Ռուսաստանի հետ հերթական հակամարտության մեջ Թուրքիան կրկին պարտվում է

Ռուսաստանի հետ հերթական հակամարտության մեջ Թուրքիան կրկին պարտվում է

Թուրքական զինված ուժերի կողմից ռուսական ռազմական ինքնաթիռի կործանումը Մերձավոր Արևելքում տիրող անարխիայի օրինաչափ հետևանք է: Անշուշտ, այդ միջադեպը վտանգավոր իրավիճակ է ստեղծել տարածաշրջանում: Իրավիճակի վտանգավորությունը կայանում է նրանում, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է: Փաստորեն, առաջին անգամ ՆԱՏՕ-ի անդամ պետությունը ուղղակի ռազմական հարձակում է գործում Ռուսաստանի դեմ: Սա պայթունավտանգ իրավիճակ է ամբողջ տարածաշրջանի համար, որի մասն է նաև Հայաստանը:

Այդ միջադեպի վերաբերյալ կողմերի մեղադրանքների և հայտարարությունների վերաբերյալ այս օրերին շատ է խոսվել, սակայն ուշադրությունից կարծես վրիպել է, թե ինչը, ի վերջո, ստիպեց Թուրքիային նման արկածախնդրության դիմել: Պարզ է, որ այդ միջադեպը պատահականություն լինել չէր կարող: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Թուրքիան ձգտում է տարածաշրջանում լինել առաջատար տերություն` իր շուրջը համախմբելով իսլամիստական ուղով զարգացող պետություններին: Բաշար Ասադի գլխավորած Սիրիան խոչընդոտում է Թուրքիայի այդ հավակնությանը: Անկարան ձգտում է ամեն գնով հեռացնել Ասադին իշխանությունից, հետևաբար ով պայքարում է Ասադի դեմ, Թուրքիայի դաշնակիցն է, իսկ ով աջակցում է Ասադին, կամա թե ակամա Թուրքիայի թշնամին է դառնում:

Այս առումով Սիրիայում Թուրքիայի դաշնակիցներն են նախ և առաջ «Իսլամական պետություն» ահաբակչական խմբավորումը և երկրում գործող այլ հակակառավարական ուժերը: Սիրիական ճգնաժամի սկզբում սցենարը Թուրքիայի համար բավական լավ էր զարգանում: Ասադը գամվել էր պատին, անդադար պարտվում էր, և ամեն վայրկյան թվում էր, որ շուտով կկործանվի: Սակայն անսպասելիորեն Ռուսաստանը մտավ խաղի մեջ: Բացի միջազգային դիվանագիտական աջակցությունից` Ռուսաստանը սկսեց ուղղակի ռազմական աջակցություն ցուցաբերել Սիրիային` ռմբակոծելով Ասադի դեմ պայքարող ուժերի դիրքերը, աջակցելով Թուրքիայի հակառակորդներին, մասնավորապես` քրդերին:

Ռուսաստանը Սիրիայում իր գործողությունները հիմնավորում է միջազգային ահաբեկչության դեմ պայքարի անհրաժեշտությամբ: Սակայն պարզ է, թե ինչ շահեր է հետապնդում Ռուսաստանը: Սիրիան Ռուսաստանի համար կարևոր միջերկրածովյան պետություն է, որի նավահանգիստ ազատ մուտք ունի: Սիրիան Ռուսաստանի վերջին հենարանն է Մերձավոր Արևելքում, ինչպես Հայաստանը` Հարավային Կովկասում: Ռուսական ռազմական ինքնաթիռները սկսեցին ռմբակոծել ոչ միայն «Իսլամական պետության», այլև անմիջապես թուրք-սիրիական սահմանին գործող խմբավորումների ` մասնավորապես թուրքմենների դիրքերը, որոնք Թուրքիայի հովանավորության տակ են գտնվում: Ռուսական ինքնաթիռը թուրքերի կողմից կործանվել է հենց այնտեղ, որտեղ թուրքերը բավական ժամանակ է ցանկանում են ստեղծել այսպես կոչված անվտանգության գոտի` զինելով Սիրիայի հյուսիս-արևմուտքում թուրքմեններին:

Այլ կերպ ասած` բավական չէ, որ ռուսներն աջակցում են Ասադին և քրդերին, դեռ մի հատ էլ ջախջախում են Սիրիայում Թուրքիայի դաշնակիցներին: Այսինքն` Թուրքիայի բոլոր ծրագրերը հոդս են ցնդում, ինչպես աշխարհաքաղաքական գերակայություն հաստատելու, այնպես էլ տնտեսական ծրագրերը, որոնք կապված են նավթի առևտրի հետ: Անկարային ոչ մի կերպ չհաջողվեց, օգտագործելով ուկրաինական ճգնաժամի հետ կապված հակասությունները, ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներին տրամադրել Ռուսաստանի դեմ, ընդհակառակը` ԱՄՆ-ն և Ֆրանսիան սկսեցին խոսել Ռուսաստանի հետ «Իսլամական պետության» դեմ կոալիցիա ձևավորելու մասին:

Թուրքիան սկսում է հայտնվել ռուսական ռազմա-քաղաքական շրջափակման մեջ: Ռուսաստանին Ղրիմի միանալուց հետո ռուսական դիրքերը ամրապնդվեցին Թուրքիայի հյուսիսում` Սև Ծովի գրեթե ամբողջ երկայնքով: Թուրքիայից արևելք` Հայաստանում, գտնվում է ռուսական ռազմաբազան: Եվ ահա Թուրքիայի հարավում` Սիրիայում, ռուսները ամրապնդում են իրենց դիրքերը: Իսկ ռուսական զորքը, որը մտել է Սիրիա, այլևս դժվար թե այնտեղից դուրս գա: Ռուսաստանի նախագահ Պուտինը արդեն խոսում է իսլամիստների դեմ ոչ միայն օդային, այլև ցամաքային հարձակումների անհրաժեշտության մասին: Ռուսաստանն ընդլայնում է սպառազինությունների մատակարարումը Սիրիա: Օրերս հայտնի դարձավ, որ Սիրիայում տեղակայվել է ռուսական С-400 զենիթա-հրթիռային համալիր:

Ստացվում է, որ իր իսկ հրահրած մերձավորարևելյան քաոսում Թուրքիան պարտվում է: Ի՞նչ անել այս իրավիճակում: Հավանաբար Անկարայում մտածեցին, որ չկա ռուսներին զսպելու ավելի լավ տարբերակ, քան ամբողջ ՆԱՏՕ-ին ներքաշել Ռուսաստանի դեմ: Բավական է «պատահաբար» կործանել ռուսական ինքնաթիռը, և ամեն ինչ ինքնըստինքյան տեղի կունենա: Սակայն կրկին իրադարձությունները չզարգացան այնպես, ինչպես կցանկանար Թուրքիայի ղեկավարությունը: ՆԱՏՕ-ում այնքան էլ ոգևորությամբ չընդունեցին թուրքերի արկածախնդրությունը:

Միջադեպից դեռ շատ առաջ Թուրքիան պաշտոնապես բազմիցս հայտարարել էր, որ իր համար անընդունելի են Ռուսաստանի գործողությունները Սիրիայում, քրդերին աջակցելը և Ասադի դեմ պայքարող սիրիական ընդդիմության դիրքերին հարվածելը: Անկարան չի թաքցրել, որ խոցելու է ռուսական ինքնաթիռները, որոնք կհատեն թուրքական սահմանը:Այսինքն` թուրքերը վաղուց փորձել են իրենց համար ալիբի ստեղծել: Ուստի պատահական չէ, որ ռուսական ինքնաթիռը կործանելուց անմիջապես հետո Թուրքիայի ղեկավարությունը դիմում է ՆԱՏՕ-ին, այլ ոչ թե շտապում խնդիրը կարգավորել Ռուսաստանի հետ:

Ռուսական արձագանքն, իհարկե, շատ կոշտ պետք է լիներ: Ռուսաստանը սկսեց ամբողջությամբ Թուրքիայի դեմ գործի դնել բոլոր այն խաղաքարտերը, որ ունի` սկսած տնտեսական պատժամիջոցներից վերջացրած Հայոց ցեղասպանության հարցը բարձրաձայնելով: Տպավորություն է, որ 21-րդ դարում դեռ շարունակվում է ռուս-թուրքական դարավոր հակամարտությունը տարածաշրջանում:

Անխուսափելիորեն, այդ հակամարտության ուղղակի կամ անուղղակի մասնակից է նաև Հայաստանը: Մեր երկիրը ՀԱՊԿ-ի անդամ է, որի պայմանագրով անդամ պետություններից որևէ մեկի դեմ հարձակումը համարվում է հարձակում բոլոր անդամ պետությունների դեմ: Դե յուրե ստացվում է, որ Թուրքիան, կործանելով ռուսական ինքնաթիռը, հարձակում է գործել նաև Հայաստանի դեմ: Այնպես որ` մենք անմասն չենք կարող մնալ այս զարգացումներից: Հաշվի առնելով, որ Թուրքիան լիովին թաղվել է ճգնաժամի մեջ` Ռուսաստանի հետ հակամարտությունը և ՆԱՏՕ-ի կողմից ոչ այնքան միանշանակ աջակցությունը էլ ավելի են թուլացնելու Թուրքիայի դիրքերը: Սա անուղղակի ազդելու է նաև Արցախյան հակամարտության վրա` թուլացնելով միաժամանակ Ադրբեջանի դիրքերը:

Սխալ կլիներ այս պահին պնդելը, թե ռուս-թուրքական լարվածությունը կվերածվի լայնամասշտաբ հակամարտության կամ պատերազմի: Ամենայն հավանականությամբ կողմերը աստիճանաբար կթուլացնեն հռետորաբանությունը և կգան ինչ-որ հայտարարի: Սակայն մեկ բան պարզ է: Թուրքիան լիովին ձախողել է մերձավորարևելյան իր քաղաքականությունը և ռուսական ինքնաթիռը կործանելով էլ ավելի վատ վիճակում հայտնվել` քարտ բլանշ տալով ռուսներին ավելի վճռական գործել: Իսկ ՆԱՏՕ-ի դաշնակիցներին Թուրքիան դրել է անհարմար դրության մեջ, ավելի խորացրել այդ դաշինքի ներքին պառակտվածությունը:

Տիգրան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում