Դեմիրթաշը թուրք իրավաբան Էլչիի սպանության հետևում ոստիկանությանն է տեսնում

Դեմիրթաշը թուրք իրավաբան Էլչիի սպանության հետևում ոստիկանությանն է տեսնում

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը հայտարարել է, որ թուրք հայտի իրավաբան Թահիր Էլչին զոհվել է ոստիկանական հրացանից արձակված կրակոցի հետևանքով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:

Հիշեցնելով, որ Էլչին բազմիցս թիրախավորվել է պետական պաշտոնյաների ու ազգայնականների կողմից՝ Դեմիրթաշն ասել է. «Այդ րոպեին այդ փողոցում ոստիկանությունից բացի ոչ ոք չէր կրակում: Փամփուշտը ոստիկանության զենքից է դուրս եկել, դա հստակ է: Սակայն դեռևս չգիտենք, թե որ ոստիկանի կողմից է արձակվել կրակն ու ինչ պատճառով»:

Քրդամետ կուսակցության առաջնորդն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Էլչիի վրա արձակված կրակոցից հետո պարկուճն անհետացել է: «Եթե պարկուճը գտնվեր, կհստակեցվեր, թե ով է սպանել Էլչիին»,- նշել է Դեմիրթաշը:

Թահիր Էլչիի սպանության հետ կապված զեկույց է հրապարակել քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությունը՝ նշելով, որ հանցագործության վայրը, որտեղ դեռևս կարող են սպանության շատ ապացույցներ լինել, անցորդների ոտքի տակ է, և չկա մեկը, ով կվերահսկեր այդ տարածքը:

Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Սուր գավառում լրագրողների մոտ հայտարարություն անող Դիարբեքիրի իրավաբանների միության ղեկավար, իրավաբան Թահիր Էլչին նոյեմբերի 28-ին զոհվել է այդ տարածքում հնչած կրակոցներից: Թուրքիայի ժամանակով 11.00-ին Թահիր Էլչին լրագրողների համար հայտարարություն անելիս է եղել, երբ անհայտ անձինք հայտնվել են և սկսել կրակել: Փամփուշտներից մեկը դիպչել է Էլչիի գլխին, ինչի հետևանքով նա մահացել է: Զոհվել է նաև մեկ ոստիկան, իսկ երեք ոստիկան էլ վիրավորվել են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում