Սերբիան հետաքրքրված է Հայաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացմամբ

Սերբիան հետաքրքրված է Հայաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացմամբ

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 25-ին ընդունել է Սերբիայի պաշտպանության նախարար Բրատիսլավ Գաշիչին։ Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանն անդրադարձել է Հայաստա նի և Սերբիայի միջև վերջին տարիներին դինամիկ զարգացող հարաբերություններին՝ ընդգծելով համագործակցության առավել զարգացման նպատակով հավելյալ քայլերի անհրաժեշտությունը։ Այս համատեքստում Էդվարդ Նալբանդյանը կարևորել է Հայաստանի և Սերբիայի պաշտպանության նախարարությունների միջև ձևավորվող փոխգործակցությունը։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ նախարար Գաշիչը հավաստել է, որ Սերբիան Հայաստանը դիտարկում է որպես բարեկամ պետություն և հետաքրքրված է ՀՀ հետ հարաբերությունների հետագա զարգացմամբ և ընդլայնմամբ: Նա երախտագիտություն է հայտնել Կոսովոյի հիմնախնդրի կապակցությամբ Հայաստանի սկզբունքային դիրքորոշման համար, որը վերջերս արտացոլվել է նաև ՅՈւՆԵՍԿՕ-ում Կոսովոյի անդամակցության հարցով քվեարկությամբ։

Էդվարդ Նալբանդյանը հյուրին ներկայացրել է ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում