Ջրային տնտեսության պետական կոմիտեն ամփոփել է տարվա ոռոգման աշխատանքները

Ջրային տնտեսության պետական կոմիտեն ամփոփել է տարվա ոռոգման աշխատանքները

ՀՀ կառավարության 2015թ-ի ապրիլի 22-ի որոշմամբ` ՀՀ ՋՕԸ-ների (ջրօգտագործողների ընկերություն և ՋՕՄ-երի (ջրոգտագործողների միություն) գործունեությունը կանոնակարգող խորհրդի գործադիր մարմնի լիազորությունները վերապահվել են ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեին: Կոմիտեում ստեղծվել է ՋՕԸ-երին աջակցող խումբ: Ինչպես  տեղեկացրին ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի տեղեկատվական կենտրոնից, ջրօգտագործողներին աջակցելու, ինչպես նաև գարնանը գետերի հեղեղումները կանխելու նպատակով, ի տարբերություն 2014թ-ի, 2015թ-ին ՀՀ կառավարության ապրիլի 30-ի արձանագրային որոշման համաձայն, «Սևան-Հրազդանյան-ջրառ» և «Ախուրյան-Արաքս-ջրառ» ՓԲԸ-ները, առանց հասույթ ձևավորելու, մինչև մայիսի 1-ը ոռոգելի աղակալված հողերի լվացման և խոնավալիցք հաղորդելու նպա­տակով մատակարարել են բացառապես ինքնահոս եղանակով հաշվառված ջուր: Մայիսի ընթացքում գետերի վարարումների հետևանքով հեղեղումները կանխելու նպատակով, գետերի վարարումները մայր ջրանցք­ների միջոցով բեռնաթափելու ժամանակ մատակարարել են առաջին ոռոգման ջուրը:

Արդյունքում ընթացիկ տարվա ապրիլի սկզբից մինչև մայիսի առաջին տասնօրյակը հողատարածքներին խոնավալիցք հաղորդելու, աղակալված հողերի լվացումն իրականացնելու նպատակով ինքնահոս համակարգերով անվճար մատակարարվել է շուրջ 61.0 մլն մլն մ3 ոռոգման ջուր` հանրապետության շուրջ 80 հազար հա հողատարածքներին, այդ թվում` 40 հազար հա Արարատյան դաշտում և 40 հազար հա մնացած տարածքներում: Ջրտուքը դաշտում կազմել է շուրջ 34.0 մլն. մ3, որի դիմաց ջրօգտագործողներից շուրջ 370 մլն դրամի հասույթ չի հաշվառվել, ուստի և գանձում չի իրականացվել:

ՀՀ կառավարության 2015թ. hունվարի 30-ի որոշմամբ` Ոռոգման համակարգերի հիմնանորոգման 2015 թվականի ծրագրով հատկացվել է 800.0 մլն ՀՀ դրամ, որի շրջանակներում իրականացվել են պոմպակայանների, խորքային հորերի, ջրանցքների, խողովակաշարերի վերանորոգման և վերականգնման աշխատանքներ: Մասնավորապես, վերականգնվել են Շտրեկի պ/կ-ը Թալինի ջրանցքի վրա, Խոր-Վիրապի պ/կ, Արտաշատի և Դվինի ջրանցքների պ/կ-ները, Երանոսի, Վ. Գետաշենի, Աստղաձորի, Ձթրագյուղի, Ծովինարի պ/կ-ները և Մանասի առու ջրանցքը, Ղարա-Ղալա պ/կ-ը, 37 խորքային հորեր և այլ կառուցվածքներ:

ՀՀ կառավարության 2015 թվականի մայիսի 7-ի որոշման համաձայն, ՀՀ 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ Արմավիրի մարզի Մայիսյան համայնքի տարածքում գտնվող 2 հորատանցքերի վերականգնման համար հատկացվել է 25.0 մլն դրամ: Վերակառուցման աշխատանքների արդյունավետ իրականացման արդյունքում խորքային հորերի փաստացի ջրատվությունը կազմում է 40 և 45 լ/վրկ նախատեսված համապատասխանաբար 25 լ/վրկ և 30 լ/վրկ-ի փոխարեն, որը հնարավորություն է տվել նախատեսված 100 հա-ի փոխարեն ոռոգելի դարձնել 120 հա հողատարածք:

Ակնալճում ջրի դեֆիցիտը մեղմելու նպատակով «Վաղարշապատ» և «Խոյ» ՋՕԸ-երի սպասարկման տարածքներում այդ ընկերությունների ֆինանսական միջոցներով մաքրվել է Կոշ-Ուջան 8 կմ երկարությամբ սելավատարը: Արդյունքում մեղմվել է ջրի դեֆիցիտը, հնարավոր է դարձել մեխանիկական եղանակով մատակարարվող 2.5-3 մլն մ3 ջրածավալը մատակարարել ինքնահոսով՝ տնտեսելով էլեկտրաէներգիայի նպատակով ծախսվող շուրջ 20 մլն ՀՀ դրամ:

