Դավութօղլուի կառավարությունը մեջլիսում ստացել է վստահության քվեն

Դավութօղլուի կառավարությունը մեջլիսում ստացել է վստահության քվեն

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավար Ահմեդ Դավութօղլուի ղեկավարած 64-րդ կառավարությունը մեջլիսում ստացել է վստահության քվեն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը: Վարչապետ Դավութօղլուի ղեկավարած նախարարական կաբինետի օգտին է 315 պատգամավորը, իսկ ներկաներից 194-ը դեմ են արտահայտվել նոր կառավարությանը:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել էր Դավութօղլուի ներկայացրած 64-րդ կառավարության կազմը, որտեղ նախկին կազմից 18 նախարարներ պահպանել են իրենց պաշտոնները: Նորաստեղծ 64-րդ կառավարությունում տեղ են զբաղեցրել ԱԶԿ-ի կենտրոնական վարչական խորհրդի երեք անդամներ` Բեքիր Բոզդաղը (արդարադատության նախարար), Մևլութ Չավուշօղլուն (արտգործնախարար), Նաջի Աղբալը (ֆինանսների նախարար): Թուրքիայի կառավարության նոր անդամներն են Սեմա Ռամազանօղլուն (ընտանիքի և սոցիալական քաղաքականությունների նախարար), Սուլեյման Սոյլուն (աշխատանքի և ս ոցիալական անվտանգության նախարար), Ֆաթմա Գյուլդեմեթ Սարըն (շրջակայքի և քաղաքաշինության նախարար), Մուստաֆա Էլիթաշը (էկոնոմիկայի նախարար), Բերաթ Աքբայրաքը (էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար), Բյուլենթ Թյուֆենքչին (մաքսային և առևտրի նախարար), Մահիր Ունալը (մշակույթի և զբոսաշրջության նախարար): Թուրքիայի վարչապետի տեղակալների թիվը մեկով ավելացել է: Նոր կառավարությունում փոխվարչապետի պաշտոնները պահպանել են Յալչըն Աքդողանը, Նուման Քուրթուլմուշը եւ Յըլդըրըմ Թուղրուլ Թուրքեշը: Ֆինանսների նախկին նախարար Մեհմեթ Շիմշեքը և տրանսպորտի, ծովագնացության եւ տեղեկատվության նախկին նախարար Լյութֆի Էլվանը նշանակվել են փոխվարչապետների պաշտոններում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում