«Հայկական ժամանակ». Ովքեր են երեկ ձերբակալված զինված խմբի անդամները

«Հայկական ժամանակ». Ովքեր են երեկ ձերբակալված զինված խմբի անդամները

«Հայկական ժամանակ»-ի թղթակիցը Նորքում ԱԱԾ-ականների կողմից վնասազերծված խմբի վարձակալած տանը դրոշներ է նկատել, որոնց վրա պատկերված առյուծները համապատասխանում են «Հայոց Վահան» ազգայնական գնդի դրոշին: Գնդի ֆեյսբուքյան էջի գլխավոր նկարը հենց այդ դրոշն է: Իսկ գնդի հրամանատարը Արթուր Վարդանյանն է: Սույն էջում նշված է, որ Հայոց Վահանը ստեղծվել է հանուն Քեսաբի պաշտպանության և ազատագրման գործին մասնակցության, կազմակերպելով Հայաստանի սփյուռքի երիտասարդության միավորումը և մասնակցությունը այդ նվիրական գործին: Էջում տեղադրված է նաև տեսանյութ, որտեղ Վարդանյանը հայտարարություն է ընթերցում, որում նշում է «Հայոց Վահան գունդը հայտարարում է զինված դիմադրություն սկսելու մասին վարձկան ահաբեկիչների դեմ, որոնք հարձակվեցին մեր ազգի դեմ՝ գործադրելով սպանություններ և կողոպուտ բնակավայրերի ունեցվածքի նկատմամբ»:

2014 թվականի մայիսի 19-ին ընթերցված այս հայտարարության մեջ Վարդանյանն ասում է, որ իրենց նպատակը հայ ազգի անվտանգության ապահովումն է ամենուր, և իրենք դեմ են ամեն կարգի ահաբեկչության:

Ֆեյսբուքյան այս էջում տեղադրված է նաև «Հարցազրույց՝ Հայոց Վահան շարժման ղեկավար Արթուր Վարդանյանի հետ» վերնագրով մի տեսանյութ, որում Վարդանյանը բողոքում է, որ հայերը միացյալ չեն, ունենք կաշառակեր, անգրագետ մարդիկ, որոնք նստած լափում են:

Երեկ ԱԱԾ-ի կողմից ձերբակալված կանանցից մեկը՝ Նելլի Մինասյանը, ևս էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ցույցերի մասնակիցն է: Այդ տեղեկությունները թերթի թղթակցի հետ զրույցում հաստատել է նաև «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը:

Նորքում վարձակալած առանձնատանը, որտեղ ԱԱԾ-ն գործողություններ էր իրականացրել, թերթի թղթակիցը տեսել է մի լուսանկար, որը, ըստ տանտիրոջ, ձերբակալված կանանցից մեկն է: Աղջկա ֆեյսբուքյան էջում ևս տեղադրված է «Հայոց Վահան» գնդի դրոշը: Այս էջում էլ մեջբերումներ կան Գարեգին Նժդեհից, մասնավորապես. «Քեզ վրա նայիր որպես դատապարտվածի, որը հանուն իր երկրի ու ժողովուրդի պաշտպանության՝ պիտի միշտ պատրաստ լինի ընդունելու մահը» Անդրանիկ Օզանյանից, Սևակից:

Երեկ էլ «Առաջին լրատվականը» գրել է, որ վնասազերծված խմբի անդամներից մեկն էլ Հանրային հեռուստաընկերության աշխատակից, արբանյակային հեռարձակման թողարկիչ Արման Հայրապետյանն է:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում