«Հրապարակ». «Գալուստ Գրիգորիչին կամաց թոշակի են ուղարկում»

«Հրապարակ». «Գալուստ Գրիգորիչին կամաց թոշակի են ուղարկում»

Գալուստ Սահակյանը գնալով բրեժնևյան ներկայություն է ապահովում Հայաստանում։ Տևական ժամանակ է՝ մամուլը գրում է, որ սկանդալների առիթ դարձած ԱԺ գործուղումների հարցով զբաղվում է ոչ թե խորհրդարանի խոսնակը, այլ ԱԺ արտաքին կապերի վարչության պետ Վիկտոր Բիյագովը, որին հաջողվել է պատգամավորներին տրամադրել ԱԺ ղեկավարի դեմ, քանի որ արտասահման գործուղումներին ոչ այնքան պատգամավորներին, որքան աշխատակազմի անդամներին է ներգրավում: Իսկ նոյեմբերի 27-ին ՀԱՊԿ 8-րդ խորհրդարանական վեհաժողովին մասնակցելու համար Սանկտ Պետերբուրգ էին մեկնել և ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, և փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, սակայն, չգիտես ինչու, ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինն ընդունել է ոչ թե Գալուստ Սահակյանին, այլ նրա տեղակալ Շարմազանովին։ Այս մասին գրել է «Հրապարակ»-ը:

Թերթի փոխանցմամբ՝ այդ հանդիպման ժամանակ Շարմազանովն իր տեսակետն է արտահայտել նոյեմբերի 24-ին թուրք-սիրիական սահմանին խոցված ռուսական Սու-24 ռմբակոծիչի վերաբերյալ` հայտարարելով, որ Թուրքիան վերջին 100 տարվա ընթացքում չի փոխվել: ԱԺ-ում այս հանդիպումն առիթ է տվել ենթադրությունների, որ Շարմազանովը դուրս է մղել Գրիգորիչին, և ԱԺ նախագահը ձևական է իր պաշտոնում:

ԱԺ հասարակայնության և լրատվության բաժնի պետը թերթի հարցին, թե ինչու Շարմազանովը և ոչ թե Գրիգորիչը, պատասխանել է. «ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինն աշխատանքային հանդիպում է ունեցել ՀԱՊԿ ԽՎ հայկական պատվիրակության ղեկավար էդուարդ Շարմազանովի հետ: ԱԺ նախագահի հանդիպում նախատեսված չի եղել, քանի որ օրակարգում քննարկման ենթակա հարցեր չեն եղել: Առավել եւս, որ ՀՀ ԱԺ նախագահն ու Սերգեյ Նարիշկինը վերջին ամիսներին մի քանի անգամ հանդիպել են: Հավելեմ, որ Սերգեյ Նարիշկինը ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նախագահն է»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում