Դատարանը բավարարել է Արթուր Վարդանյանին կալանավորելու միջնորդությունը

Դատարանը բավարարել է Արթուր Վարդանյանին կալանավորելու միջնորդությունը

Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ԱԱԾ-ի կողմից վնասազերծված հանցավոր խմբի պարագլուխ Արթուր Վարդանյանի նկատմամբ խափանման միջոցը կալանք կիրառելու միջնորդությունը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց Արթուր Վարդանյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը: «Դատարանի կողմից քննարկվեց Արթուր Վարդանյանի նկատմամբ խափանման միջոցը կալանք կիրառելու միջնորդությունը: Դատարանը բավարարել է միջնորդությունը»,- ընդգծեց Բաղդասարյանը: Նա նաև հավելեց, որ իր պաշտպանյալը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:

Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ քննչական աշխատանքների արդյունքում բացահայտվել էկազմակերպված հանցավոր խմբակցություն, որը նպատակ է հետապնդել ՀՀ տարածքումկազմակերպել մի շարք ծանր հանցագործություններ: 2015 թվականին ՀՀ քաղաքացի, Երևանի նախկին բնակիչ, արտասահմանում բնակվող Արթուր Վարդանյանը, ժամանելով Հայաստան, ստեղծել և ղեկավարել է հանցավոր համագործակցություն: Նախնական համաձայնությամբ, կազմակերպված խմբի կողմից ապօրինաբար ձեռք է բերվել մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք, որը թաքցվել է Երևան քաղաքի Նորք թաղամասում՝ այդ նպատակով վարձակալած առանձնատանը:

Նոյեմբերի 25-ին Ոստիկանության հետ համատեղ խուզարկությունների ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ: Խուզարկության պահին առանձնատանը, Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել հանցավոր խմբակցության 9 անդամները, որոնք ձերբակալվել են: ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ի և 2-րդմասերով և 235-րդ հոդվածի 3-րդ մասով, կատարվում է նախաքննություն: Ձերբակալվածների թիվը հասել է 21-ի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում