Թուրքական հարվածը ճաքեցնում է ՆԱՏՕ-ի միասնականության պատը

Թուրքական հարվածը  ճաքեցնում է ՆԱՏՕ-ի միասնականության պատը

Նոյեմբերի 25-ին Թուրքիայում պետք է կայանար Ռազմավարական պլանավորման ռուս-թուրքական համատեղ խմբի 5-րդ նիստը, որին մասնակցելու համար Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը պետք է մեկներ Թուրքիա: Բացի օրակարգային հարցերից նախատեսվում էր քննարկվել նաև Սիրիայում տիրող դրությունը և դրա վերաբերյալ կողմերի դիրքորոշումը: Սակայն, ինչպես ասում են ուրբաթը շաբաթից շուտ եկավ:

Նոյեմբերի 24-ին, թուրքական օդուժը խոցեց ռուսական Су-24 կործանիչը, որով թուրք-ռուսական հարաբերությունները մտան լարվածության աննախադեպ բարձրացման մի շրջան: Ռուսական կործանիչի խոցումը, թուրքական կողմն ամենևին էլ պատահականություն չորակեց և ոչ էլ փորձեց արդարացումներ գտնել: Ընդհակառակը Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարեց, որ հարվածելու հրահանգը ինքն է տվել: Չնայած նման արկածախնդրությունն ու էմոցիոնալ պահելաձևը ավելի շատ նման է երկրի նախագահ Էրդողանի ձեռագրին: Ինչևէ, արդեն իսկ գործ ունենք մի քայլի հետ, որը շրջադարձային կարող ենք համարել ՌԴ-Թուրքիա հարաբերություններում և նոր փուլի մեկնարկ ՆԱՏՕ –ի ներքին խոհանոցում:

Սառը պատերազմի տարիներից ի վեր ՆԱՏՕ-ն և Ռուսաստանը, որը կանգնած է եղել տարբեր ռազմական դաշինքների գլխին, խուսափել են աշխարհի որևէ կետում ուղղակի և պլանավորված բախումներից, սակայն Թուրքիայի վերջին գործողությունները առաջինն էին իրենց տեսակի մեջ: Կատարվածի վերաբերյալ արձագանքերն ամենատարբերն էին:

ՆԱՏՕ-ի շրջանակներում հատուկ նիստ գումարվեց, որտեղ չնայած ընգծվեց Թուրքիայի օդային տարածքը պահպանելու սուվերեն իրավունքը, սակայն բավականին զգուշավորություն ցուցաբերվեց իրավիճակին գնահատելու հետ կապված: Ընդհանրապես այս միջադեպը ցույց տվեց այն հակասությունները, որոնք առկա են հենց ՆԱՏՕ-ի ներսում:

Այսպես, երբ դիտարկում ենք առանձին երկրների ղեկավարների հեռախոսազրույցներն ու գնահատականները, ապա պարզ է դառնում, որ եվրոպական երկրների մեծամասնությունը դեմ է Ռուսաստանի հետ առճակատմանը և դատապարտում է Թուրքիայի գործողությունները, մինչդեռ ամերիկյան կողմի արձագանքները նման են Թուրքիայի գործողությունների խրախուսմանը: Այս ամենը ՆԱՏՕ-ի ներսում հանգեցնելու է պառակտվածության: Այսօր եվրոպական երկրներն են վճարում Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման գինը: ԱՄՆ-ն, որ գտնվում է օվկիանոսից այն կողմ և չի բախվում հիմնական այն մարտահրավերներին, որոնց հետ գործ ունեն հին աշխարհի երկրները, կողքից հանդես է գալիս կրակը թեժացնողների դերում: Մինչդեռ Ֆրանսիան և ահաբեկչության ու միգրացիոն մեծ հոսքի հետ առերեսվող մնացած եվրոպական երկրներում անվտանգության դեֆիցիտ է առաջանում: Այդ է պատճառը, որ այս պետությունները ցանկանում են համագործակցության եզրեր գտնել Ռուսաստանի հետ և համատեղ պայքարել միջազգային ահաբեկչության դեմ:

Բացի այդ գաղտնիք չէ, որ Թուրքիան աջակցում է Իսլամական պետություն ծայրահեղական կազմակերպության գործունեությանը, որն ահաբեկչական գործողությունների սպառնալիքի տակ է պահում եվրոպական և ՆԱՏՕ-ի անդամ մի շարք երկրներ: Ուստի բացառված չէ, որ ապագայում ՆԱՏՕ-ի կազմում որոշ երկրներ հանդես գան Թուրքիային անդամակցությունից հանելու նախաձեռնությամբ: Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ դարձավ, որպես խորհրդայնացման էքսպանսիան զսպող ուժ, սակայն այն պարբերաբար խաթարում է հյուսիսատլանտյան դաշինքի անդորրը, ինչպես որ տեղի ունեցավ Հյուսիսային Կիպրոսի զավթման ժամանակ:

Արևմտյան դաշնակիցներից ԱՄՆ-ն չի շտապում ազատվել թուրքական ընկերակցությունից, մանավանդ, որ տարածաշրջանում առայժմ չկա նրան փոխարինող, ինչպես ժամանակին Իրանն էր, սակայն համագործակցության շարունակումն էլ նշանակում է գործակցություն իսլմական դահիճի հետ, որին խիստ դեմ կլինեն եվրոպական երկրները:

Թուրքիայի կողմից ռուսական կործանիչի խոցումը Երրորդ համաշխարհային պատերազմի վերսկսման համար կազուս բելի չէ, սակայն այն դառնալու է համաշխարհային անվտանգության սպառնալիքների դեմ պայքարում ուժերի դասավորության և ճամբարների ստեղծման չափորոշիչներից մեկը: Այդ հարվածը ճաք կստեղծի ռազմական ամենամեծ դաշինքի պատերի ներսում:

Աննա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում