Իշխանությունը միշտ զգալու է իր ծոծրակին ընդդիմության ազդեցությունը. Սամվել Ֆարմանյան

Իշխանությունը միշտ զգալու է իր ծոծրակին ընդդիմության ազդեցությունը. Սամվել Ֆարմանյան

ՀՅԴ ներկայացուցիչ Արթուր Եղիազարյանը «Այո և ոչ» ռեալիթի շոուի շրջանակում Տավուշի մարզի Բերդ քաղաքում հայտարարեց, որ հասարակության հավատի կորուստը Սահմանադրության հետ իրականում  կապ ունի, քանի որ մինչ օրս  ընդունված Սահմանադրությունները  քաղաքացու համար չեն եղել, այլ` նախագահների:

«Անձերն այստեղ կապ չունին` Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, ով էլ գա, նույնն է լինելու, քանի որ պետական համակարգն է այդպիսին, քանի որ երբ մի անձի բացարձակ իշխանություն, դա իր հետ բերում է սուբյեկտիվ գործոններ»,-ասաց նա:

«Հայազն» կուսակցության ներկայացուցիչ Արմեն Մկրտչյանը զարմանք արտահայտեց` ինչպես կարող է գործող կուսակցությունը խաղի նոր կանոններով աշխատել և սպառնալ, որ եթե  նոր Սահմանադրությունը չընդունվի, վիճակն ավելի վատ է լինելու:

ՀՀԿ-ական Սամվել Ֆարմանյանն էլ նկատեց, որ իշխանություններին չվստահելը քաղաքացու իրավունքն է, բայց երբ քաղաքական ուժերն ասում են, որ դեմ են առաջարկվող փոփոխություններին, որովհետև նախաձեռնողն իշխանությունն է, դա արդեն քաղաքականբ հնարք է: ՀՀԿ ներկայացուցիչն ընդունում է` Հայաստանում կուսակցական համակարգը կայացած չէ, իսկ նոր Սահմանադրության նախագիծն էլ Աստվածաշունչ չէ, որ անթերի լինի կամ կատարյալ: 

Ինչի հետ համաձայն է «ոչ»-ի կողմնակից «Հայազն» կուսակցության ներկայացուցիչ Արմեն Մկրտչյանը, բայցև լրացնում. «Եթե Սուրիկ Խաչատրյանի որդուն բանտից ազատվելուց հետո միանգամից պաշտոն են տալիս, դա նշանակում է, որ նոր սահմանադրության ընդունման դեպքում ավելի վատ է լինելու, էլ բանտ էլ չի գնալու տվյալ անձը, միանգամից գնալու է պաշտոնի»: 

Հանրապետական Սամվել Ֆարմանյանը հետաքրքրվեց, թե ո՞վ է նշանակել:

«Նշանակել է ձեր պաշտոնյան, «Հայ անտառ»-ի տնօրենը, ձեր գործընկերը դաշնակցությունից, ի՞նչ տարբերություն, եւ սա առաջին դեպքը չէ, երբ ասում ենք Սահմանադրությունը երաշխավոր չէ, չարաչար սխալվում ենք, Սահմանադրությունը, ՀՀ մարդու, ՀՀ քաղաքացու ազատ եւ արժանապատիվ ապրելու երաշխավորը պետք է լինի»,– պնդեց «ոչ»-ական Արմեն Մկրտչյանը:

Ի դեպ, շարունակելով  իր միտքը Սամվել Ֆարմանյանը նկատեց, որ միշտ լինում են մեղադրողներ և մեղավորներ ու ժամանակի ընթացքում տեղերով փոխվում են. «Եթե շարունակի այս համակարգը գործել,  չզարմանաք, որ մի 5 տարի հետո դուք կտեսնեք ՀՀԿ-ի ներկայացուցիչներ, որոնք արդեն նոր իշխանություններին կասեն, թե դուք թույլ չեք տալիս»: 

Ըստ նրա` խորհրդարանական կառավարման համակարգի դեպքում իշխանությունը չի լինելու կենտրոնացված մեկ անձի ձեռքում,  ավելին` իշխանությունը միշտ զգալու է իր ծոծրակին ընդդիմության ազդեցությունը: 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում