Ռուս-իրանական պարտադրված բարեկամություն, թե ՞ հարատև մրցակցություն

Ռուս-իրանական պարտադրված բարեկամություն, թե ՞  հարատև մրցակցություն

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկօրյա աշխատանքային այցով նոյեմբերի 23-ին ժամանեց Թեհրան: Իրանի մայրաքաղաքում Ռուսաստանի առաջնորդը մասնակցեց Գազ արտահանող երկրների միջազգային ֆորումին, ինչպես նաև մի շարք երկկողմանի հանդիպումներ ունեցավ, այդ թվում նաև իսլամական երկրի ղեկավարի և նախագահի հետ:

Օրակարգն ավելի քան պարզ էր. առաջնային խնդիրը Սիրիայում տիրող իրավիճակն էր և այդ ճակատում համագործակցությունը, միջազգային ահաբեկչության դեմ պայքարը և Իրանի միջուկային ծրագրի իրականացումը: Պակաս կարևոր չէին նաև տնտեսական թեմաները, որոնց շրջանակներում առանձնացան հատկապես առևտրա-ներդրումային համագործակցության, ատոմային էներգետիկայի, նավթի ու գազի արդյունահանման, ռազմա–տեխնիկական համագործակցության և մի շարք այլ ոլորտներ:

Ռուսաստանի նախագահը հայտնեց նաև, որ կողմերն ակտիվացնելու են արդյունաբերական կոոպերացումը: «Ռուսաստանը պատրաստ է այդ նպատակով պետական արտահանական վարկ հատկացնել 5 մլրդ դոլարի չափով»,- ասել է նա՝ հավելել, որ երկկողմ համագործակցության համար 35 առաջնային նախագիծ է ընտրվել էներգետիկայի, շինարարության, ծովային տերմինալների, երկաթուղիների և այլ բնագավառներում:

Ռուս-իրանական հարաբերությունները կարելի է բնութագրել պարտադրված բարեկամություն եզրույթով: Չնայած նրան, որ երկու երկրները պատմականորեն մրցակիցներ են համարվել, սակայն իրողությունների դասավորությունը ներկայումս մղում է նրանց համագործակցության: Նշենք, որ վերջին անգամ Վլադիմիր Պուտինը Իրան էր այցելել 2007թ-ին:

 Ռուս-իրանական հարաբերություններում նոր փուլի մեկնարկը կարելի է համարել 2012թ-ը, երբ Պուտինը կրկին ստանձնեց Կրեմլի պաշտոնական ղեկավարությունը:

Մինչ այդ 1991-2011թթ ընկած ժամանակահատվածը կարելի է բնութագրել, որպես ինտեսիվ քաղաքական երկխոսության ժամանակահատված, որը հաճախ անակնակալ կերպով ընդմիջվում էր երկարատև դադարներով, դրոնց ընթացքում Մոսկվան և Թեհրանը ակտիվորեն մեղադրում էին միմյանց պարտավորությունների չկատարման մեջ:

Սակայն Պուտինի երրորդ պաշտոնավարությունը հստակեցրեց դիրքորոշումն Իրանի նկատմամբ և այդ հարցում վճռորոշ նշանակություն ունեցավ արտաքին միջավայրը, որը երկու կողմերին էլ համագործակցությունից բացի այլ այլընտրանք չէր թողնում: Այս առումով առաջին քայլերը ձեռնարկվեցին դեռևս նախորդ նախագահ Ահմադինեժադի օրոք, երբ նախագահները Շանհայյան կազմակերպության շրջանակներում 2012թ-ի հունիսի 7-ին կուլիսային հանդիպում ունեցան, որից հետո Պուտինը հրապարակայնորեն հայտարարեց, որ Մոսկվան հետաքրքված է պաշտոնական Թեհրանի հետ համագործակցության սերտացմամբ:

Իսկ այդ սերտացումը պետք էր երկու կողմերին էլ, քանի որ Մեդվեդևի պաշտոնավարման ժամանակահատվածում Ռուսաստանի դիրքերը բավականին թուլացել էին Մերձավոր Արևելքում. Արաբական գարնան ալիքը կործանարար ազդեցություն էր գործել:

Իրանը մերձավորարևելյան տարածաշրջանում հենց այն երկիրն էր, որի հետ հարաբերությունների ջերմացումը կհանգեցներ ողջ տարածաշրջանում դիրքերի ամրապնդման: Կատարված քայլերի մեջ գնահատելի է հատկապես Իրանում ռուսական բիզնեսին ոչ պաշտոնական աջակցություն ցուցաբերելը, որը Արևմտյան պատժամիջոցների ֆոնին դրական արձագանք էր գտնում Իրանին:

Սակայն 2013թ-ին, երբ Իրանի նախագահ դարձավ Հասան Ռոուհանին հարաբերությունների ձևաչափը փոխվեց. Ռուսաստանը զիջեց հարաբերություններում միանձնյա թելադրողը լինելու իր դիրքերը: Մասնավորապես՝ ռուսական կողմը չկարողացաավ կազմակերպել Պուտինի այցը Թեհրան, քանի որ Ռոուհանին չէր համաձայնել այցի ձևաչափի հետ: Իրանական կողմը պահանջում էր լայնամասշտաբ նախագահական այց, մինչդեռ ռուսական կողմը այցը դիտում էր, որպես մերձկասպյան երկրներ այցի փուլերից մեկը: Միջազգային մեկուսացման մեջ գտնվող Իրանի նախագահի այս քայլը խոսում էր խաղի նոր կանոնների մասին ,և որ Ռոուհանին առավել մեծ հարգանք է պահանջում:

Ռոս-իրանական հարաբերությունների օրակարգում, ինչպես արդեն նշվեց, վճռորոշ դերակատարություն ունեն արտաքին գործոնները: Դրանցից կարևորը Արաբական գարնանից հետո տարածաշրջանում ստեղծված իրավիճակի նկատմամբ համանման վերաբերմունքն է:

2014թ-ից սկսած ուկրաինական ճգնաժամի խորացումը և Արևմտյան դաշնակիցների հետ հարաբերությունների լարումը ևս մեկ նախադրյալ ստեղծեց կապերն ամրապնդելու համար:

Սակայն պաշտոնական Մոսկվան դեռևս խուսափում է բազմակողմանի համագործակցություն հաստատել, քանի որ դա կարող է բացասական ազդել Իսրայելի և Պարսից ծոցի երկրների համագործակցության խորհուրդի հետ հարաբերությունների վրա:

Չնայած Մերձավոր Արևելքում Իրանի և Ռուսաստանի շահերը հիմնականում խաչվում են, սակայն նրանք տարբեր դիրքորոշումներ ունեն ապագայի հետ կապված: Այնուամենայնիվ, Իրան կատարած այցի շրջանակներում Պուտինը ցանկանում էր ստանալ Իրանի ռազմական աջակցության մեծացումը Սիրիայում: Մասնավորապես՝ Ռուսաստանը ցանկանում է, որպեսզի իր օդային հարվածներին զուգահեռ Իրանը ցամաքային ներգրավվածությունն ընդլայնի Սիրիայում: Իրանի համար սկզբունքային է իշխող ալեվիական վարչակարգի պահպանումը, որը հնարավորություն կտա Լիբանանի և Իրաքի հետ միասին ՄերձավորԱրևելքում ամրապնդել շիական մահիկը, իսկ Ռուսաստանի համար առավել առաջնային են գեոպոլիտիկ շահերը: Այցին հաջորդող գործողությունները միայն ցույց կտան, թե որքանով էին արդյունավետ Պուտինի բանակցությունները:

Պուտինի Իրան կատարած այցի ժամանակ, ԶԼՄ-ում տեղեկատվություն հայտնվեց, համաձայն որի Ռուսաստանի և Իրանի միջև վերականգնվել է դեռևս Մեդվեդևի ժամանակվանից սառեցված պայմանագիրը և Ռուսաստանն սկսել է С-300 ՀՕՊ համակարգեր մատակարարել Իրանին, ինչը ևս հարաբերություններում դրական տեղաշարժի նախանշաններից է:

Այսպիսով, տեսնում ենք, որ վերջին տասնամյակում ռուս-իրանական հարաբերություններն աչքի չեն ընկնում  զարգացման կայուն դինամիկայով և հիմնված են մարտավարական շահերի վրա: Նման շահերի առկայությունը հակասությունները երկրորդային պլան է մղում և կենտրոնացնում ուշադրությունը համատեղ նպատակների վրա, սակայն ապագայում հարաբերություններում կանախտեսելի են մրցակցային տարրերի ավելացում, որը հատկապես կդրսևրովի նավաթագազային շուկայում դիրքավորվելու ժամանակ:

Աննա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում