Ամբողջությամբ վերականգնվել է Ձորագյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին

Ամբողջությամբ վերականգնվել է Ձորագյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին

Գեղարքունիքի մարզի Ձորագյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին 85 տարվա տեւական լռությունից հետո իր նորոգ դռներն է բացում գյուղի հավատավոր բազմության առջեւ` Գրիգորյան եղբայրների ներդրած անձնական միջոցների շնորհիվ վեր հառնելով փլատակներից: Շինարարական աշխատանքերը սկսվել են 2014 թվականից եւ ավարտվել 2015 թվականի նոյեմբերի 25-ին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ձորագյուղի գյուղապետ Լեւիկ Գրիգորյանը, եկեղեցու կառուցման եւ խոնարհման ստույգ թվականը հայտնի չէ, սակայն այն 1830 թվականին Ալաշկերտից գաղթած եւ Ձորագյուղում հաստատված հայ ընտանիքների ջանքերով եւ Տեր-Գրիգոր քահանա Վարդապետյանի հովանավորությամբ հիմնանորոգվել ու հավատի տուն է ծառայել 1858 թվականից սկսած: Այն երկրորդ անգամ հիմնանորոգման է ենթարկվել 1905 թվականին: Անցած դարի 30-ական թվականներից Սուրբ Աստվածածին բազիլիկ եկեղեցին վերածվում է կոլխոզի մթերքների ու սերմացուների պահեստի, իսկ 60-ական թվականներից լքվում է` տարեցտարի վերածվելով ավերակ շինության:

«Երկու տարվա դժվարին աշխատանքներից հետո կարողացանք ավերակներից վեր բարձրացնել նորանորոգ Սուրբ Աստվածածինը, որը կօծվի մոտակա օրերի ընթացքում եւ Մասրուց Անապատ եկեղեցու կողքին կդառնա մեր գյուղի երկրորդ գործող հավատի տունը: Եկեղեցին հիմնովին մաքրվել է փլվածքներից ու շինարարական աղբից, պատերը հիմքից վեր են բարձրացվել իրենց նախկին տեսքով: Միայն փոփոխություն է կրել զանգակատունը: Ապահովված է նաեւ ջեռուցումը, որպեսզի ձմռան ամիսներին եւս եկեղեցին ընդունի հավատավորներին»,-նշեց համայնքի ղեկավարը:

Մասրուց Անապատ եկեղեցին, որը կառուցվել է 9-10-րդ դարերի ընթացքում, դարձյալ հիմնանորոգվել, օծվել եւ գործող է դարձել 1997 թվականից, Գրիգորյան եղբայրների անձնական միջոցների հաշվին, իսկ Գրիգորյան եղբայրները երախտապարտ ծոռներն են Տեր-Գրիգոր քահանա Վարդապետյանի, ում ջանքերով 1858 թվականին ավերակներից վեր է հառնել Ձորագյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին:

Խոսրով Խլղաթյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում