Վիլնյուսից երկու տարի անց. ուկրաինական խնդիրն այլևս ակտուալ չէ

Վիլնյուսից երկու տարի անց. ուկրաինական խնդիրն  այլևս ակտուալ չէ

2013թ-ի նոյեմբերի 29-ին Վիլնյուսում ավարտվեց Արևելյան գործընկերության երրորդ գագաթաժողովը, որն ամփոփեց նախորդ չորս տարիներին ծրագրի արձանագրած արդյունքները: Շուրջ երկու տարի է անցել այս իրադարձությունից, սակայն ցայսօր աշխարհն առերեսվում է այն վտանագավոր հետևանքների հետ, որն առաջացել էր Արևելյան գործընկերության որոշ պահանջների կենսագործման հետևանքով:

Արևելյան գործընկերություն ծրագիրը մեկնարկել է 2009թ-ի մայիսի 7-ին Պրահայում կայացած գագաթաժողովով: Այն խանդավառությունն ու ոգևերությունը, որն առկա էր այդ գագաթաժողովին այլևս երբեք չկնրկնվեց գործընկերության մնացած հանդիպումների ժամանակ: Ի սկզբանե եվրոպական կողմն հայտարարում էր, որ այս ծրագիրն ուղղված չէ Ռուսաստանի դեմ: Ծրագիրը նպատակ ուներ առավել խորը հիմքերի վրա դնել ԵՄ-ի համագործակցությունը հիշյալ երկրների հետ ինչպես բազմակողմ, այնպես էլ երկկողմ մեխանիզմների օգնությամբ, որը թույլ կտար շարունակվող բարեփոխումներին զուգընթաց ապահովել ԵՄ-ի հետ տնտեսական և քաղաքական ինտեգրման բարձր ցուցանիշ:

Նախքան ծրագրի մեկնարկը առաջարկ կար նաև ծրագրում ընդգրկել Ռուսաստանին, սակայն ռուսաֆոբ երկները, Լեհաստանի գլխավորությամբ, ոչ միայն դեմ դուրս եկան նման ձեռնարկմանը, այլև ծարգիրը դարձրեցին գործիք` անդամ երկներին դուրս հանելու ՌԴ-ի դեմ: Չնայած հավաստիացումներին, Արևելյան գործընկերությունը ԵՄ-ի կողմից տարածաշրջանում իր ազդեցությունը մեծացնելուն ուղղված վերջին քայլն է, որով ծրագրին մասնակից երկրները հետագայում կանգնեցին եվրոպական կամ եվրասիական ընտրանքի առաջ: Սկսած 2008թ-ից՝ Բրյուսելը չափազանց ակտիվ է տարածաշրջանում` հայտ ներկայացնելով դառնալ տարածաշրջանի նոր գերտերություններից մեկը:

ԵՄ-ի քաղաքականության փոփոխությունները Արևելյան գործընկերության երկրներում ԽՍՀՄ փլուզումից հետո մինչև 2007թ-ն անցել են մի քանի փուլեր: Սկզբնական շրջանում ԵՄ-ն փորձում էր չխախտել դեռևս Սառը պատերազմի տարիներին ձևավորված բաժանարար գծերը, և այս տարածքը դիտարկում էր ՌԴ-ի առանձնահատուկ շահերի գոտի, որի հետ հարաբերությունները կառուցվում էին բավականին զգուշավորությամբ: Սակայն հետագայում ԵՄ-ն աստիճանաբար փորձեց կոտրել այդ կարծրատիպը` հայտ ներկայացնելով՝ դառնալու տարածաշրջանում հիմնական դերակատարներից մեկը:

2003թ-ը կարող ենք ընդունել այս տարածաշրջանում ԵՄ-ի իրականացրած քաղաքականության շրջադարձային կետ, երբ ԵՄ-ն ԵՀՔ և սեփական անվտանգությունն ապահովելու ֆոնով բավականին լուրջ հայտ ներկայացրեց տարածաշրջանում իր կշիռն ու դերակատարությունը բարձրացնելու համար: Սակայն պետք է փաստել, որ այդ քաղաքականությունն իրականացնելիս հաշվի էին նստում ՌԴ-ի հետ` աշխատելով խուսափել բախումնային իրավիճակից: Ընդհանուր առմամբ, ԵՄ-ՌԴ հարաբերություններն այդ ժամանակահատվածում կարող ենք բնութագրել մրցակցային, որտեղ զգուշավորությամբ պահպանվում էին խաղի կանոնները: Այսինքն` կողմերից յուրաքանչյուրը գործում էր լռելյայն ձեռք բերված համաձայնության շրջանակներում:

Սակայն Արևելյան գործընկերությունը խախտեց այդ սկզբունքը ` միտում ունենալով Վիլնյուսի գագաթաժողովում տոնել իր լիակատար հաղթանկը: Բայց այդ մեծ ձեռնարկումը որոշակիորեն տապալվեց Ռուսաստանի կողմից ցուցաբերված հակազդեցությամբ: Մինչ այժմ դժվար է խոսել Վիլնյուսի գագաթաժողովը կամ առհասարակ Արևելյան գործընկերությունը հաղթանա ՞կ, թե ՞ պարտություն էր ԵՄ-ի համար: Կարող ենք վստահ նշել, որ այն աշխարհաքաղաքական մրցակցությունում առավելություն տվեց ԵՄ-ին:  Եթե տարիներ առաջ դժվար կլիներ նույնիսկ մտածել, որ Ռուսաստանի մերձավոր հարևաններն ու նույնիսկ դաշնակից երկրները կարող են պրոարևմտյան քաղաքական կուրս որդեգրել և նույնիսկ պատերազմեն ընդդեմ Ռուսաստանի, ապա այսօր Ուկրաինայի արևելքում շարունակվող, չեմ վախենա նշել ռուս-ուկրաինական պատերազմը, տարածաշրջանային քաղաքական զարգացումների անբաժան մասն է դարձել:

Այո, գուցե ԵՄ-ն չկարողացավ Ուկրաինան ամբողջությամբ վերցնել իր ազդեցության ներքո, բացի այդ սա շարունակական գործընթաց է և վաղ է դեռևս գնահատականներ տալ, թե ինչ չափով, սակայն կտրվեց Մոսկվան Կիևին կապող պորտալարը: Այսօր ՌԴ-ի հարևանությամբ գտնվող երկրներից Մոլդովան, Վրաստանը և Ուկրաինան տնտեսական ավելի խորը կապերի մեջ են մտնելու ԵՄ-ի անդամ երկրների հետ: Այս տեսանկյունից ԵՄ-ն իսկապես հաղթանակ տոնեց, սակայն այն լիարժեք չէ:

Վերջնարդյունքում կարող ենք նշել, որ ԵՄ-ՌԴ այս մրցակցությունից մեծապես տուժեցին Արևելյան գործընկերության մասնակից երկրները, որոնք լավ ապագայի և ավելի կայացած պետականություն ունենալու հույսով, դարձան գերտերությունների կռվանը և մի քանի տարով , եթե ոչ տասնամյակով հետ հետ գցեցին իրենց երկրների զարգացումը: Վիլնյուսից երկու տարի է անցել, սակայն Ուկրաինայում դեռևս արյուն է թափվում, երկիրը գտնվում է ֆինանսա-տնտեսական բարդ իրավիճակում և ամենագլխավորն այնն է, որ դրանք այլևս ոչ ԵՄ-ի ոչ էլ միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում չեն: Միջազգային ահաբեկչության սպառնալիքը, ԵՄ-ի անդամ երկրների ներսում առաջացած միգրացոին ճգնաժամը և Սիրիայում տիրող իրավիճակը երկրորդական պլան են մղել Ուկրաինան և այնտեղ տիրող դրությունը: Ի վերջո ԵՄ-ն կարողացավ անել աներևակայելին, իսկ այժմ նոր մարտահրավերներ կան, որոնց դիմագրավելու համար հնարավոր է անհրաժեշտություն առաջանա համագործակցել նաև Ռուսաստանի հետ: Այս ամենը ևս մեկ օրինակ և դաս է ՀՀ-ի և մնացած փոքր ու տրանզիտային երկրների համար, որ չպետք է դառնալ գերտերությունների մրցակցության հարթակը, քանի որ  այն ամենաթանկ գինն ունի:

Աննա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում