Ալիեւն անձամբ է վերահսկում Նարդարանում ներքին զորքերի հատուկ գործողությունը

Ալիեւն անձամբ է վերահսկում Նարդարանում ներքին զորքերի հատուկ գործողությունը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հրամանով եւ անձնական վերահսկողությամբ՝ ՆԳՆ ներքին զորքերն այսօր ժամը 08:00-ին հատուկ գործողություններ են սկսել Բաքվից մոտ 30 կմ հեռավորության վրա գտնվող և ադրբեջանցի շիաների կենտրոնը համարվող Նարդարան ավանում` նպատակ հետապնդելով կարգ ու կանոն հաստատել ավանում եւ բնակիչներից առգրավել զենք, պայթուցիկներ եւ պայթող սարքավորումներ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, հատուկ գործողություն անցկացնող ուժերին դիմադրություն ցույց տվող անձանց նկատմամբ անմիջապես պետք է լուրջ միջոցառումներ կիրառվեն:

Նարդարան ավանը բոլոր կողմերից շրջապատված է իրավապահ մարմինների կողմից, ներքին զերքերի զինվորները պարեկություն են անում ավանի բոլոր փողոցներում: Ավանի շուրջը հատուկ ռազմական տեխնիկա է տեղակայվել:

Նարդարանի ավագանու խորհրդի նախագահ Նաթիգ Քերիմովը «Թրենդ»-ին հայտնել է, որ ներկայում ավանում են գտնվում ներքին զորքերի, ՆԳՆ-ի աշխատակիցներն ու ոստիկանությունը, ոչ մեկին թույլ չեն տալիս դուրս գալ տանից, դրսի հետ կապ չունեն, անջատվել է նաեւ հեռախոսակապը:

Նշվում է, որ Նարդարան ներքին զորքեր մտցվելու պատճառը բնակիչների կողմից Մաշտաղա-Նարդարան մայրուղին փակելն է: Ակցիայի մասնակիցները պահանջում են վերադարձնել նախօրեին ոստիկանության հետ բախումների ժամանակ սպանված 5 բնակիչների դիակները: Նաթիգ Քերիմովը կասկած է հայտնել, որ հնարավոր է` նախօրեին զոհված բնակիչների դիակները ուժայինները գաղտնի կերպով հուղարկավորեն ավանում:

Նոյեմբերի 27-ի կեսօրին նամազի ժամանակ իրավապահները ներխուժել են Նարդարանի շիական «Իմամ Հուսեին» մզկիթ, հայհոյանքներ տեղացել այնտեղ գտնվողների հասցեին, բռնություններ գործադրելով ձերբակալել Ադրբեջանի շիաների առաջնորդ Թալե Բաղըրզդեին եւ եւս 14 հավատացյալների: Ոստիկանների գործողությունները զայրացրել են Նարդարանի բնակիչներին: Նրանց եւ ոստիկանության միջեւ բախումներ են սկսվել: Փոխհրաձգությունների հետեւանքով երկու ոստիկան եւ 5 բնակիչ սպանվել են: Հաջորդ օրերին իսլամիստների եւ ոստիկանության միջեւ բախումներ են սկսվել նաեւ Գյանջայում, Լենքորանում եւ այլ քաղաքներում:

Ադրբեջանի ՆԳՆ-ն եւ գլխավոր դատախազությունը միջադեպի առնչությամբ հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ ավանի շիա առաջնորդները ծրագում են բռնությամբ փոխել սահմանադրական կարգը եւ երկրում շարիաթի նոր օրենքներ մտցնել, ինչի նպատակով նրանք ստեղծել են «Մուսուլմանական միասնություն» անվամբ շարժում, սկսել են իրենց կողմնակիցներ հավաքագրել Բաքվում եւ երկրի շրջաններում եւ մատակարարել նրանց զենքով եւ պայթուցիկ նյութերով:

«Բացի այդ խումբը Նարդարան ավանում անօրինական հավաք է անցկացրել` քննարկելով իշխանությանն անհնազանդության ակցիայի կազմակերպում եւ թռուցիկներ բաժանել բնակչությանը եւ որոշել է պետական չինովնիկների ցուցակը, որոնց դեմ ահաբեկչական գործողություներ էր նախապատրաստվում», -նշվել էր հայտարարության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում