուկրէներգո»-ում այն կարծիքին են, որ դա թույլ կտա բավարարել թերակղզու էլեկտրաէներգիայի պահանջմունքի մոտավորապես 40 տոկոսը:

Կովալչուկը ճշտել է, որ վնասված գծի նորոգումը կնստի ավելի քան 120 հազար դոլար: Ավելի վաղ Ուկրաինայի իշխանությունները հայտարարում էին, որ էներգամատակարարումը կվերականգնվի մի քանի օրվա ընթացքում:

Իր հերթին Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ առայժմ հնարավոր է նորոգել վնասված չորս էլեկտրահաղորդման գծերից միայն մեկը:

Դեպի Ղրիմ ձգվող ուկրաինական չորս էլեկտրահաղորդման գծերի հենասյուներից երկուսն անհայտ անձանց կողմից պայթեցվել են նոյեմբերի 20-ի առավոտյան: Նույն օրն ավելի ուշ շարքից հանվել են մնացած երկուսը, ինչն էներգետիկական ճգնաժամ է առաջացրել թերակղզում:

Ղրիմում արտակարգ դրության ռեժիմ է սահմանված: Իշխանությունները գործարկել են պահեստային գեներատորներ: Այդուամենայնիվ, թերակղզում առանց լույսի է մնում շուրջ մեկ միլիոն մարդ

Հետևեք մեզ նաև Telegram-ում