Շավարշ Քոչարյանը չի բացառում Թբիլիսիում Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը

Շավարշ Քոչարյանը չի բացառում Թբիլիսիում Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը չի բացառում Թբիլիսիում Նալբանդյան-Մամեդյարով հանդիպման հնարավորությունը: «Քանի որ նրանք հանդիպելու են բազմակողմ ձևաչափում, ապա չի բացառվում նաև այդ հանդիպումը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Քոչարյանը:

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը լուրջ ակնկալիքներ չունի Հայաստանի և Ադրբեջանի հնարավոր հանդիպումից: «Ակնկալիքներ կարող են լինել մի դեպքում, եթե ադրբեջանական կողմը վերջ դնի իր այդ մոտեցմանը` «կամ ամեն ինչ, կամ ոչինչ», և չփորձի ուժի դիրքերից կորզել իր համար ավելի նպաստավոր լուծում: Դա անհնարին է: Քանի դեռ Ադրբեջանում դա չի երևում, ապա ես լուրջ ակնկալիքներ չունեմ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանը:

Նրա խոսքով, մյուս կողմից դա չի նշանակում, որ նմանատիպ հանդիպումները պետք չեն, նույնիսկ պատերազմող երկրների դեպքում լինում են հանդիպումներ, բանակցություններ:

Միաժամանակ, խոսելով Սարգսյան-Ալիև ձևաչափով հանդիպման ժամկետի ու վայրի մասին՝ փոխարտգործնախարարն ասաց, որ այդ մասին հավելյալ կտեղեկացվի:

Նախորդ Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստից հետո Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել էր, որ ամենայն հավանականությամբ դեկտեմբերի սկզբին տեղի կունենա Սարգսյան-Ալիև հանդիպում:

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 26-ին Թբիլիսիում մասնակցելու է Արևելյան գործընկերության արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում