Սիրիայում գործող կոալիցիային բրիտանական օդուժի միանալու շուրջ քվեարկությունը կկայանա դեկտեմբերի 2-ին

Սիրիայում գործող կոալիցիային բրիտանական օդուժի միանալու շուրջ քվեարկությունը կկայանա դեկտեմբերի 2-ին

Սիրիայում ԻՊ-ի դեմ միջազգային կոալիցիայի գործողությանը բրիտանական օդուժի հնարավոր մասնակցության հարցի շուրջ քվեարկությունը Մեծ Բրիտանիայի խորհրդարանում կկայանա դեկտեմբերի 2-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է երկրի վարչապետ Դեւիդ Քեմերոնը:

Նրա խոսքով՝ նույն օրը խորհրդարանում մեկօրյա բանավեճեր կանցկացվեն հնարավոր ռմբակոծումների սկսման հարցի շուրջ: Ավելի վաղ ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինը Քեներոնից պահանջել էր կազմակերպել նախաձեռնության երկօրյա քննարկում:

Քեմերոնը հայտնել է, թե իր կարծիքով, «խորհրդարանի ավելի ու ավելի մեծ թվով պատգամավորներ են» այժմ հանդես գալիս ոչ միայն Իրաքում, այլեւ Սիրիայում ԻՊ-ի ռմբակոծման օգտին:

Վարչապետը նաեւ ընդգծել է, որ Սիրիայում միջազգային կոալիցիայի գործողությանը մասնակցելը Միացյալ Թագավորության «ազգային շահերից է բխում», քանի որ ԻՊ-ի գոյությունը «սպառնալիք է երկրի համար»:

Բրիտանական խորհրդարանը 2014 թվականի սեպտեմբերին արտոնել է ԻՊ-ի դիրքերի ռմբակոծումները միայն Իրաքում: Պատգամավորների կողմից ընդունված փաստաթուղթը չԷր նախատեսում այդ խմբավորման զինյալներին հարվածներ հասցնել Սիրիայի տարածքում, ինչպես նաեւ Միացյալ Թագավորության ցամաքային զորքեր ուղարկել հակամարտության գոտի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում