Կաթողիկոսն ընդունել է Ահլ ալ-Բեյթի համաշխարհային համագումարի գլխավոր քարտուղարին

Կաթողիկոսն ընդունել է Ահլ ալ-Բեյթի համաշխարհային համագումարի գլխավոր քարտուղարին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նոյեմբերի 26-ին ընդունել է իր հրավերով Հայաստան ժամանած Ահլ ալ-Բեյթի համաշխարհային համագումարի գլխավոր քարտուղար Այաթոլլա Մոհամմադ Հասան Ախթարիին: Ինչպես տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, Ամենայն Հայոց կաթողիկոսը ողջունել է Այաթոլլա Ախթարիի այցը Հայաստան և Ս. Էջմիածին և նշել, որ նմանատիպ այցելությունները ոչ միայն նպաստում են երկկողմանի փոխճանաչողությանն ու միջկրոնական երկխոսությունների առավել զորացմանը, այլև դրական ներգործություն են ունենում երկու հավատավոր ժողովուրդների զավակների վրա` ապրելու խաղաղ և ստեղծագործ կյանքով:

Ընդգծելով միջկրոնական երկխոսությունների անհրաժեշտությունը` Վեհափառ Հայրապետը շեշտել է, որ ինչպես քաղաքական գործիչները, հոգևոր առաջնորդները ևս կարևոր դերակատարություն կարող են ունենալ աշխարհի տարբեր կողմերում իրականացվող ոճրագործությունների և ահաբեկչական գործողությունների կանխարգելման, դրանց հետևանքների հաղթահարման գործում, հատկապես, որ այսօր հաճախ ահաբեկչությունը քողարկվում է կրոնական գործոնով: Այս առնչությամբ Նորին Սրբությունը դատապարտել է Ֆրանսիայում կատարված ահաբեկչությունը, նաև մտահոգություն հայտնել Միջին Արևելքում տիրող ծանր կացության վերաբերյալ:

Իր խոսքում Ամենայն Հայոց կաթողիկոսն անդրադարձել է երկու ժողովուրդների պատմական կապերին և ներկայիս հայ-իրանական հարաբերությունների զարգացմանը: Վերջինիս տեսանելի վկայություն նկատելով իրանահայ համայնքի ազգային-եկեղեցական կյանքը` Նորին Սրբությունն ընդգծել է, որ դա քրիստոնյա և իսլամ ժողովուրդների խաղաղ ու համերաշխ համակեցության գեղեցիկ օրինակ է: Այս առիթով Հայոց Հայրապետն իր գնահատանքն է հայտնել հայ համայնքի և նրա հոգևոր-կրթական հաստատությունների նկատմամբ Իրանի իշխանությունների կողմից ցուցաբերվող ուշադրության համար:

Իր հերթին հրավերի և ջերմ ընդունելության համար շնորհակալություն է հայտնել Այաթոլլա Մոհամմադ Հասան Ախթարին` փառք տալով Երկնավորին, որ բարեկամ երկու ժողովուրդների միջև ջերմ հարաբերություններն ընդլայնվում են` ընդգրկելով տարբեր ոլորտներ:

Ահլ ալ-Բեյթի համաշխարհային համագումարի գլխավոր քարտուղարը ևս կարևորել է միջկրոնական երկխոսությունները` նշելով, որ կրոնական առաջնորդների միջև ձևավորված փոխհամագործակցությունը գեղեցիկ օրինակ կլինի աշխարհի ժողովուրդների համար և կառաջնորդի նրանց դեպի բոլոր կրոնների կողմից քարոզվող վեհ ու նվիրական արժեքները:

Այաթոլլա Մոհամմադ Հասան Ախթարին անդրադարձ է կատարել նաև ծայրահեղականության դրսևորումներին: Նա ընդգծել է, որ որևէ կրոն կոչ չի անում սպանել Աստծո արարածներին, և կրոնական գործիչների պարտականությունն է խստորեն դատապարտել մարդկանց կրոնական հավատալիքները չարաշահող բոլոր այդ երևույթները:

Զրույցի ընթացքում Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը և Ահլ ալ-Բեյթի համաշխարհային համագումարի գլխավոր քարտուղարը խոսել են նաև երիտասարդ սերնդի հոգևոր դաստիարակության և հոգևորականների պատրաստության մասին: Մարդկային կյանքը հուզող տարբեր խնդիրների ու մարտահրավերների հաղթահարման գործում կարևորվել է միջկրոնական համագործակցության ընդլայնումը և համատեղ քայլերի ձեռնարկումը:

Վերջում Նորին Սրբությունը վերստին իր բարեմաղթանքներն է փոխանցել Համաշխարհային համագումարի գլխավոր քարտուղարին` հայցելով Բարձրյալի օրհնությունը բարեկամ ժողովրդի կյանքին:

Հանդիպմանը ներկա են եղել Մայր Աթոռի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, Մայր Աթոռի քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը, Եպիսկոպոսաց ժողովի գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Տ. Զաքարիա վարդապետ Բաղումյանը և ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում