Հասունացել է պահը ԵՄ-ի հետ մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման մասին երկխոսությունը մեկնարկելու համար. Նալբանդյան

Հասունացել է պահը ԵՄ-ի հետ մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման մասին երկխոսությունը մեկնարկելու համար. Նալբանդյան

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Թբիլիսիում մասնակցել է Արևելյան գործընկերության երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը, որին ներկա էին Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը, Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Հելգա Շմիդտը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ելույթ ունենալով հանդիպմանը՝ նախարար Նալբանդյանը նշել է.

«Մենք բարձր ենք գնահատում ԵՄ կողմից մեր երկրին ցուցաբերված շարունակական աջակցությունը և օժանդակությունը, որը կարևոր է եղել Հայաստանում բարեփոխումների գործընթացի իրականացման և ինստիտուցիոնալ կարողությունների արդյունավետ զարգացման համար։

Հայաստանը ողջունեց Եվրոպական հարևանության քաղաքականության վերանայման գործընթացը և կարևորեց գործընկեր պետությունների ներգրավումը դրանում: Մենք գոհունակությամբ ենք նշում, որ ԵՄ խորհրդի քննարկումների արդյունքը արտացոլում է տարբերակման սկզբունքը»:

Նալբանդյանը գոհունակությամբ նշել է ԵՄ խորհրդի որոշումը` լիազորելու Եվրոպական հանձնաժողովին և բարձր ներկայացուցչին` սկսելու Հայաստանի հետ նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները:

«Բանակցությունները կմեկնարկեն մոտ օրերս, և ես լիահույս եմ, որ ակտիվ քննարկումների գործընթացի միջոցով մենք կկարողանանք համաձայնության գալ նոր շրջանակային փաստաթղթի շուրջ, որը կարտացոլի երկկողմ հարաբերությունների ծավալն ու խորությունը և կսահմանի նոր ուղենիշներ` փոխշահավետ համագործակցության համար:

Անցկացված բանակցությունների արդյունքում մենք ակնկալում ենք մոտակա օրերին համաձայնագրեր ստորագրել մի շարք ԵՄ նախաձեռնություններում Հայաստանի մասնակցության վերաբերյալ, ինչպես օրինակ` «Հորիզոն 2020» և Փոքր և միջին ձեռնարկությունների մրցունակության ծրագիրը (COSME):

Հայաստանի կառավարությունը նաև իր պատրաստակամությունն է հայտնել՝ կնքելու ընդհանուր ավիացիոն համաձայնագիր:

Մենք մեծ կարևորություն ենք տալիս մարդկային շփումներին և մեր քաղաքացիների ընդլայնված շարժունակությունը դիտարկում ենք որպես կարևոր նախադրյալ՝ մեր հասարակություններն իրար ավելի մոտ դարձնելու: Արդեն երկու տարի է, ինչ իրականացվում են ԵՄ-Հայաստան մուտքի արտոնագրի դյուրացման և հետընդունման համաձայնագրերը: Մենք համոզված ենք, որ հասունացել է պահը՝ առաջ գնալու և մեկնարկելու մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսությունը», – շեշտել է Էդվարդ Նալբանդյանը։Անդրադառնալով Հայաստանում իրականացվող բարեփոխումներին՝ նախարար Նալբանդյանն ընդգծել է. «Հայաստանի կառավարությունը հանձնառու է առաջ մղելու բարեփոխումները, որոնք նպատակաուղղված են ժողովրդավարական կառույցների, արդյունավետ կառավարման, օրենքի գերակայության և անկախ դատական համակարգի զարգացմանն ու ամրապնդմանը և մարդու իրավունքների պաշտպանությանը։ Այս նպատակով է, որ Հայաստանի Հանրապետության Նախագահը նախաձեռնել է սահմանադրական բարեփոխումների գործընթացը։Համաձայն Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի կարծիքի՝ «Հայաստանի Սահմանադրական հանձնաժողովի կողմից կատարված աշխատանքը շատ բարձր որակի է, ողջունելի է և արժանի է աջակցության»։ Հանձնաժողովը նաև ընդգծեց, որ Սահմանադրության նախագիծը համապատասխանում է միջազգային չափանիշներին», – ասել է Հայաստանի արտգործնախարարը։Ամփոփելով իր խոսքը՝ Էդվարդ Նալբանդյանը նշել է. «Հայաստանը կարևորում է տարբեր ձևաչափերում ընդգրկուն համագործակցությունը: Մենք կարծում ենք, որ հնարավոր է լավագույնս օգտագործել տարբեր ինտեգրացիոն շրջանակները` ցուցաբերելով առավել հեռատես մոտեցում:Եվրասիական տնտեսական միությանը միանալուց ի վեր և դեռ դրանից առաջ մենք պաշտպանում էինք այն տրամաբանությունը, որը հիմնվում է տարբեր ինտեգրացիոն ձևաչափերի ընձեռած հնարավորությունների լավագույնս օգտագործելու վրա` զերծ մնալով նոր բաժանարար գծերի ստեղծումից: Մենք ցանկանում ենք առավելագույնս օգտվել Եվրասիական տնտեսական միությունում մեր անդամակցությունից և, միևնույն ժամանակ, զարգացնել փոխշահավետ հնարավոր լայն համագործակցություն Եվրոպական միության հետ»։ 

Հետևեք մեզ նաև Telegram-ում