ՋՕԸ-երի սպասարկման տարածքներում կադաստրային ոռոգելի հողատարածքները կազմում են շուրջ 200 հազար հա, որից 2015թ-ին փաստացի ոռոգվում է 131.4 հազար հեկտարը, այդ թվում` 47 հազար հա տնամերձ հողեր: 2015թ. ջրօգտագործման պայմանագիր է կնքվել շուրջ 178 հազար ջրօգտագործողի հետ, որոնցով նախատեսվել է ոռոգել 130.9 հազար հա հողատարածք: 2015թ. փաստացի ոռոգվել է 13.4 հազար հա հողատարածք՝ նախատեսվածից 500 հա-ով ավել:

«Ախուրյան-Արաքս-ջրառ» ՓԲԸ-ի կողմից շահագործվող Ախուրյանի ջրամբարից ոռոգման ջուր է մատակարարվում 6 ՋՕԸ-երի շուրջ 30 հազար հա հողատարածքներին: Ոռոգման ջրապահանջը 2015թ-ի համար կազմել է 380 մլն մ3, 310 մլն մ3 ջրառաջարկի դիմաց: Ջրի դեֆիցիտը կազմել է 70 մլն մ3, դաշտում՝ ջրտուքի մասով 40 մլն մ3: Ոռոգման ջրի դեֆիցիտը լրացվել է ջրի ներքին տեղաշարժերի, ինչպես նաև Ախուրյանի ջրամբարի և Արաքս գետի ջրի բաշխման նպատակով գործող միջպետական հանձնաժողովի հայանպաստ բանակցությունների արդյունքում՝ 50/50 համամասնության դեպքում Հայ աստանի Հանրապետությունը ավել է վերցրել շուրջ 70 մլն մ3 ջուր, ինչը դեֆիցիտի մեղմման ընթացքում վերականգնվել է:

2015թ. «Սևան-Հրազդանյան-ջրառ» ՓԲԸ-ն իրականացրել է շուրջ 481 մլն մ3 ջրառ, որի դիմաց 320 մլն մ3 ջրտուք, իսկ 2014թ-ին՝ համապատասխանաբար շուրջ 560 մլն մ3 և 353 մլն մ3: Նախորդ տարվա համեմատ 79 մլն մ3–ով պակաս ջրառի պարագայում, ոռոգման գործընթացի արդյունավետ կազմակերպման արդյունքում, ջրտուքը դաշտում կազմել է 66.2%՝ 2014թ-ի 63%-ի փոխարեն:

Ոռոգման ջրի հաշվառումն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով 2015թ-ի ընթացքում ոռոգման համակարգերի հանգուցային 83 կետերում տեղադրվել են ժամանակակից ջրաչափեր, որոնց շահագործումը հնարավորություն է տալիս ջրաքանակների հոսքի նկատմամբ իրականացնել ամենօրյա առցանց հսկողություն: Ջրաչափերի տեղադրումն իրականացվում է ջրամբարների մուտքամասերում, ելքամասերում (Արփի լճի, Ախուրյանի, Մարմարիկի, Ապարանի և Ազատի ջրամբարների 9 դիտակետերում նախատեսված է տեղադրել ռադարային մակարդակաչափեր), մայր ջրանցքների գլխամասերում, դրանց բաժանարարներում և այլ հանգուցային կետերում: Նախատեսված 83 կետերից ջրաչափեր արդեն իսկ տեղադրված են ընդհանուր հաշվով 79-ում: Ջրակորուստների կրճատման ուղղությամբ իրականացվող միջոցառումներից են նաև ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի մասնագետների կողմից իրականացվող գիշերային և ցերեկային ստուգումները ու ջրաչափությունները:

Ընթացիկ տարվա ոռոգման շրջանում ջրի պաշարների և ջրապահանջարկի, ինչպես նաև ջրօգտագործողների արձագանքների վերլուծությունը փաստում է, որ ջրօգտագործողների կողմից հայտերով ներկայացված ջրապահանջը հիմնականում բավարարվել է, հանրապետության բոլոր շրջաններում ապահովվել է ոռոգման կայուն և բնականոն ջրամատակարարում:

Անբարենպաստ եղանակային պայմանների (օգոստոս և սեպտեմբեր ամիսներին հանրապետության որոշ տարածքներում օդի ջերմաստիճանը հասել է 39-42 C°-ի) պարագայում առկա ջրային պաշարների արդյունավետ բաշխման, ոռոգման ջրամատակարարում իրականացնող կազմակերպությունների հետ ամենօրյա օպերատիվ աշխատանքի, ոռոգման համակարգերի ճիշտ կառավարման արդյունքում ոռոգման ջրառի ծավալներն անցած տարիների համեմատ պակասել են, սակայն դաշտում ոռոգման ջրի մատակարարման արդյունավետությունը բարձրացել է:

Ընթացիկ տարում ստացվել է գյուղատնտեսական մշակաբույսերի աննախադեպ բերքատվություն: 2015 թվականի ոռոգման շրջանի արդյունավետության մասին է վկայում նաև ոռոգման շրջանում ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի Թեժ գծով ստացված բողոքների քանակի և բովանդակության վերլուծությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում